×


Լուսանկարը՝ Աղվան Ասոյանի

Հովիկ Աֆյան. «Հե՜յ»-ն իմ առաջին գիրքն է, որը գրել եմ առաջին դեմքով, ու ավելի համարձակ եմ եղել, քան երբեւէ

Արձակագիր Հովիկ Աֆյանը վերջերս Ֆրանսիայում մասնակցել է փառատոն-տոնավաճառի, որտեղից վերադառնալուց հետո Bravo.am-ին պատմել է իր նոր տպագրված ութերորդ գրքի, ճանապարհորդելու, երազանքների ու գրողների մասին:

- Հովիկ, Եվրոպա էիք մեկնել շատ լավ առիթով. Մարսելում փառատոնի էիք մասնակցում: Ի՞նչ արեցի՞ք այնտեղ ու Ձեզ համար այն ինչո՞վ առանձնացավ:

- Չնայած մեր օդանավն իջավ Մարսելում, փառատոնն այնքան էլ այդ քաղաքում չէր, այլ կողքի փոքրիկ՝ Ֆյուվո բնակավայրում: Տեղացիները հպարտությամբ են նշում, որ դա Սեզանի ծննդավայրն է, ու իսկապես, հնարավոր չէ այդ վայրում ծնվել ու չնկարել կամ գոնե չտեսնել նկարելու արժանի բան: 

Առաջին անգամ իմ գիրքը վաճառեցի: Ֆրանսերեն թարգմանված «Կարմիրը» (էլի ու էլի շնորհակալ եմ Անահիտ Ավետիսյանին), ներկայացված էր փառատոն-տոնավաճառում, որն արդեն 36-րդ անգամ է անցկացվում ու այս տարի նվիրված էր Հայաստանին: Բացի Հայաստանից հրավիրված կամ Ֆրանսիայում ապրող հայ գրողներից, մասնակցում էին նաեւ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած մոտ 100 գրող։ Մեծ սեղաններ էին դրված՝ հենց քաղաքի կենտրոնական հրապարակում, որտեղ էլ ամեն մեկս մեր աթոռն ունեինք եւ օգնականը: 

Ինձ, օրինակ, առաջին օրն օգնում էր մի հույն տղամարդ, երկրորդ օրը՝ հոլանդուհի: Նրանք ոչ միայն գրքերն էին վաճառում, այլեւ սուրճ ու ջուր էին մեզ տալիս, երբ ուզում էինք... Այդ երկու օրվա ընթացքում ես եւ իմ հույն ու հոլանդուհի օգնականները վաճառեցինք «Կարմիր»-ի 36 օրինակ: Ընդ որում՝ գնորդների մեծամասնությունը հայեր չէին: Այսքանն արեցի: Հա, նրանցից շատերը խոստացան, որ անպայման Հայաստան են գալու: Մեկը նույնիսկ փառատոնի երկրորդ օրն էլ եկավ տոնավաճառի վայր, նստեց կողքիս ու ասաց՝ մի գիշերում կարդացել է «Կարմիր»-ն ու առավոտյան օդանավի տոմս է առել դեպի Երեւան:


- Ի՞նչ է լինում, երբ այդքան շատ գրողներ հավաքվում են մի վայրում: 

- Սարսափ (ծիծաղում է, -հեղ.): Չէ, ժպիտներ, հաճելի եւ օգտակար ծանոթություններ, իհարկե, լինում են: Հատկապես ազատ ժամերին, երբ անելիք չկա, բացի միմյանց հետ զրուցելը, հանկարծ պարզվում է, որ աշխարհի բոլորովին այլ մի վայրում եւս մեկը կա, ով գրում է մոտավորապես այն բաների մասին, ինչ դու, մտածում է մոտավորապես այնպես, ինչպես դու, որ գրականությունը ազգություն, տարիք, սեռ չունի՝ ինչպես ուտելը, խմելը, սիրելը... Գրողների հավաքը միմյանց հասկացող, միմյանց հետաքրքիր, միմյանց նախանձող, իրար ժպտացող եւ հիմնականում լռող մարդկանց միջավայր է, որտեղ կարեւոր չէ լեզուն, որտեղ կարեւորը միայն մեկ բան է, որ դու մենակ չես: Սա ե՛ւ հրաշալի է, ե՛ւ սարսափելի: 

- Գիտեմ, որ սիրում եք ճանապարհորդել: Այս անգամ Ֆրանսիայից ի՞նչ տպավորություններ ստացաք: Պրովանսում էիք՝ ամենառոմանտիկ ու գեղեցիկ վայրերից մեկում:

- Միշտ զարմացել եմ, թե ինչպես կարելի է գրել՝ առանց ճանապարհորդելու... Իսկ Ֆրանսիան շատ նման է միջին տարիքի կնոջ, ով ամեն ժամադրություն-հանդիպման զարմացնում-հիացնում է նոր գույնով, տրամադրությամբ, արտահայտչաձեւերով, մատների շարժումով: Ու դու ամեն հանդիպման ժամանակ նորից ես սիրահարվում նրան: Ֆրանսիան գիտի իրեն ներկայացնել, քանի որ այս երկիրը սիրում է ինքն իրեն: Նախ եւ առաջ՝ ինքն իրեն: Կոնկրետ Պրովանսը... Գիտե՞ս, հանդիպումներ կան, որոնցից հետո չես ուզում ոչ մեկին պատմել այդ մասին, որ չթալանվես: Մեր հանդիպումը հենց այդպիսին էր: Հա, մի անգամ պառկել եմ գետնին ու նայել երկնքին: Աստղազարդ էր:

- Իսկ ո՞ր երկիրն ու քաղաքն են Ձեզ ու Ձեր սիրտը գերել:

- Այնուամենայնիվ, Իտալիան ու Հռոմը: Ընդ որում՝ ես գիտեմ այդ քաղաքի փնթիության մասին էլ, ու ոչ միայն գիտեմ: Ֆանտաստիկ ապրումներ եմ ունեցել Ամստերդամում, նույնը՝ Ֆրանսիայում, բայց Հռոմում մի տարօրինակ զգացողություն եմ ունեցել, որը միայն Երեւանում եմ ունենում: Ինձ թվում է՝ ես երբեք չեմ մոլորվի այդ քաղաքում, ինձ թվում է՝ ես պատմություն ունեմ այդ քաղաքում, ու ինձ թվում է՝ իտալերենը երաժշտություն է:


- «Եվ այս հյուրանոցը՝ Սեզանի գյուղում, որի պատերից մեկին գրված է՝ «Այստեղ դու տանն ես»։ Ներսի պատերից մեկի։ Չթալանվող, չպղծվող, չմոխրացող, չմոռացվող ներսի...»,- գրել եք Դուք: Ւսկ Ձեր ներսի ու դրսի պատերին ի՞նչ կա գրված:

- Դրսի պատերիս գրությունների հետ ես գործ չունեմ: Դրանց վրա գրողը ես չեմ: Թեկուզ խզբզեն, անշնորհք վրձնահարեն, միշտ ատելի ստեր հորինեն ու փորագրեն՝ ընդ որում՝ հաստ տառերով: Թքած: Ես հո ճանաչո՞ւմ եմ ինձ ու վստահ եմ, որ ինձ իսկապես ճանաչողները չեն ապականի ինձ վերաբերող պատերը: Եթե ապականում են, ուրեմն՝ ինձ չեն ճանաչում, եթե չեն ճանաչում, ուրեմն՝ գրողի ծոցը: Այ ներսիս պատերի վրա ես գրում եմ: Գրում եմ՝ չի կարելի ներս մտնել ու հեռանալ: Ավելի ճիշտ՝ ոչ թե չի կարելի, այլ չես կարող: Եթե ներս ես մտել, ուրեմն՝ վերջ: Ինչ էլ անես, ու նույնիսկ, եթե փշոտ կոշիկներով անես:

- Նոր գիրք ունեք, որի մասին դեռ շատ բան չգիտենք, եւ այդ բացը պետք է անպայման լրացնել: Մի քիչ անկեղծացեք մեզ հետ «Հե՜յ»-ի մասին:

- «Հե՜յ»-ն իմ առաջին գիրքն է, որը գրել եմ առաջին դեմքով: Սա չի նշանակում, որ այն պարտադիր իմ մասին է: Նշանակում է, որ այն գրելիս ես ավելի համարձակ եմ եղել, քան երբեւէ: Համոզված եմ, պնդում եմ, վստահեցնում եմ, որ ես չգիտեմ՝ ինչ խոսել այս գրքի մասին: Համոզված եմ նաեւ, որ իմ ամբողջ անկեղծությունն այդ գրքում է:


- Ձեր ընկերներից մեկը գրել է. «Ես իրոք չգիտեմ՝ ինչի մասին է այս գիրքը, բայց ջրահարսը հաստատ կա, ու այս գիրքը հաստատ ծովի մասին է ու մանուշակների, որ անպայման աճելու են սպիտակ ավազի վրա, ու այնտեղ պարտադիր ջրվեժ է լինելու։ Պարտադիր՝ բարձր։ Ու մի ուրբաթ օր ես հաստատ ռոմ եմ խմելու այդտեղ»։ Իրո՞ք այդ ամենը գրքում կա:

- Չգիտեմ: Երեւի: Եթե մարդը կարդում է գիրքդ ու ասում է, որ դրա մեջ նա կամ սա կա, այսպես ու այնպես է, ուրեմն՝ հենց այդպես է: Գոնե նրա համար այդպես է: Մի բան հաստատ գիտեմ՝ ջրահարս կա, ռոմ՝ նույնպես, ու ես չգիտեմ, թե այս երկուսից որն է լավը, որը՝ վատը:

- Ծովը, ծովագույնը, կապույտը անբաժանելի են Ձեզնից: Ինչո՞վ ու ինչո՞ւ են այդքան գրավում:

- Ծովը միակ տեղն է, որտեղ ես տեսնում եմ երազանքս: Հենց տեսնում եմ շոշափելու մակարդակի: Ընդ որում՝ աչքերս բաց: Միեւնույն ժամանակ, այն իմ մեծագույն վախն է: Գիտեմ նաեւ նրա խորտակումների եւ բերած կեղտի մասին: Ու ես հենց այդ ազնվությունն եմ սիրում: Ինքը չի խաբում քեզ, թե բա՝ անմոռանալի մայրամուտներ կտեսնես եւ երջանկությունից կգոռաս արեւածագերին: Ինքն սում է՝ ես կարող եմ նաեւ խորտակել, կարող եմ մարմինդ կեղտով պատել ու երբեք չեմ հանձնվելու քեզ, քանի որ մեր հարաբերություններում հանձնվողը դու ես: Ուրեմն՝ սիրողը: Ծովն ինձ ցույց է տալիս, որ ես կարող եմ սիրել: Ու նա իմ մեծագույն ուսուցիչն է: Ես չգիտեմ բնության մեկ ուրիշ երեւույթ, որն այդքան նման է կյանքին, քան ծովն՝ իր տեղատվությամբ ու մակընթացությամբ, տալով ու վերցնելով երջանկությունը, եկող ու գնացող մարդկանցով:


- Հովիկ, շատ եմ ուզում՝ մեզ հետ կիսվեք գրողի առօրյայով. ինչպե՞ս եք Ձեր օրը սկսում ու ավարտում, ինչպե՞ս եք նայում աշխարհին ու, ամենակարեւորը, ի՞նչ եք տեսնում այնտեղ:

- Երբեք չէի մտածի, որ դա հետաքրքիր է (ծիծաղում է, -հեղ.): Ամեն օր գրում եմ՝ ինչ ուզում եմ, ում ուզում եմ, ինչպես ուզում եմ: Գրելն իմ ազատությունն է: Միակ: Այլ հարց է, որ ավելի շատ ջնջում եմ, քան գրում, եւ ամենօրյա գրածներիս մեծամասնությունը դուրս չեն գալիս ներսիս պատերից: Գրում եմ հիմնականում օրվա ամենասկզբին՝ վաղ առավոտյան, երբ քիչ մարդ կա արթուն: Վերջերս սկսել եմ նաեւ գիշերները գրել: Առաջ այդպես չէի անում: Բայց առաջ առաջին դեմքով էլ չէի գրում: Չեմ կարող ասել, որ ամբողջ օրը գրում եմ, քանի որ կարծում եմ՝ հետաքրքիր մարդ եմ՝ շփվել, խոսել սիրող: Հենց այդ շփումներն էլ կարեւոր հիմք են հաջորդ գրքերի: Առհասարակ, համոզված եմ, որ մարդկանց հետ շփումները, ճանապարհորդությունն ու գրքերն այն երեք կարեւոր բաներն են, առանց որոնց հնարավոր չէ գրել: 

Մեկ էլ շատ եմ սիրում քայլել Երեւանում: Աննպատակ, ոչ մի տեղ չգնալով, ուղղակի քայլել: Որպես կանոն, հենց այդ պահերին էլ ես գրում եմ, քանի որ համակարգչիս առաջ արածս ավելի շատ տեխնիկական գործ է՝ բառեր դարձնել այն, ինչն արդեն գրել եմ ներսումս: Իմ տեսած աշխարհը նույն աշխարհն է, որն ամեն տարի ավելի է կործանվում, եւ որտեղ դեռ այնքան չբացահայտված սիրուն կա: Հա, ես տեսնում եմ այդ սիրունը: Հենց երեկ, օրինակ, սրճարանում տեսա, թե ինչպես մի կին ձեռքով հետ տարավ մազերը, երբ նրա դիմաց նստած տղամարդը վեր կացավ ու հեռացավ: 

- Միշտ ուզել եմ իմանալ՝ գիրք գրելուց հետո այդ ի՞նչ եք զգում, երբ ամենավերջին բառն ու նախադասությունն արդեն դրված են:

- Կարոտ: Սկսում եմ կարոտել նրանց, որոնց մասին գրել եմ, որոնք ինձ երկար ժամանակ է՝ հանգիստ չեն տալիս: Պտտվում են գլխիս մեջ, բարձրացնում են ջերմությունս, ստիպում են չքնել: Միանգամից հասկանում եմ, որ տեղատվություն եղավ, ու մի խումբ մարդիկ միանգամից հեռացան իմ կյանքից: Մարդիկ, որոնք անփոխարինելի էին թվում: Եվ անմիջապես ծով եմ ուզում, որ նաեւ մակընթացություն լինի:

- Ձեր հերոսներին երբեւէ հանդիպե՞լ եք Ձեր աշխարհում՝ դրսի կամ ներսի:

- Միշտ: Լավն այն է, որ նրանց հանդիպում եմ նրանց մասին գրելուց առաջ կամ ընթացքում, սարսափելին այն է, որ նրանց հանդիպում եմ, երբ արդեն բաժանվել ենք: Դա նշանակում է, որ կիսատ բաներ կան, նրանք բավարարված չեն, ես բավարարված չեմ, որ մենք բաց չենք թողել իրար:

- Ո՞ր մեկին ոչ մի դեպքում ու երբեք չէիք ուզի տեսնել: 

- Չկա այդպիսի մեկը: Ես իմ բոլոր հերոսներին տեսել եմ: Անխտիր բոլորին՝ կապ չունի՝ իսկական, թե միֆական: 

- Իսկ մերօրյա գրողներին մարդիկ ճանաչո՞ւմ են, զրուցում հետներն ու հարցեր տալիս:

- Պատահում է: Եթե նկատի ունես փողոցում՝ հազվադեպ, եթե նկատի ունես գրական տարբեր միջոցառումներին՝ մշտապես: 

- Իսկ ամենաշատն ինչի՞ մասին են ուզում իմանալ: 

- Չգիտեմ՝ ինչու, գոնե ինձնից հետաքրքրվում են, թե իրենք ինչպես գրեն: 

- Աշխարհին գրողներ պե՞տք են:

- Երեւի: Բայց ավելի շատ գրողներին են աշխարհներ պետք, որ ամեն մեկն իրենն ունենա:

- Իսկ էլ ի՞նչ է պետք մեզ, Ձեզ, բոլորիս:

- Կարողանալ մնալ՝ առանց ցավեցնելու ու ձանձրացնելու, եւ կարողանալ գնալ՝ առանց հիշվելու ու մատնահետքերի:

- Ո՞րն է լինելու Ձեր հաջորդ գիրքը: Արդեն սկսե՞լ եք:

- Հա, ամեն օր քայլում եմ քաղաքում ու մտածում եմ գրել երկու հոգու մասին, որոնք հանդիպում են իրենց վերջին գիշերը, եւ որոնք չեն հիշում իրենց անունները:

- Ու եթե փոքրիկ Հովիկին հանդիպեիք, Ձեր գրածներից ո՞ր գիրքը կուզեիք՝ անպայման կարդա:

- Ես ուղղակի կնստեի նրա կողքին, ձեռքս կդնեի նրա ուսին, կսեղմեի մարմնիս ու կասեի՝ հանկարծ չգրես: Ավելի լավ է՝ լուսանկարիչ դառնաս կամ երաժիշտ: Նրանց միշտ ներում են գաղտնիքների բացահայտումը:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Հովիկ Աֆյանի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW