×


«Դեպի ներս»․Նաիրա Եդիգարյանի մնջախաղը՝ փարաջանովյան հարկի տակ

Սերգեյ Փարաջանովի թանգարանի բակն այս օրերին վերածվել է թատերական ինքնատիպ հարթակի, որտեղ ցուցադրվում են Երեւանի մնջախաղի պետական թատրոնի նոր ներկայացումները։ Այստեղ էտեղի ունեցել նաեւ «Դեպի ներս» ներկայացման առաջնախաղը, որի գլխավոր դերակատարն ու բեմադրիչը թատրոնի դերասանուհի Նաիրա Եդիգարյանն է։ Նա, ինչպես պարզվում է, իր գրական ստեղծագործության հիման վրա էլ հեղինակել է թատերական նոր գործը։ BRAVO.am-ը ներկա է եղել պրեմիերային, լուսանկարել է հետաքրքիր դրվագները, ինչպես նաեւետնաբեմում զրուցել Նաիրա Եդիգարյանի հետ։

Ինքնակեղեքման միտքը՝ որպես աստվածայինին ձգտելու, ինքդ քեզ վերագտնելու, կյանքի իմաստն ըմբռնելու ճանապարհ․ այսպես կարելի է բնութագրել նոր ներկայացման հիմնական գաղափարը, որը մտածելու եւսեփական խոհերի հետ միայնակ մնալու տեղիք է տալիս դերասանուհու խաղին հետեւող հանդիսատեսին։ Ներկաների եւ դերակատարի միջեւ ձեւավորվում է աներեւույթ մի երկխոսություն, որում յուրաքանչյուրն իր ասելիքն ու դերն ունի։

«Դեպի ներս» ներկայացման պրեմիերային


Ըստ սյուժեի՝ կին գայլը չգիտի՝ գայլից է մարդու վերածվել, թե մարդուց գայլի. այնքան վաղուց է կորցրել սեփական դեմքը, որ մտածում է՝ արժանի չէ նույնիսկ իր բաժին լույսին։ Ինքնամաքրման ճանապարհի որոնումները տարբեր են, մինչեւ իսկ սեփական դահիճը դառնալու փորձը։ Բայց պետք է գնալ դեպի ներս, ամեն ինչ սկսել նորից, հաշտվել ինքդ քեզ հետ, բաց չթողնել քո լույսը եւ ապրել...

Բեմի նկարչական ձեւավորումն իրականացրել ենՀՀ վաստակավոր նկարիչ Անժելա Գալստյանն ու Աղասի Մելքոնյանը։ Հենց նրանց աշխատանքի շնորհիվ էլ փարաջանովյան հարկի տակ ստեղծվել էր այն անկեղծ ու մտերմիկ միջավայրը, որտեղ բոլոր ներկաները միմյանց հետ խոսում էին մնջախաղի լեզվով։ Մեզ հետ զրույցում Նաիրա Եդիգարյանը պատմեց, որ ներկայացման գաղափարն իր մտորումներում է եղել մոտ երեք տարի։ Ամեն ինչ սկսվել է այն ընթացքում, երբ որոշել է գրել իր նոր՝ «Մեռնել սեփական պատրանքներում» վեպը։ Ասում է՝ ամեն տողից, ամեն բառից կամ կյանքում շրջադարձային ինչ-որ իրողությունից կարող է ծնվել ներկայացման միտքը։

«Դեպի ներս» ներկայացման պրեմիերային


«Կարծում եմ՝ բոլորին հուզող թեմա էր դեպի իրենց ներսը թափանցելն ու եւս մեկ անգամ վերագտնելը, թե ինչի համար են ապրում, ինչի համար է տրված այս կյանքը, ինչ պատկերացումներ ունեն դրա մասին։ Ինձ մշտապես անհանգստացնող թեմա է։ Հոգեբանական, մի քիչ փիլիսոփայական գաղափարներով փորձել եմ ներկայացնել կյանքի եւ ապրելու իմաստի մասին իմ խոհերը։ Ես կարծես թե շատ եմ մտածում այդ թեմաների շուրջ, թեեւ կյանքում դա խանգարում է ինձ ապրել, չգիտեմ՝ ինչու»,- անկեղծանում է դերասանուհին։

Ներկայացման ավարտին հանդիսատեսին դիմեց Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը՝ նշելով, որ «Դեպի ներս»-ի պրեմիերան պիտի կայանար օգոստոսի 5-ին՝ «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի շրջանակում, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով այն չեղարկվել է:

«Դեպի ներս» ներկայացման պրեմիերային


«Մենք էլ, օգտվելով այս հիանալի հնարավորությունից, որ Փարաջանովի թանգարանը սիրով մեզ ընդունեց իր հարկի տակ, փորձեցինք մեր գաղափարներն այս բացօթյա ցուցադրությունների շրջանակում իրականացնել։ Այդպիսով «Դեպի ներս» ներկայացման պրեմիերան կազմակերպեցինք հենց այստեղ, ինչի համար շատ ուրախ եմ թե՛ Նառայի,եւ թե՛ բոլորիս համար»,- ասաց Դադասյանը։ Այդ մասին Նաիրա Եդիգարյանը մեր զրույցում նաեւ հավելեց, որ մինչեւ թատրոնի բացվելը հենց իր տանն է ներկայացման փորձերն արել։

Նրանից հետաքրքրվեցինք՝ արդյոք «Դեպի ներսը» կրկին ցուցադրվելու է նույն տարածքում եւ նույն ձեւաչափով, դերասանուհին ասաց, որ իր ցանկությունը հենց դա է․«Կուզեմ էլի խաղալ, որովհետեւ ներկայացումը խաղալու ընթացքում է ձեռք բերում իր համար կարեւոր նոր որակներ, ավելի ու ավելի քոնն է դառնում։ Սա պրեմիերա էր, բայց բնականաբար, մի քանի խաղից հետո կփոխակերպվի։ Կարծում եմ՝ այս անգամ էլ ինչ-որ չափով կարողացա արտահայտել միտքս ու զգացածս (ժպտում է,- հեղ․)»։

Նաիրա Եդիգարյանը


Մինչ հստակ կլինի «Դեպի ներս» ներկայացման հետագա ճակատագիրը, Սերգեյ Փարաջանովի թանգարանի բակում սեպտեմբերի 27-ին նախատեսվում է Մնջախաղի թատրոնի այս ամսվա վերջին ներկայացումը՝ «Վերադարձը», որում ընդգրկված է լինելու թատրոնի գրեթե ողջ դերասանական անձնակազմը։ Եթե չեք ուզում բաց թողնել արվեստի ու մշակույթի այդ ինքնատիպ մթնոլորտում գտնվելու հնարավորությունը, ապա այս ցուցադրությունը հենց դրա համար է:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Շաքե Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին