×


Փարիզաբնակ ռեժիսոր Թամարա Ստեփանյան-Ֆերարիի աստղակիր «Կանանց գյուղը» ֆիլմը կցուցադրվի Երեւանում

Նոյեմբերի 7-ին «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում «Կինոյի տանը» կցուցադրվի փարիզաբնակ կինոռեժիսոր Թամարա Ստեփանյան-Ֆերարիի «Կանանց գյուղը» վավերագրական լիամետրաժ ֆիլմը: Փառատոնի բոլոր ֆիլմերի տոմսերի վաճառքի հասույթը կտրամադրվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ կրկնապատկված՝ ի աջակցություն Արցախի: Մինչ Երեւան հասնելը «Կանանց գյուղը» հասցրել է տարբեր միջազգային փառատոնների մասնակցել ու մրցանակներ շահել. Իտալիայի «Sole Luna Doc» միջազգային կինոփառատոնում արժանացել է «Լավագույն ռեժիսորական աշխատանք» մրցանակին, նաեւ՝ «La Scam»-ի աստղի։

Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի եւ ֆրանսիական «La Huit Production» ընկերության համատեղ արտադրության այս ֆիլմն ընդգրկվել էր ֆրանսիական «Lussas Doc» կինոփառատոնում, որից հետո ներկայացվել իտալական «Della Lessinia» կինոփառատոնում։

Վավերագրական ֆիլմը պատմում է Գեղարքունիք մարզի Լիճք գյուղի մասին, որտեղ տարվա մեծ մասը միայն կանայք են ապրում. տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի, գյուղ վերադառնում միայն ձմռանը: Տղամարդկանց բացակայության ընթացքում բոլոր տեսակի աշխատանքներն իրենց փխրուն ուսերի վրա են վերցնում կանայք. ֆիլմն ուժեղ, գործունյա, բայց եւ կարոտով սպասող գեղեցիկ կանանց մասին է:

Հայաստանյան պրեմիերայից առաջ Փարիզում զրուցեցինք Թամարայի հետ: Նա մեզ պատմեց այս ֆիլմի նկարահանման եւ իր զգացողությունների մասին:

- Ինչպե՞ս ծագեց Լիճք գյուղում ֆիլմ նկարահանելու միտքը:
- Թեման ինձ շատ էր հետաքրքրում: Միշտ ասում էին, որ Հայաստանը դատարկվում է տղամարդկանցից, հատկապես՝ գյուղերը: Եվ շատ էին խոսում Գեղարքունիքի մարզի մասին: Իրականությունը տեսնելու համար ամուսնուս հետ նստեցինք տաքսի եւ գնացինք Մարտունու կողմերը: Տաքսու վարորդի հետ խոսեցինք, նա առաջարկեց գնալ Լիճք գյուղ: Իջանք Լիճքի փոստի մոտ, որտեղ մեզ բազում հարցերով մոտեցան գյուղի երեխաները: Սկսեցի ծանոթանալ մարդկանց հետ եւ մեկ տարի կապ պահպանեցի: Երբ որոշեցի որոշ ժամանակ գյուղում մնալ, ֆիլմի հերոսներից Անուշն ինձ առաջարկեց իրենց տանը մնալ: Միանգամից շատ ընտանեկան մթնոլորտ ստեղծվեց, հենց այդ թաղամասի բնակիչներն էլ հետագայում դարձան իմ ֆիլմի հերոսները:

Առանց ծանոթ լինելու, հարազատացանք, հոգեւոր կապ ստեղծվեց, ինձ նաեւ լավ ընդունեցին՝ որպես դերասան Վիգեն Ստեփանյանի դուստր եւ սկսվեց իմ ճանապարհորդությունը դեպի այս ֆիլմը:

Թամարա Ստեփանյան-Ֆերարին


- Ինչպե՞ս ընտրեցիք ֆիլմի հերոսներին:
- Ամեն ինչ սկսվեց Անուշի հետ ընկերությունից: Սկսեցի շփվել իր շրջապատի հետ, վերջում ե՛ւ ես իրենց ընտրեցի, ե՛ւ իրենք ինձ ընտրեցին:

- Ձեր շփումը գյուղի կանանց հետ անմիջական եւ մտերմիկ ստացվեց, իսկ տեսախցիկի հետ նրանք հե՞շտ ընկերացան:
- Ես սկզբից չեմ նկարել, բավական ժամանակ եմ անցկացրել իրենց հետ նկարահանումները սկսելուց առաջ: Ամենակարեւորը վավերագրական ֆիլմ նկարահանելիս մարդկային հարաբերությունն է. եթե այն չլինի, ֆիլմը լավը չի լինի:

Անուշը սկզբից չէր ուզում նկարվել, բայց հետո իրենք հասկացան, որ ես սենսացիոն բան չեմ փնտրում: Իրենց համար շատ կարեւոր է կնոջ պատիվը, իմ կարծիքով՝ ես կարողացել եմ «պահել» այդ պատիվը: Ինձ համար շատ կարեւոր էր, որ վատ ձեւով չնկարագրեմ իրենց կյանքը: Իրենց համար լինել հայ կին՝ արժանապատվություն է, պատիվ: Նույնն էլ իրենց սպասումը նկարագրելն էր. ոչ թե ուզում էի խղճահարություն առաջացնել՝ իրենց սպասումը ցույց տալով, այլ՝ իրենց սերն ու կարոտն ամուսինների նկատմամբ: Ինձ հետաքրքիր էր հասկանալ՝ ինչպես են իրենք ապրում այդ սպասումը, այդ տարածությունն ու բացակայությունը:

Երբ իրենք հասկացան, թե ինչ եմ փնտրում, ստեղծվեց վստահություն, ինչի շնորհիվ սկսեցի կամաց-կամաց նկարել:

- Ինչքա՞ն տեւեցին նկարահանումները:
- Սա «սեզոնային» ֆիլմ է, մեկ տարվա ընթացքում գնացել եմ բոլոր սեզոններին, որոշ ժամանակ մնացել եւ նկարահանել: Սա ինտիմ ֆիլմ է եւ շատ կախված է իմ եւ նրանց հարաբերությունից: Ես չէի պատկերացնում, որ կարող եմ թիմի հետ գալ եւ նկարել, երեք սեզոն նկարել եմ մենակ, բայց չորրորդ սեզոնին գնացի օպերատորի եւ հնչունային մասնագետի հետ, վախենում էի, որ տղամարդկանց չեն ընդունի, բայց ընդունեցին եղբոր պես:

- Վերջում Դուք էլ դարձել էիք գյուղի մի մասնիկը, իրենց ընկերուհին:
- Այո, առանց դրա ֆիլմը չէր լինի:

Կադրը՝ «Կանանց գյուղը» ֆիլմից


- Ֆիլմի վերջում կանանց ասացիք, որ իրենք բացի ուժեղ լինելուց, շատ գեղեցիկ են: Որպես կին՝ ի՞նչ մտքեր էիք ունենում՝ նրանց առօրյան եւ ապրելակերպը տեսնելով:
- Ես իրոք կարծում եմ, որ նրանք գեղեցիկ են (ժպտում է,- հեղ.): Գյուղի կանանց կյանքը հիմնականում կառուցված է ընտանիքի շուրջ: Ինչ-որ տեղ կանացիությունը կախված է նրանից, թե ով է քո կողքի տղամարդը, ինչպես է նա քեզ նայում կամ վերաբերվում: Իսկ իրենք երեք սեզոն հեռու են տղամարդու աչքերից, այդ ընթացքում նրանք դառնում են ե՛ւ կին, ե՛ւ տղամարդ, իրենց մատները եթե տեսնեք, կհասկանաք, որ իրենք հող են մշակում, պատ են շարում, լուսամուտ են փոխում եւ ցանկացած աշխատանք իրենց վրա է: Իրենց կանացիությունը վերածնվում է ձմռանը, ես դա փորձել եմ ցույց տալ ֆիլմում. գալիս են ամուսինները, եւ իրենք ցանկանում են գեղեցիկ լինել իրենց կողակցի համար: Իրենց կանացիությունը փորձում են պահել բոլոր սեզոններին, բայց նույնը չէ. նոյեմբերից սկսած՝ հոգեպես եւ ֆիզիկապես սկսում են պատրաստվել դիմավորելու իրենց ամուսիններին:

Մինչեւ այսօր ինչքան ցուցադրվել է ֆիլմը տարբեր երկրներում, բոլորը հիացած են այդ կանանցով եւ ասում են, որ իրենք շատ գեղեցիկ կանայք են, եւ ինձ համար դա ամենամեծ գնահատականն է: Շատ կարեւոր է, երբ ֆիլմ նկարելիս ինչ-որ բան ես ուզում ասել եւ այդ ասելիքդ տեսնում է հանդիսատեսը:

- Մենք՝ հայերս, հասկանում ենք, թե ինչու են տղամարդիկ արտագնա աշխատանքի գնում, այլ կերպ ենք ընկալում ֆիլմը, բայց օտարերկրացիների համար սա կարող է տարօրինակ թվալ. ինչպիսի՞ արձագանքներ եք լսում այլազգի կինոդիտողներից:
- Այս ֆիլմի պրեմիերան եղել է նախորդ տարի՝ Գերմանիայում, հետո՝ Լիոնում. շատ հետաքրքիր քննարկումներ եղան, մարդիկ հարցնում էին Հայաստանի մասին, թե ինչու են տղամարդիկ այդ ճանապարհը բռնում եւ այլն: Զարմացած եւ հետաքրքրված էին, եւ երբ ասացի, որ ֆիլմից հետո երկու տղամարդ վերադարձան հայրենիք, նրանք շատ էին ուրախացել:

Լիոնում մի կին հետաքրքրվում էր, թե երեխաները բացի դպրոցից, ինչ զբաղմունքներ ունեն, ասաց, որ կուզեր որեւէ գյուղում մշակութային մի կենտրոն բացել: Այս գյուղերում հաճախ չկան կենտրոններ երեխաների համար: Լիճքում կա ընդամենը երկու խմբակ:

Կադրը՝ «Կանանց գյուղը» ֆիլմից


- Ի՞նչ կարող է տալ այս ֆիլմը Լիճքին կամ մյուս գյուղերին:
- Արտագնա աշխատանքը դարձել է նորմալ գյուղերի համար, ես այն հույսն ունեմ, որ այս ֆիլմը դիտելով՝ մարդիկ կարող է մի քիչ մտածեն, գցեն-բռնեն՝ արդյոք դա պարտադիր է, արդյոք կենսական նշանակություն ունի իրենց համար: Խոսեցի այն տղամարդկանցից մեկի հետ, ով վերադարձել է գյուղ եւ հիմա այնտեղ է աշխատում: Նա ինձ ասաց, որ չնայած ավելի քիչ է վաստակում, բայց գոնե ընտանիքի կողքին է, իսկ աշխատանքն էլ մշտական է: Չէ՞ որ արտագնա աշխատանքը սեզոնային է լինում եւ ոչ մշտական: Ես չեմ ուզում դատել, բայց կուզեի, որ սա իրենց մտածելու տեղիք տա: Ես շատ անգամ տեսնում էի տղամարդկանց աչքերում, թե ինչքան դժվար է նրանց կյանքն օտար երկրում:

- Իսկ Ձեզ ի՞նչ տվեց այս ֆիլմը:
- Շատ բան: Իմ ամեն մի ֆիլմը ծնվում է ինչ-որ բան հասկանալու պահանջից: «Ձյուն կար» ֆիլմում ուզում էի հասկանալ օտարության մեջ ապրող մարդկանց՝ ինչպես են, օրինակ, սպասում իրենց օրինական փաստաթղթերն ունենալուն, այս ֆիլմն էլ սպասման մասին է: Իմ ֆիլմերում սպասում երեւույթը մեծ տեղ է գրավում:

- Դո՞ւք էլ եք կարոտում եւ սպասում:
- Իհարկե: Ես արդեն 25 տարի է՝ ապրում եմ հայրենիքից դուրս. երբ ծառին պոկում ես իր արմատներից, նա սկսում է հովի հետ գնալ աջ եւ ձախ, փորձում է արմատներ գցել, հին արմատն էլ չկա, բայց փորձում է փոքրիկ արմատներ ստեղծել, այդ վիճակում եմ: Ես միշտ փորձում եմ երկխոսություն ստեղծել հայրենակիցներիս հետ, իմ կարծիքով՝ դա իմ՝ Հայաստանում «ապրելու» ձեւն է: Փորձում եմ ապրել Հայաստանում, բայց՝ իմ ֆիլմերով:

Զրուցեց Էլլադա Բարսեղյան-Ղուկասյանը/BRAVO.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/
Լուսանկարները՝ Թամարա Ստեփանյան-Ֆերարիի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին