×


«Մենք երեւի չենք հասկանում, որ մեր կյանքի իսկական երաշխավորները մեր զինվորներն են». Վարդան Պետրոսյան

«Ողջ մնալու արվեստը» (ՈՄԱ) ներկայացրել է Արցախյան պատերազմի կամավորների մեկ օրը Վարդան Պետրոսյանի աչքերով, որում դերասանը կիսվել է առաջնագծի տղաների, ի դեպ, նաեւ որդու՝ Հայկ Պետրոսյանի հետ ունեցած  հանդիպաման տպավորություններով եւ պատերազմի մասին խոհերով: Տեսանյութը նկարահանվել է զինադադարից հետո:

«Շատերին թվում է, թե պատերազմը վերջացավ այս չարաբաստիկ համաձայնագրով, բայց այդպես չէ. միգուցե ճակատամարտն ավարտվեց, բայց պատերազմը շարունակվում է»,- կարծում է դերասանը:

Մի քանի օր առաջ զորամասի հրավերով եղել է առաջնագծում՝ զինվորներին տեսնելու, զրուցելու, ոգեշնչելու.

«Հանդիպեցի հերոսության, որը հագել էր համեստության մի զգեստ: Հերոսությունն ու խոնարհությունը միասին ես երբեք չէի տեսել:

Ոմանց թվում է, թե ռուս խաղաղապահները եկել են, եւ բոլոր հարցերն արդեն լուծված են, բայց այդպես չէ. առաջնագծում այժմ էլ մեր զինվորներն են, մեր բանակը. այդ փաստաթղթից մինչեւ կյանք բավական երկար ճանապարհ է: Մեր տղաներն անձնազոհաբար են կռվել՝ չզիջելու ոչ մի մետր ավելի հող, որովհետեւ թշնամին ցանկացել է պոկել, որքան հնարավոր է»:

Հանդիպումը, սակայն, հպարտությունից զատ տխրելու եւ մտորելու առիթ էլ է տվել դերասանին.«Ինձ շատ մտահոգեց այն փաստը, որ նրանք այս քաղաքական կյանքի գոռգոռոցի մեջ իրենց մոռացված են զգում, այնինչ ամենակարեւորն են: Մենք երեւի չենք հասկանում, որ մեր կյանքի իսկական երաշխավորները մեր զինվորներն են:

Ես ասում էի՝ դուք մոռացված չեք, նրանք ձեզ հիշում են, աղջիկները՝ սպասում, ապա ո՞ւր են այդ նամակներն ու սրտիկները, որ գրում էին պատերազմի օրերին. ինչո՞ւ հանկարծ մոռացանք. մենք իրավունք չունենք մոռանալ նրանց. չի կարելի լքել նրանց: Այս հերոսներն են մեր պատմության կերտողները, եւ մենք էլ մեր հերթին պետք է քիկունքում ամուր լինենք:

Տղաներից մեկը խնդրեց Երեւանից մի լավ բան ասել. ասացի՝ Երեւանում այնքա՜ն սիրուն աշուն է: Ի՞նչ ասեի, սիրտս կտոր-կտոր էր լինում»:

Դերասանի խոսքով՝ տղաներից յուրաքանչյուրն իրեն ցույց է տվել այն կյանքը, որ իրենք ապրել եւ ապրում են թշնամուց մի քանի հարյուր մետր հեռավորության վրա. «Ամեն տեղ ինձ հյուրասիրում էին սուրճ, թեյ. այնքան համով էին կատակում. նրանց ուրախությունն այլ ուրախություն է, հաց ուտելն ուրիշ է, ընկերությունն է ուրիշ, քանի որ մահվան առջեւ կյանքն այլ երանգներ է ստանում, այլ կերպ է իմաստավորվում: Նրանք կյանքի իսկական ընկերներն են՝ մահվան դեմ կռիվ տվող: Ինչպես ասում է Նժդեհը՝ «Իսկական հերոսը չգիտի, որ հերոս է». գուցե մեր տղաներն էլ չգիտեն՝ ինչ հերոսներ են իրենք, բայց մենք էլ հո գիտե՞նք»:

Առաջնագծում Վարդան Պետրոսյանը հանդիպել է նաեւ որդուն՝ Հայկին.«Արդեն մթնում էր, երբ որդիս հանկարծ հեռվից ինձ տեսավ, մոտեցավ, գրկախառնվեցինք, տաք շարֆս փոխանցեցի իրեն: Ժամանակ չկար. մի քանի րոպե զրուցեցինք կենցաղային հարցերից, բայց երեւի ամենակարեւորը չասացինք…

Էնտեղ՝ առաջնագծում, զարմանալի մի զգացողություն ունեցա. բոլորը կարծես իմ զավակները լինեին, եւ սրանք բանաստեղծական տողեր չեն. մեր բոլոր հերոսները մի մեծ ընտանիքի զավակներ են», - զրույցն ամփոփել է դերասանը:

Պատրաստեց՝ Էլեն Աղաջանյանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին