×


Հերմինե Ստեփանյանը եւ Մհեր Անանյանը

Բանկերը կարծրատիպեր են կոտրում. ԱրարատԲանկի յուրօրինակ ու համարձակ արշավը

Նոր գույներ, նոր մոտեցումներ, հայեցակարգային փոփոխություններ եւ նոր ռազմավարություն՝ «ԱրարատԲանկ»-ը վերաբրենդավորվում է։ «Բարձրանում ենք միասին» կարգախոսի ներքո բանկը պաշտոնապես հայտարարում է նոր գործընթացի մեկնարկի մասին։ Այդ առիթով երեկ ԱրարատԲանկի թիմը ԶԼՄ ներկայացուցիչների հետ ամենագնաց մեքենաներով ուղեւորվեց դեպի Թեղենիս լեռան գագաթ, որտեղից հրաշալիերեւում են Արագածի չորս գագաթները, Արա լեռը, Գեղամա լեռնաշղթան, Սեւանա լիճն ու, իհարկե, Արարատը: Նրանց հետ էր նաեւ BRAVO.am-ը: Մենք հետեւել ենք իրադարձությունների ընթացքին, առանձնացրել ամենակարեւոր ու հետաքրքիր դրվագները։

Թեղենիս լեռ բարձրանալը, իհարկե, պատահական չէր։ Այն խորհրդանշում էր բանկի նոր կարգախոսը, առավել մարդակենտրոն գործելաոճը՝ կոտրելով բանկերի մասին կարծրատիպային պատկերացումները, բացի այդ էլ՝ լեռան գագաթին նախատեսված էր ողջ օրվա պաշտոնական միջոցառումների մեկնարկը՝ համեղ հյուրասիրությամբ։ Նախ՝ ներկաներին իրենց ելույթի խոսքերով ողջունեցին ԱրարատԲանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ Մհեր Անանյանը եւ Խորհրդի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը։


«Այսօր ներկայացնելով վերաբրենդավորված ԱրարատԲանկը՝ մենք մի նոր պատասխանատվություն ենք ստանձնում: Ժամանակակից ծառայությունների մատուցմամբ, առաջադեմ թվային տեխնոլոգիաների ու սպասարկման նոր մոտեցումների կիրառմամբ՝ մենք մարդակենտրոն բանկ դառնալու հայտ ենք ներկայացնում: Ստեղծելով նոր միջավայր եւ հաճախորդ-բանկ ջերմ հարաբերություններ՝ մենք վստահության ու պատասխանատվության որակապես նոր հիմք ենք դնում։ Կրելով «Արարատ» անվանումը՝ արդեն իսկ պարտավորվում ենք լինել արժանի կառույց, առաջնորդվել կարեւոր արժեքներով եւ սկզբունքներով»,- ասաց Մհեր Անանյանը:

Գրիգոր Հովհաննիսյանն էլ իր խոսքում ընդգծեց, որ բանկը պետք է նպաստի մեր հանրության ու երկրի զարգացմանը, արձագանքի ժամանակակից մարտահրավերներին ու փոփոխություններին․«Մենք աշխարհասփյուռ ազգ ենք, եւ հայկական բանկային համակարգը դա եւս պետք է արտացոլի՝ միավորի, աջակցի ու զարգացնի: Արարատն այն եզակի խորհրդանիշերից է, որ միավորում է ամբողջ հայությանը: Կյանքում յուրաքանչյուրս մեր Արարատն ունենք բարձրանալու եւ մենք բարձրանալու ենք միասին»:

Գրիգոր Հովհաննիսյանը եւ Մհեր Անանյանը


Մհեր Անանյանն ու Գրիգոր Հովհաննիսյանը Թեղենիսի գագաթին բարձրացրին ԱրարատԲանկի նոր գույներով դրոշը՝  ի նշան միասին նոր բարձունքների նվաճման, եւ հանդիսավոր ձեւով ազդարարեցին բանկի պատմության նոր փուլի սկիզբը: Այնուհետեւ ուղեւորության բոլոր մասնակիցները լուսանկարվեցին միասին եւ միջոցառման այդ հատվածն ավարտեցին երգ ու պարով։ Ներկաների շարքում էր նաեւ «Գաթա բենդի» համահիմնադիր եւ վոկալիստ Անդրանիկ սարկավագ Մանուկյանը, ով իր շուրջ համախմբեց երիտասարդներին ու առաջարկեց իր հետ երգել ամենահայտնի ազգագրական երգերից։

ԱրարատԲանկի վերաբրենդավորման  միջոցառումների շարքը շարունակվեց առավել գործնական միջավայրում՝ Fishbowl ձեւաչափի քննարկման շրջանակում։ Կոնֆերանսին ներկա էին ֆինանսական ոլորտի, միջազգային կազմակերպությունների, բանկային համակարգի, ԶԼՄ ներկայացուցիչներ եւ, իհարկե, ԱրարատԲանկի թիմը: Ի դեպ, քննարկումը վարում էր դերասանուհի, հաղորդավարուհի Հերմինե Ստեփանյանը, որը վաղ առավոտից ներկա էր բոլոր իրադարձություններին եւ հյուրերին ներկայացնում էր միջոցառումների ընթացքը։

Գրիգոր Հովհաննիսյանը, Մհեր Անանյանը եւ Կարեն Բաբաջանյանը


Քննարկման ժամանակ բանախոսները  ներկայացրին ԱրարատԲանկի զարգացման նոր տեսլականը, հեռանկարները, նորարարություններն ու փոփոխությունները։ Նրանց թվում էր նաեւ ԱրարատԲանկի խորհրդի անդամ, «Braind» ընկերության համահիմնադիր Կարեն Բաբաջանյանը, որն իր ելույթում ավելի մանրամասն  ներկայացրեց ԱրարատԲանկի վերաբրենդավորման հայեցակարգն ու վիզուալ փոփոխությունները:

«Մենք հաճախ ենք ունենում հրաշալի գաղափարներ, բայց չենք կարողանում կամ համարձակություն չենք ունենում դրանք կյանքի կոչել: Արարատը յուրաքանչյուրիս համար մեր գաղափարներն ու երազանքներն իրականացնելու, անհնարինը  հնարավոր դարձնելուխորհուրդն է: Ինչ վերաբերում է վիզուալիզացիային, ապա բանկի՝ մինիմալիստական ոճով մշակված նոր լոգոտիպը խորհրդանշում է Արարատ լեռը, որը պատկերված է վեր բարձրացող երկու սյունաձեւ սիմվոլով: Որպես բրենդային նոր գույներ ընտրել ենքսեւն ու դեղինը. սեւը հաղորդում է հավասարակշռություն եւ խստություն, իսկ դեղինը խորհրդանշում է լույս, թեթեւություն, շարժում ու դինամիկա»,- պարզաբանեց նա:


Հիշեցնենք, որ մասնաճյուղային ցանցի ընդգրկվածությամբ ԱրարատԲանկն այսօր գտնվում է ՀՀ բանկային համակարգի առաջին հնգյակում: Ներկայում բանկն ունի 57 մասնաճյուղ, որից 56-ը ՀՀ-ում եւ 1-ը` ԼՂՀ-ում: Բանկի աշխատողների միջին թվաքանակն այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմում է 1028 մարդ: ԱրարատԲանկը մատուցում է ֆինանսական ծառայություններ թե՛ֆիզիկական,եւ թե՛ իրավաբանական անձանց: Այն Հայաստանի բանկերի միության անդամ է, հանդիսանում է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունների գործընկեր ներքին պետական պարտքի կառավարման գործում: Առաջնային եւ երկրորդային շուկաներում բանկը հանդիսանում է ՀՀ պետական պարտքի կառավարման ոլորտում կառավարության գործակալ եւ «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի անդամ: Այդ կարգավիճակը ԱրարատԲանկին հնարավորություն է տալիս առեւտուր իրականացնել բորսայում շրջանառվող բոլոր գործիքներով: Բանկի սպասարկման ցանցը ներառում է 59 կանխիկացման կետ, 1590 առեւտրային կետ, 125 բանկոմատ:

Ինչ վերաբերում է օնլայն շուկային, ապա 2017 թվականին բանկը ստեղծեց ամբողջությամբ նոր «ԱրարատՄոբայլ» բջջային հավելվածը, որն ունի ոչ միայն ծառայությունների հեռահար սպասարկման լայն հնարավորություններ, այլեւ ավելի հարմար է, պարզ եւ հասանելի բոլորի համար: Ներկայումս էլ հավելվածն աչքի է ընկնում նոր լուծումներով ու փոփոխություններով։


Այսօրվանից արդեն Հայաստանի ողջ տարածքում կգործեն ԱրարատԲանկի նորացված ու վերափոխված մասնաճյուղերը, բանկոմատները, հասանելի կդառնան վերաբրենդավորման շրջանակում իրականացված փոփոխությունները։ Այդ գործընթացը, իհարկե, շարունակական է։ Ինչպես նոր կարգախոսն է հուշում, բանկն իր հաճախորդների հետ է նոր բարձունքներ նվաճելու։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ ԱրարատԲանկի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին