Արցախի թեմի վերակազմավորման 30-ամյակին նվիրված «Սպիտակ խաչի պաշտպանը» փաստավավերագրական ֆիլմի նկարահանումները բուռն ընթացքի մեջ են: Նախագծի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր պրոդյուսեր Էդգար Այվազյանը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է նկարահանումների ընթացքի, ֆիլմի առանձնահատկությունների եւ այն մի քանի լեզուներով թարգմանելու կարեւորության մասին:
- Էդգար, կներկայացնե՞ք՝ ինչի մասին է պատմելու ֆիլմը:
- «Սպիտակ խաչի պաշտպանը» նվիրված է Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին: Ֆիլմում ներկայացված է Պարգեւ սրբազանի անցած ճանապարհը, որից, իհարկե, անմասն չեն կարող մնալ նաեւ Արցախի պատմությունը կերտած մարդիկ: Բոլոր նրանք, ովքեր ընդգրկված են ֆիլմում, միաձայն փաստում են՝ սրբազանն Արցախի խորհրդանիշերից մեկն է, քանի որ նրա գալստից հետո այն զարթոնք ապրեց:
Նրան մեծ դժվարությամբ ենք համոզել, որ իր մասին ֆիլմ նկարահանենք, բայց ի վերջո ստացվեց, եւ սկսեցինք աշխատել: Մոտ մեկ ամիս նկարահանումներ իրականացրինք Ստեփանակերտում, Շուշիում, Գանձասարում, Դադիվանքում, նաեւ՝ Երեւանում: Ֆիլմի աշխարհագրությունը բավական ընդգրկուն է, քանի որ կան մարդիկ, ովքեր Պարգեւ սրբազանի հետ ճանապարհ են անցել, Արցախյան գոյամարտում մեծ ներդրում ունեցել, բայց կյանքի բերումով այժմ հայրենիքում չեն. մենք չէինք կարող չանդրադառնալ նաեւ նրանց, այդ իսկ պատճառով նկարահանումներ կունենանք այն երկրներում, որտեղ ապրում են այդ մարդիկ՝ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Իսրայելում, Ռուսաստանում, Չեխիայում:
Ֆիլմի ռեժիսորը Մանանա Հակոբյանն է, իսկ երաժշտության հեղինակը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գեւորգյանը:
«Սպիտակ խաչի պաշտպանը» ֆիլմի նկարահանումներին
- Բավական մասշտաբային նախագիծ եք իրականացնում, նման ֆիլմ նկարահանելու համար ֆինանսավորում գտնելը խնդրահարո՞ւյց էր:
- Քանի որ ֆիլմի գլխավոր պրոդյուսերն եմ, ֆինանսական պատասխանատվությունը հենց իմ ուսերին է, եւ պետք է ասեմ՝ ոչ. մենք շատ լավ գործընկերներ ունենք Հայաստանից եւ արտերկրից, նշեմ նաեւ, որ ֆիլմն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի բարձր հովանու ներքո է:
Գիտեք, Պարգեւ սրբազանն այնքան լուսավոր է, որ մեր աշխատանքները շատ հեշտ եւ հարթ են ընթանում ամեն առումով:
- Նկատելի է, որ այժմ արցախյան թեմայով ավելի շատ ֆիլմեր են նկարահանվում. ո՞րն է լինելու «Սպիտակ խաչի պաշտպանը» ֆիլմի առանձնահատկությունը:
- Այո, իսկապես վերջերս Արցախի մասին բավական որակյալ ֆիլմեր են նկարահանվում, որոնք հիմնականում պատմում են Արցախի, արցախյան շարժման մասին, իսկ այս ֆիլմը մեր կրոնի եւ հավատքի մասին է, որի մեջ, իհարկե, ամփոփված է նաեւ պատմությունը: Վստահ եմ, որ այս ֆիլմով կլրացնենք նաեւ երիտասարդների գիտելիքների մի փոքր բացը մեր կրոնի, եկեղեցու եւ, իհարկե, Արցախի պատմության մասին:
Կներկայացվի «Սպիտակ խաչի պաշտպանը» ֆիլմը
Մի շատ կարեւոր առանձնահատկություն եւս կցանկանամ նշել. այս ֆիլմում մենք համախմբել ենք արցախյան հերոսներին: Նրանք համավարակի այս դժվար ժամանակաշրջանում պատրաստակամ էին մասնակցել նկարահանումներին: Չեմ կարող նկարագրել, թե ինչ մթնոլորտ էր նկարահանման հրապարակում, երբ մեր հերոսները Գանձասարի դաշտերում պառկած հիշում էին մարտի օրերը:
-Կա՞ միտք ֆիլմը հասանելի դարձնել նաեւ օտարազգիների համար:
- Միանշանակ, արդեն որոշված է, որ ֆիլմը թարգմանվելու է ֆրանսերեն եւ անգլերեն, քանի որ պրեմիերաներ ենք ունենալու ե՛ւ Ֆրանսիայում, ե՛ւ Լոս Անջելեսում: Եվ գիտեք, սա արվում է ոչ միայն օտարերկրացիների, այլեւ հայերի համար, ովքեր գուցե մայրենի լեզվին այնքան էլ լավ չեն տիրապետում:
- Խոսեցիք պրեմիերայի մասին. ե՞րբ եք պլանավորում ներկայացնել «Սպիտակ խաչի պաշտպանը» ֆիլմը հանդիսատեսին:
- Նկարահանումները սկսել ենք հունիսին եւ պատրաստվում ենք ավարտին հասցնել արդեն տարվա վերջին, այսինքն՝ նոյեմբեր կամ դեկտեմբեր ամիսներին ֆիլմի պրեմիերան կլինի Ստեփանակերտում եւ Երեւանում, իսկ Ֆրանսիայի եւ Լոս Անջելեսի պրեմիերաներն, ամենային հավանականությամբ, տեղի կունենան 2021-ի գարնանը:
«Սպիտակ խաչի պաշտպանը» ֆիլմի նկարահանումներին
- Ֆիլմը կունենա՞ հեռուստատեսային հեռարձակում:
- Իհարկե, մենք համագործակցում ենք Արցախի հանրային հեռուստաընկերության հետ եւ ակնկալում ենք, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը եւս կհեռարձակի «Սպիտակ խաչի պաշտպանը» ֆիլմը:
Զրուցեց Էլեն Աղաջանյանը/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Էդգար Այվազյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: