×


«Կանադա, խոսի՛ր». «արյունոտ լվացք» Տորոնտոյում՝ ի աջակցություն Արցախի

Տորոնտոյում հայ եւ օտարազգի արտիստները կոմիտասյան «Կռունկ»-ի ուղեկցությամբ «արյունոտ լվացք» են կախել՝ խորհրդանշելու Ադրբեջանի եւ Թուրքիայի ձեռնարկած ցեղասպանության փորձը հայ ժողովրդի հանդեպ: Արտ-ինստալյացիայի միջոցով քաղաքի կայարանի մոտ ստեղծվել է ռմբակոծված Ստեփանակերտի իմիտացիան: Լռության ակցիան ուղեկցվել է հոգեւոր երաժշտությամբ եւ ավելի քան խոսուն լոզունգներով՝ «Հայոց ցեղասպանություն 2020», «Հիվանդանոցները ռմբակոծվում են», «Երեխաները մահանում են», «Կանադա, խոսի՛ր», «Ճանաչե՛լ Արցախը»:

Փերֆորմանսի կազմակերպիչներից նկարչուհի Մարիամ Մուղդուսյանը մեկնաբանել է.«Մենք հնարավոր բոլոր ձեւերով փորձում ենք կանադական հասարակությանը եւ մեդիային պատմել, թե ինչ է տեղի ունենում այժմ Արցախում եւ Հայաստանում: Դրան հատկապես նպաստում են հանրային ազդեցություն ունեցող այն արտիստները, որոնց մասնակցությունն առնվազն կարող է իրենց բազմահազարանոց լսարանին տեղեկացնել կատարվածի մասին:


Պատերազմը ընդհատել է շատ հայերի ամենօրյա խաղաղ կյանքը, եւ մենք փորձել ենք պատկերավոր կերպով բռնությունն ու պատերազմական իրականությունը ներկայացնել կանադական հասարակությանը՝ որպես գլխավոր խորհրդանիշ ընտրելով արյունոտ լվացքը: Առհասարակ, լվացքը խորհրդանշական է Շուշիի եւ Ստեփանակերտի համար, քանի որ վկայում է, որ քաղաքում կյանք կա»:


Նախաձեռնողները նաեւ նշել են, որ ակցիան միայն Հայաստանի եւ Արցախի մասին չէ, այլ բոլոր այն փոքր երկրների, որոնք բռնատիրական կայսրությունների զոհ են դարձել: Տորոնտոյի «ռմբակոծված Ստեփանակերտում» հնչել է նաեւ խորհրդանշական դուդուկը:

Պատրաստեց Էլեն Աղաջանյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Անի Կատոկիի



Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW