×


«Մոցարտը քաղաքային տրանսպորտով ժամանել է Երեւան»

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ «Loft» ժամանցի կենտրոնը դասական երաժշտության սիրահարների օրն իսկական տոն է դարձրել մոցարտյան բացօթյա համերգով, որին զուգահեռ արվեստասերները հնարավորություն են  ունեցել ակնդրելու գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանի «Forms and reflections» շարքի աշխատանքները։

«Loft»-ի ստեղծագործական ղեկավար Ալեքս Միրզոյանի խոսքով՝ սա իրենց առաջին համագործակցությունը չէ ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, բայց տեսակով եզակի է.«Ստացված մի քանի համագործակցություններից հետո ՀԱՖՆ-ին առաջարկեցինք հյուրընկալվել մեր բակում, եւ միջոցառումը տեսողական առումով ավելի հաճելի դարձնելու համար փորձեցինք այն զուգորդել ուրբանիստական գեղանկարչությամբ: Հատկանշական է համերգի վիզուալիզացիան. մենք փորձեցինք գեղանկարչական շարքի թեման կապել երաժշտականին եւ ներկայացրինք՝ Մոցարտը քաղաքային տրանսպորտով ժամանել է Երեւան՝ համերգին տալով «Մոցարտը քաղաքում» անվանումը: Կարծում եմ՝ միջոցառման կարեւորագույն առանձնահատկություններից է նաեւ այն, որ մենք դասական երաժշտությունը հնարավորինս մոտեցրինք մարդկանց, քանի որ բակը տնից հետո երկրորդ վայրն է, ուր լինում ենք»:


Միջոցառումը մեծ հետքրքրություն է առաջացրել. ինչպես նշեց ստեղծագործական ղեկավարը՝ ներկա գտնվել ցանկացողների թիվը բավական մեծ է եղել, իսկ տեղերը, համավարակով պայմանավորված, սահմանափակ: Հենց այդ պատճառով եւս մեկ համերգ են նախատեսել հոկտեմբերի 2-ին, սակայն այս անգամ ոչ թե ֆիլհարմոնիկը  կհյուրընկալվի «Loft»-ին, այլ՝ հակառակը:

ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի խոսքով՝ նման համերգները կարանտինի եզակի դրական կողմերից են.«Այս ընթացքում հնարավորություն չունեինք նվագախմբի ամբողջական կազմով ելույթ ունենալ, այդ պատճառով սկսեցինք կամերային առցանց համերգների շարք: Ուրախ եմ ու հպարտ, որ մեր նվագախմբի շատ երաժիշտներ փայլուն ելույթ են ունենում նաեւ որպես մենակատարներ՝ ներկայացնելով կամերային ժանրի գլուխգործոցներ, որոնք վիրտուոզ տեխնիկա եւ խոր երաժշտական ընթերցում են պահանջում: Ուզում եմ անպայման նշել, որ նմանօրինակ համերգները լինելու են շարունակական նույնիսկ այն ժամանակ, երբ նվագախումբը կվերադառնա համերգային իր բնականոն ռիթմին»,- ընդգծեց մաեստրոն:


Դե, իսկ Մոցարտը Երեւան էր հասել Արթուր Հովհաննիսյանի ուրբանիստական վրձնահարվածների շնորհիվ: Գեղանկարչը համոզված է՝ թեեւ գեղանկարչությունը արվեստի ամենաբարդ ճյուղերից է, այնուամենայնիվ, երիտասարդներն այսօր հետաքրքրվում են դրանով, մնում է նաեւ ընկալել ողջ խորությունը:

«Այս շարքում մեզ մշտապես ուղեկցող տրանսպորտային փոխադրամիջոցներին փորձել եմ նայել արվեստի տեսանկյունից՝ այդ մետաղական երեւույթները ներկայացնելով որպես գեղանկարչական նմուշներ: Նրանց գույների մեջ խորասուզվելով իսկապես կարելի է շատ նկարչական տարրեր գտնել, եւ հենց այս միտումն էր, որ ինձ ոգեշնչեց, ու ստեղծվեց բավական ընդարձակ շարք: Հուսով եմ՝ մարդկանց կգրավի արվեստի այս երկու ճյուղերի գրագետ համադրությունը, եւ որքանով հետեւել եմ նախապատրաստական ընթացքին, հետաքրքրությունն արդեն իսկ բավական մեծ է»,-ամփոփեց գեղանկարիչը:


Մոցարտը շուրջ երկու ժամ շրջեց Երեւանի կենտրոնական բակերից մեկում՝ մյուներում էլ լինելու ակնկալիքով:

Տեքստը՝ Էլեն Աղաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW