×


«Մենք պետք է հաղթենք եւ շարունակենք մեր աշխատանքը». Սերժ Ավետիքյանը Հայաստանի ճանապարհին է

Ֆրանսահայ հանրահայտ դերասան, ռեժիսոր Սերժ Ավետիքյանը երեկ միացել էր ֆրանսահայերի բողոքի ցույցին՝ Փարիզում Թուրքիայի դեսպանատան դիմաց: Արցախում ընթացող պատերազմի առաջին օրվանից արտիստն ակտիվ է սոցիալական ցանցերի իր էջերում, հաճախ է կիսվում նյութերով, լուսանկարներով, հատկապես՝ ֆրանսալեզու լսարանին այս թեմային հաղորդակից դարձնելու համար: Մի քանի օր առաջ էլ քաջալերելով մեր հայրենակիցներին՝ նա հայտնեց, որ շուտով Հայաստանում կլինի:

Մինչ մեր ընթերցողը կկարդա BRAVO.am-ին Փարիզում տված այս բացառիկ հարցազրույցը, ճանաչված արտիստն այսօր կհասնի հայրենիք:

«Վաղը մեկնում եմ Երեւան մեկ շաբաթով: Շատ գործ կա անելու այնտեղ. արդեն իսկ նախատեսված ծրագրեր են, եւ ես չուզեցի հետաձգել, որովհետեւ այս պատերազմը չպետք է մեզ հաղթի: Մենք պետք է հաղթենք եւ շարունակենք մեր աշխատանքը: Ինչ էլ որ լինի, ես գնալու եմ, եւ պետք է շարունակենք մեր գործունեությունը, «դուխով» շարունակենք անել այն, ինչ պետք է անենք՝ ամեն մեկն իր տեղում»:

- Կարելի՞ է ասել՝ այսպիսով ցույց եք տալիս, որ նաեւ մշակույթով ենք հաղթելու:

- Այո, մշակույթը մեր ամենամեծ ուժն է. մեր ազգն ունի գրականություն, կինո, եւ անկարելի է հետաձգել այն նախագծերը, որոնք պետք է ցուցադրվեն եւ արտահանվեն:

Նկարահանել էինք «Անատոլիական պատմություն» սերիալը, իսկ հիմա զբաղվում ենք արտահանելու գործընթացով: Ավելի կարճ տարբերակը կլինի. գնում եմ նաեւ այդ ուղղությամբ աշխատելու:

- Թշնամին կարծես հենց մեր մշակույթն ու կրոնն է թիրախավորում:

- Իրենք գիտեն, թե ինչ խորհրդանիշերի խփելով կարող են ազդել մեզ վրա, եւ ունեն այդ տեխնիկան: Բայց մենք ունենք ուրիշ բան՝ մեր ոտքերը հողի վրա են եւ ունենք այն ներքին ուժը, որը հարկավոր է: Բայց պետք է խելացիորեն պայքարել եւ կռվել՝ չմտնելով այն «ատելության տարածք», որի մեջ է թշնամին:

Պետք է միացում լինի եւ համախմբվեն նույնիսկ նրանք, ովքեր անհամաձայնություններ ունեն. այսօր բոլորս պայքարում ենք նույն գաղափարի համար՝ մեր ազատության եւ մեր անկախության համար:

- Այստեղ նաեւ ֆրանսահայերին եք միացել՝ պայքարելու:

- Այո, պարզ է, որ միահամուռ ենք, բայց ես ուրիշ բան էլ եմ նկատում, որ մեր երիտասարդները միություններից դուրս անելու են հատուկ գործողություններ, որոնցով ֆրանսիացիներն են զարմանալու եւ հասկանալու, թե ովքեր են հայերը, եւ ինչի համար ենք պայքարում:

Ես կարծում եմ, որ այն երկրներում, որտեղ ապրում ենք այս պահին, պետք է փորձենք այդ քաղաքական գործիչների, պատգամավորների, մամուլի, բոլոր ոլորտների հետ աշխատել եւ հայտնել, թե ինչու է մեր իրավունքը ճիշտ. սա շատ կարեւոր է: Մենք մեր «մեջ» չպետք է մնանք մեր հայրենասիրությամբ:

- Կարծես թե անտարբերություն է նկատվում միջազգային հանրության կողմից:

- Ոչ, անտարբերություն չէ. նախ՝ օրենքներ կան, օրենքներից դուրս հարցեր կան, որոնք դժվար լուծելի են, մանրուքներ կան, որոնց մասին չեմ ուզում խոսել, բայց կարծում եմ, որ հենց Հայաստանի հողի վրա էլ կան դավաճաններ, որոնք աշխատում են «այդ գծով», եւ սա էլ պետք է հաղթել, սրանք ներքին վերքեր են, որ պետք է «հաղթել», որովհետեւ դա հնուց է գալիս: Եվ կան մարդիկ, ովքեր մտածում են միայն իրենց գրպանի եւ իրենց համբավի մասին:  

Այս խնդիրը միշտ էլ եղել է, որովհետեւ մենք տարբերվող ազգ ենք:

- Ի՞նչ նախագծեր ունեք Հայաստանի հետ կապված:

- Թատերական երկլեզու դպրոց եմ ցանկանում բացել, այստեղից ընկերներս են գնալու՝ դասավանդելու: Ֆիլմերի եւ սերիալների նախագծեր կան, շատ գործեր կան:

Զրուցեց Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանը/BRAVO.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW