×


Լուսանկարը՝ Էդգար Հարությունյանի Դադիվանքը

ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջարկում է փորձագետների խումբ ուղարկել Արցախ՝ հուշարձանները հաշվառելու

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ այցելել է «Հայաստան» հիմնադրամի ֆրանսիական մասնաճյուղի կենտրոնակայան, որտեղ այս օրերին ընթանում է ամենամյա դրամահավաք-հեռախոսամարաթոնը։

Այս տարի միջոցառումը նվիրված է Արցախյան պատերազմի արդյունքում տեղահանված եւ ունեզրկված հազարավոր արցախահայության կարիքներին։
Մակրոնը եւս հայտարարել է, որ Ֆրանսիան մարդասիրական օգնություն կուղարկի. առաջին ինքնաթիռը կհասնի նոյեմբերի 22-ին, երկրորդը՝ նոյեմբերի 27-ին, ուղեկցողը կլինի ֆրանսահայ ճանաչված ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը։

Ֆրանսիայի նախագահն ավելի վաղ թվիթերյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով.«Ֆրանսիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում եւ Հակամարտություններում ժառանգության պաշտպանության դաշինքի հետ՝ պատրաստ է ներդնել իր փորձը եւ լիակատար աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի եւ նրա շրջակայքի մշակութային եւ կրոնական ժառանգության պաշտպանության գործում»։

Արցախի վիճահարույց տարածքների հարցի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունում 2020թ.-ի նոյեմբերի 10-ին հաստատված հրադադարից հետո մեծացել են մտահոգությունները հայերի կորցրած տարածքներում գտնվող նրանց հազարամյա մշակութային ժառանգության պահպանման հետ կապված:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջարկել է փորձագիտական առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ «շահագրգիռ կողմերի համաձայնությամբ»՝ տարածաշրջանի մշակութային արժեքները հաշվառելու համար. երեկ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Փարիզում տեղակայված կրթական, գիտական եւ մշակութային կազմակերպությունը. այս մասին հայտնում է «Ֆրանս Ինֆո» ռադիոհեռուստակայանը՝ հղում անելով ֆրանսիական «Ֆրանսպրես» (AFP) լրատվական գործակալությանը։

Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում կառույցի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն առաջարկել է «ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծառայությունների տեխնիկական աջակցությունը՝ հնարավոր առաքելությունը նախապատրաստելու համար, որով կիրականացվի ամենակարեւոր մշակութային շինությունների նախնական գույքագրումը՝ որպես տարածաշրջանի ժառանգության արդյունավետ պաշտպանության նախապայման»:

Իր զրուցակիցների հետ Օդրի Ազուլեն «վերահաստատել է մշակութային ժառանգության համընդհանուր արժեքը, պատմության ականատեսն ու ժողովուրդների ինքնությունից անբաժան լինելը, ինչն էլ միջազգային հանրությունը պարտավոր է պաշտպանել»՝ փոխանցում է «Ֆրանս Ինֆո»-ն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարությունը զգուշավոր համարելով եւ ընդծելով, որ այն տեսանելիորեն զերծ է մնում տարածաշրջանում հայերի պատմական ներկայությունը լուսաբանելուց:

Ազուլեն նաեւ անդրադարձել է զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի 1954 թ. կոնվենցիային, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությանը հնարավորություն է տալիս ուղարկել այդպիսի առաքելություն, ինչը, սակայն, երբեւէ չի պատահել: Ուստի սա կլինի առաջին դեպքը:

Նման առաքելության իրականացման հնարավորությունն ապահովելու համար Օդրի Ազուլեն վերջին օրերին մի շարք խորհրդակցություններ է անցկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանի հետ եւս խորհրդակցություն է անցկացվել այն բանից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահը եւ Արտաքին գործերի նախարարը շեշետել էին, որ կարեւորում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերն այս խնդրի կարգավորման գործում։ Ռուսաստանը շեշտել է, որ լիովին կաջակցի այս նախագծին։

Վանդալիզմի եւ ոչնչացման գործողությունների մասին ահազանգեր

Վերջին շաբաթներին ՅՈՒՆԵՍԿՕ-ն տեղեկատվություն է ստացել Արցախի ժառանգության եւ մշակութային արժեքների վրա կատարված վանդալիզմի եւ ավերածությունների մասին ադրբեջանցի զինվորների կողմից, այդ տեսանյութերը շրջանառվում են սոցիալական ցանցերում: Հայերը վախենում են իրենց ներկայության հետքերի ուղղակի ջնջումից՝ հնայմա այն տարածաշրջանում, որտեղ կան շատ հին վանքեր՝ հինգերորդ, նույնիսկ չորրորդ դարի: Շատ հին հայկական հուշարձաններ արդեն ջնջվել էին 2000-ականներին Ադրբեջանի կողմից վերահսկվող մեկ այլ տարածքում ՝ Նախիջեւանում:

Պատրաստեց Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանը/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին