×


Լուսանկարը՝ Martin Colombet/next.liberation.fr

«Մենք՝ հայերս, թույլ չենք եւ ուր էլ լինենք, կաջակցենք մեր համարձակ Արցախին». Սիմոն Աբգարյան

Ֆրանսահայ հանրահայտ դերասան, ռեժիսոր Սիմոն Աբգարյանը հայ ժողովրդին սատարող իր ուղերձում, որը հրապարակվել է ֆրանսիական հեղինակավոր պարբերականներում, դատապարտել է թուրք-ադրբեջանական հարձակումը Արցախի վրա եւ մեղադրել Էրդողանին:

Նա իր մտահոգությունն է հայտնել արցախա-ադրբեջանական պատերազմի վերաբերյալ, նաեւ պատմել Հայաստանում թատերական փառատոն կազմակերպելու իր նպատակի մասին:

«Վեց ամիս առաջ՝ Փարիզում, արվեստագետ ընկերներիս հետ հանդիպեցինք ՀՀ մշակույթի եւ սպորտի նախարարի հետ: Մեր զրույցը կառուցողական էր եւ բարեկամական: Մենք ներկայացրինք մեր ծրագրերը: Մեկը խոսում էր գիտելիքների փոխանակման, մյուսը՝ միասնական արտադրության եղանակների մասին: Ինչ վերաբերում է ինձ՝ ես պատմեցի թատերական փառատոն իրականացնելու նպատակիս մասին: Հուլիսին այդ նպատակով պետք է մեկնեի Հայաստան, համավարակը, սակայն, այլ բան որոշեց: Հիշում եմ, նախարարին ասացի, որ իմ մոտեցումը բոլորովին զգացմունքային չէ, այլ՝ հստակ եւ իրատեսական:

Ադրբեջանը՝ Թուրքիայի բանակի օգնությամբ, հարձակում է սկսել Արցախի եւ Հայաստանի վրա: Եվրոպան եւ այլ երկրներ զինադադարի կոչ են անում, այնինչ պարոն Էրդողանը բարձր հայտարարում է, որ իր փոքր եղբոր՝ ադրբեջանցու կողքին է, կհասնի օգնության ցանկացած պահի եւ բոլոր միջոցներով:

Ինչո՞ւ: Նույն լեզվով խոսողների սիրուց դրդվա՞ծ: Այո, բայց ոչ միայն, նաեւ՝ ցեղասպանողի ռեֆլեքսով: Նրա ռասիստական հռետորաբանությունը՝ «Turkye über alles» (Թուրքիան՝ ամենից առաջ), խորապես արմատացած է թուրքական քաղաքական դասի մեջ: Նրա հայրենասիրությունը վերածվել է ֆաշիստական ազգայնականության:

Եվ իր պանթուրքական մոլուցքին հավատարիմ ՝ նա Բաքու է ուղարկում ինքնաթիռներ, անօդաչու թռչող սարքեր, ամեն տեսակի հրթիռներ եւ… սիրիացի, լիբիացի ահաբեկիչների: Հենց այն մարդիկ, ովքեր սպանություններ արեցին Ֆրանսիայում եւ Եվրոպայում»,-գրել է դերասանը։

Ֆրանսահայ արտիստն ասել է, որ հայերի պայքարը գոյապայքար է.«Մենք՝ հին ու հազարամյա ժողովուրդ, թույլ չենք ու որտեղ էլ լինենք՝ Հայաստանում կամ Սփյուռքում, մեր ամբողջ ուժով, ամբողջ զենքով կաջակցենք Արցախին՝ այն համարձակին, որն առանց ընդհատումների պահպանում է իր ներկայությունն իր բնօրրանում»։

Սիմոն Աբգարյանը շեշտել է, որ Թուրքիայի պատմությունը լի է հանցանքներով, դրա վկայությունները կան Հունաստանում, Կիպրոսում, Լիբիայում եւ Սիրիայում, հիմա էլ արդեն՝ Արցախում: Այս երկիրը, սակայն, ժխտողական քաղաքականություն է վարում դարեր ի վեր։

«Ստալինը նվիրել է մեր հայրենի ծաղիկը թաթարներին, եւ պատմությունը պետք է կա՞նգ առնի այստեղ: Ո՛չ, մենք անջատողականներ չենք, մենք մեր գետերն ու առուներն ենք, մեր դաշտերը, մեր անտառներն ու սարերն ենք եւ ցանկանում ենք խաղաղ ապրել:

Մենք՝ հայերս, պայքարում ենք մեր երեխաների ապագայի համար, մեր նահատակների հիշատակի համար, ովքեր հրաժարվում են նորից մեռնել»,-շեշտել է նա:

Ուղերձի վերջում ճանաչված արտիստը նշել է, որ հավատարիմ է լինելու իր խոստմանը. ընկերների հետ անպայման կգա Հայաստան՝ թատերական միջազգային փառատոն ստեղծելու:

Պատրաստեց Էլլադա Բարսեղյան-Ղուկասյանը/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին