×


Մահացել է Արմեն Ջիգարխանյանը

Այսօր առավոտյան Մոսկվայում 85 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը:

Այդ մասին հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով դերասանի անունը կրող թատրոնի պաշտոնական ներկայացուցչին:

Վերջին տարիներին Արմեն Ջիգարխանյանը պարբերաբար առողջական խնդիրներ էր ունենում, 2018 թվականին հոսպիտալացվել էր սրտի կաթվածով:

Ծնվել է Երեւանում: 1953թ. ավարտել է Երեւանի Ա. Չեխովի անվան միջնակարգ դպրոցը: 1953-54թթ., որպես օպերատորի օգնական, աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: 1954-58թթ. սովորել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Վարդան Աճեմյանի, ապա` Արմեն Գուլակյանի արվեստանոցներում: Առաջին անգամ բեմ է դուրս եկել 1955թ.-ին` Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում Վ. Գուսեւի «Իվան Ռիբակով» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման մեջ: 1955-67թթ. աշխատել է Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում` որպես դերասան:

1967թ. տեղափոխվել է Մոսկվայի Լենինյան կոմսոմոլի թատրոն: 1969-96թթ խաղացել է Մոսկվայի Վ.Մայակովսկու անվան թատրոնում: 1996թ.-ից շարունակել է ելույթներ ունենալ այլ թատրոնների բեմերում եւ անտրեպրիզային (մասնավոր) բեմադրություններում: Դերակատարումեր է ունեցել բազմաթիվ ռուսական ֆիլմերում եւ կադրից այն կողմ մարմնավորել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի բազմաթիվ մուլտհերոսների:

1979թ. Վլադիմիր Վիսոցկու հետ խաղացել է «Հանդիպման վայը փոխել չի կարելի» 5-սերիանոց ֆիլմում: 1981թ. նկարահանվել է ռուս-ֆրանսիական «Թեհրան 43» ֆիլմում: 1991-96թթ դասավանդել է Մոսկվայի Գերասիմովի անվան համառուսական պետական կինեմատոգրաֆիայի համալսարանում: 1996թ.-ից ղեկավարել է Մոսկվայի դրամատիկական թատրոնը: Նկարահանվել է ավելի քան 250 գեղարվեստական եւ հեռուստաֆիլմերում: Գրանցվել է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում` որպես ամենաշատ նկարահանված դերասան:

Խաղացած ֆիլմերից են` «Փլուզում» (1960թ), «Բարեւ, ես եմ» (1965թ), «Եռանկյունի» (1967թ), «Տղամարդիկ» (1973թ), «Բարեւ ձեզ, ես ձեր մորաքույրն եմ» (1975թ), «Հարսնացուն հյուսիսից» (1975թ), «Երբ գալիս է սեպտեմբերը» (1975թ), «Արեւիկ» (1978թ), «Հուսո աստղ» (1978թ), «Գիքոր» (1982թ), «Ալի Բաբան եւ 40 ավազակները» (1983թ), «Օտար խաղեր» (1986թ), «Մենավոր ընկուզենի» (1987թ), «Մոսկովյան արձակուրդներ» (1995թ), «Ռեւիզորը» (1996թ), «Մարգո թագուհի» (1997թ), «Մեր բակը 2» (1998թ), «Իմ հիասքանչ դայակը» (2004թ), «Երեք հրացանակիրներ» (2004թ), «Ռուդ եւ Սեմ» (2007թ), «Լավագույն ֆիլմ» (2008թ), «Եռյակը» (2010թ), «12 ամիս» (2013թ), «Գլխավոր կոստրուկտոր» (2014թ), «Չայկա բոցմանը» (2014թ), «Թելի եւ Թոլի» (2015թ), «Վերջին ենիչերները» (2015թ) եւ այլն:

1975թ. «Եռանկյունի» ֆիլմի համար արժանացել է ՀՀ պետական մրցանակի: 1966թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1973թ.` Ռուսաստանի, 1977թ.` Հայաստանի, 1985թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: 1999թ. ԱՄՆ-ի կառավարության քվոտայով ստացել է «Գրին-քարտ»` մշակույթի ականավոր գործիչների համար:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին