×


««5 րոպե արվեստը» 5 րոպեում չծնվեց». Գոհար Գասպարյանը եւ Նարեկ Վանը նոր հաղորդում ունեն

Արվեստասերներին Առաջին ալիքի եթերում անակնկալ է սպասվում. այսօրվանից ցուցադրվելու է «5 րոպե արվեստ» նախագիծը՝ ֆիլմաշար, որը պատմում է Հայաստանում ապրող եւ ստեղծագործող արվեստագետների մասին: Նախագծի համահեղինակ Գոհար Գասպարյանը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է ծրագրի նշանակության, ընտրված արվեստագետների եւ այս անգամ ռեժիսորի դերում լինելու պատասխանատվության մասին:

- Գոհա՛ր, ինչպե՞ս առաջացավ «5 րոպե արվեստ» ֆիլմաշարի գաղափարը:

- «5 րոպե արվեստն», իհարկե, 5 րոպեում չծնվեց։ Ես ու ամուսինս՝ Նարեկ Վանը, 2018-ին նախաձեռնեցինք «Հայրենեան» մշակութային ճանաչողական հեռուստանախագիծը, որի 3-րդ եթերաշրջանն իրենից մշակութային գունապնակ է ներկայացնում՝ անդրադառնալով անցյալի եւ ներկայի արվեստագետներին։ Նկարահանումների ընթացքում հայտնվելով տարբեր արվեստանոցներում, ունենալով այսօրվա արվեստի բնագավառում ծագող խնդիրների մասին զրույցներ՝ հասկացանք, որ մերօրյա նկարիչները, քանդակագործները կարծես դուրս են մնացել եթերից ու ժողովրդականություն վայելելուց։ Այնինչ, Հայաստանի ներսում ունենք հրաշալի ու տաղանդաշատ մարդիկ, ովքեր սովորաբար լուռ են ստեղծագործում եւ ցավալիորեն մնում են ուշադրությունից դուրս։ Մեդիան այս առումով շատ անելիք ունի։ Ցավոք սրտի, մեծամասնությունը կենտրոնացել է քաղաքական անցուդարձի ու ինտրիգների վրա՝ մոռանալով, որ կա շատ ավելի ազնիվ, հետաքրքիր ու գեղագիտական երեւույթ, որի մասին նույնպես կարելի է պատմել, քննարկել, ճանաչել՝ արվեստը, կերպարվեստը, որը ներքին երկխոսության մեջ է մտնում յուրաքանչյուրի հետ։ Հատուկենտ հաղորդաշարեր կան այսօրվա եթերում, որ անդրադառնում են կերպարվեստին, եւ ցավոք, դա արվում է փոքր-ինչ հնացած ձեւաչափով։ Մենք ուզեցինք ստեղծել հատուկ նախագիծ, որը կլինի այսօրվա միջազգային ձեւաչափերին համապատասխան, եւ դա արեցինք մեր նորաստեղծ ընկերության՝ «Թիվ 405»-ի միջոցով։

Քանդակագործ Արա Ալեքյանը, Գոհար Գասպարյանը եւ Նարեկ Վանը


- Ինչո՞ւ ընտրվեց ֆիլմերի 5 րոպե տեւողությունը:

- Աշխարհը շատ արագ է պտտվում, այսօր օրերը շատ արագ են թռչում։ Այդ արագության մեջ մարդը կարիք ունի հաղորդակցվելու արվեստի հետ, ճանաչելու ներկայի ստեղծագործողներին։ Օրվա մեջ տրամադրել 5 րոպե արվեստին շատ հեշտ է, համացանցի պարագայում՝ հեշտից էլ հեշտ։ Աշխատանքի վայրում՝ ընդմիջմանը, կամ տրանսպորտի մեջ դու կարող ես դիտել 5 րոպե արվեստ եւ օրվա գեղագիտության չափաբաժինդ ստանալ։ Սա արվեստաբանական ծրագիր չէ, որ մանրամասներ լինեն, լուրջ քննարկումներ, սա մեծ մարդկանց կարճ պատմություններն են, որոնց միակ նպատակը հետեւյալն է՝ ծանոթանալ ու  հաղորդակցվել մեր կողքին ստեղծվող արվեստին։ Նախագծի վերնագիրն էլ մտքումս ծագեց անմիջապես, հենց սկսեցի թղթին հանձնել ձեւաչափը։ Այն պարզ է ու կոնկրետ։

- Իսկ ի՞նչ սկզբունքով է կատարվել արվեստագետների ընտրությունը, որոնց անդրադարձել եք:

- Նախ որոշեցինք այս եթերաշրջանում կենտրոնանալ միայն նկարիչների  եւ քանդակագործների վրա։ Ուսումնասիրելով դաշտն՝ իմացանք, որ նրանց թիվը անցնում է 3000-ը։ Ուստի որոշեցինք սկսել վերջին շրջանում ստեղծագործական ակտիվություն ցուցաբերած, ժանրային առումով իրարից տարբեր, ավագ եւ երիտասարդ սերնդի կին եւ տղամարդ ստեղծագործողների։ Նաեւ կարեւոր է, որ նույն դեմքերը չկրկնվեն այլ ծրագրերում, որպեսզի հնարավորինս շատ մարդկանց կարողանանք ընդգրկել։ Նախագծի առաջարկն արեցինք Առաջին ալիքին, եւ սիրով ընդունվեց, քանի որ լրջագույն գործ է արվում՝ վավերագրվում է այսօրվա արվեստը։ Մի բան, որ անհրաժեշտ է անել պետական մակարդակով։ Լավ կլիներ՝ պետական թանգարաններն էլ իրենց հերթին զբաղվեին այդ գործով։ Հուսով եմ՝ մեր նախագիծը կլինի շարունակական եւ մենք էլ ավելի շատ արվեստագետների կհասցնենք վավերագրել։

Գոհար Գասպարյանը


- Նախագծում ո՞րն է Ձեր դերը եւ առհասարակ, ի՞նչ թիմ է աշխատում։

- Քանի որ հեռուստաֆիլմերը կարճ են, փոքր խմբով ենք ստեղծագործում։ Նարեկը նախագծի պրոդյուսերն է. բոլոր հարցերն ինքն է կարգավորում։ Ես այս անգամ հանձն առա ռեժիսորի աշխատանքը։ Շատ պատասխանատու է, բայց հանգիստ եմ այս որոշումը կայացրել, որովհետեւ հեռուստատեսային աշխարհի 24 տարվա, որից միջազգայինը՝ 13 տարվա, հսկա փորձս ինձ թույլ է տալիս զբաղվել ուզածս աշխատանքով, հատկապես, երբ ամբողջովին պատկերացնում ես ու գիտես իրականացնելու ամեն մանրուք։ Կարեւորը շրջապատես քեզ նույնքան պրոֆեսիոնալ մարդկանցով։ Համագործակցում ենք լավագույն օպերատորներից մեկի՝ Միհրան Ստեփանյանի, ինչպես նաեւ՝ իր գործի գիտակ Աշոտ Մկրտչյանի մոնտաժային ստուդիայի հետ։ Կարեւորը՝ բոլորս սիրում ենք արվեստը, ամեն ֆիլմը պատրաստելիս հիանում ենք ու մեծ սիրով ենք աշխատում։

- Ի՞նչ սպասումներ ունեք նախագծից։

- Շատ սիրուն ու ճաշակով ենք նկարել։ Չի լինելու հարակից ձայն կամ վարող, հնչելու է միայն արտիստի ձայնը։ Տեսնելու ենք իր ստեղծագործական ընթացքն ու արվեստի գործերը։ Շատերը ոգեւորվելու են, ուզելու են իրենք էլ ստեղծագործել, մյուսներն անպայման այցելելու են ցուցասրահներ, այլ կերպ են հասկանալու արվեստի ասելիքը։ Եվ ուրախ ենք, որ բացի հեռուստաեթերից, կան նաեւ սոցցանցեր, ուր կկիսվենք մեր ընկերների հետ ոչ թե միայն բացասական նյութերով կամ ձանձրացնող նույն դեմքերով, այլ նոր, իրական ու գեղագիտական բովանդակությամբ։  

«5 րոպե արվեստ» ֆիլմաշարի նկարահանումներին


- Ե՞րբ հեռուստադիտողը հնարավորություն կունենա դիտել ֆիլմերը եւ ի՞նչ հաճախականությամբ։

- «5 րոպե արվեստն» Առաջին ալիքի եթերում կլինի երեքշաբթիից-ուրբաթ, ժամը՝ 16։50-ին, կրկնությունը հաջորդ օրը՝ 12։50-ին։ Բնականաբար, յուրաքանչյուր հեռուստաֆիլմ կհայտնվի Առաջին ալիքի յութուբյան էջում, որպեսզի էլ ավելի լայն շրջանակներ կարողանան դիտել։

Զրուցեց Էլեն Աղաջանյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Գոհար Գասպարյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին