×


Լուսանկարը՝ Հայկ Մանուկյան/Արմենպրես

«Ազգայինը նաեւ արդիական է». հրապարակվել է «Հայ ազգային ավանդական տոներ» գրքույկը

Հայկական ազգային տոների տարեկան շրջապտույտն ամփոփող ուղեցույց-գրքույկ է հրապարակվել «Ազգային-ավանդական տոնացույցը երիտասարդների մատուցմամբ» խորագրով ծրագրի շրջանակում:

Շնորհանդեսին Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը նշել է, որ գաղափարն առաջացել է Գեղարդում եւ Գառնիում՝ ԵԱԴ-ի կողմից ավանդաբար կազմակերպվող Վարդավառ փառատոնի ընթացքում, որին ամեն տարի մասնակցում են տարբեր մարզերի, Սփյուռքի բազմաթիվ երիտասարդներ:

Ատոմ Մխիթարյանը


Ըստ նրա՝ ազգային ավանդույթների պահպանության համար երիտասարդները չունեն անհրաժեշտ գիտելիքներ, ինչի պատճառով էլ ձգտում են նշել օտարածին տոներ կամ՝ աղավաղում սեփականը:

«Շատ երիտասարդների համար Արեւմուտքը դարձել է ընդօրինակման առարկա։ Փոխարենը մեր ազգային ինքնության մասը կազմող շատ արժեքներ մոռացվում են կամ աղավաղվում։ Ուղեցույց-գրքույկի մշակումն ու հրատարակումը կարեւոր խթան է հանդիսանալու շատերի համար՝ վերադառնալու ազգային արմատներին, դրանք վերաիմաստավորելու եւ, վերջապես, ամենօրյա կյանքում կիրառելու։ Տոները պատշաճ որակով նախապատրաստելուն եւ ինչպես հարկն է կազմակերպելուն ուղղված այս հրատարակությունը գալու է նախ ուսուցանելու, դաստիարակելու մեր երիտասարդներին, բոլորին ցույց տալու, որ ազգային-ավանդականը նաեւ արդիական է, առաջադիմական։ Չէ՞ որ մեր ավանդական ծեսերն ու ազգային տոները, տարազն ու ուտեստը, երգն ու երաժշտությունը իրենց մեջ խոր իմաստ ունեն եւ դարերի ընթացքում հարստացրել ու զարդարել են համաշխարհային մշակույթը»,-ասել է Ատոմ Մխիթարյանը:

Լուսինե Նազարյանը


Ուղեցույցը կարելի է օգտագործել համայնքներում՝ մշակութային միջոցառումներ, ազգային-ավանդական տոներ նախապատրաստելու եւ կազմակերպելու համար:

«Ժողովրդական տոներից յուրաքանչյուրը, բացի կատարման կանոնակարգից, ուներ հանդիսության վայրը, ծիսական հատուկ ուտեստներն ու պարագաները: Բոլոր տոներն սկսվում էին նախապատրաստությունից, հատուկ արարողակարգով մաքրվում էին տունը, գոմը, մարագը, որոշ տոներից առաջ պիտի մաքրվեին նաեւ հոգեպես՝ պասի միջոցով: Քաղաքակրթության, մտածողության փոփոխությունների հետեւանքով որոշ հիշողություններ ջնջվել, իսպառ կամ մասամբ մոռացվել են, բայց խիստ ավանդական հնագույն ծեսերն ու ավանդույթները մեծապես պահպանվել են՝ որպես գեղեցիկ ժողովրդական սովորություններ»,- ընդգծել է գրքույկի խմբագիր Լուսինե Նազարյանը:

Շնորհանդեսն ուղեկցվել է ազգային-ավանդական երգերի կատարումներով, ամփոփվել գինեձոնի արարողությամբ:

Տեքստը՝ Էլեն Աղաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ ԵԱԴ-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին