×


«Մենք պետք է կառչենք Արցախը վերադարձնելու երազանքից եւ այն իրականություն դարձնենք». Դանիել Դեքեր

Ամերիկացի երաժիշտ Դանիել Դեքերը պատերազմի ողջ ընթացքում հայ ժողովրդի կողքին էր: Առաջին իսկ օրերից ժամանեց Երեւան՝ աջակցելու իր ընտրած հայրենիքին, ինչպես նաեւ հենց այդ ծանր օրերին նկարահանեց «Իմ Արցախ» երգի տեսահոլովակը:

BRAVO.am-ի իրականացրած հարցազրույցում երաժիշտը խոսել է ոչ միայն նոր աշխատանքի, այլեւ պատերազմական օրերին ունեցած ապրումների ու ապագայի հետ կապված հույսերի մասին:

- Պարոն Դեքեր, բազմիցս եղել եք Հայաստանում, իսկ Արցախում հասցրի՞ք լինել:

- Այո, երկու անգամ եղել եմ Արցախում: Վերջին այցս 2017-ին էր, երբ համերգով հանդես եկա Շուշիի մշակույթի եւ երիտասարդության նորակառույց կենտրոնում: Պատերազմական օրերին Հայաստան գալու որոշումս էլ կայացրի հենց այն պահին, երբ տեսա ավերված կենտրոնի լուսանկարները: Մտածեցի, որ այս դժվար ժամանակաշրջանում պետք է աջակցեմ Արցախին եւ Հայաստանին: Իհարկե, պատերազմի ելքը կոտրեց սիրտս: Ինչպես բոլոր հայերը, ես էլ վիշտ ու զայրույթ զգացի: Արցախն իրավամբ հայկական հող է, իսկ Ադրբեջանի կողմից նախաձեռնված հարձակումն անարդար սադրանք էր: Ես հավատում եմ, որ հայերը կվերադարձնեն այն հողը, որը հազարամյակներ շարունակ հայկական է եղել:

- Հայաստանում լինելու օրերին հասցրիք նկարահանել «Իմ Արցախ» երգի տեսահոլովակը. ի՞նչ ապրումներով էիք աշխատում՝ գիտակցելով, որ հենց այդ  պահին էլ Արցախում թեժ մարտեր են:

- «Իմ Արցախը», որը գրել է Հասմիկ Հախվերդյանը, շատ անձնական երգ է ինձ համար: 2017-ին ես այն երգեցի շուշեցիների համար, ինչպես նաեւ Ստեփանակերտում՝ Արցախի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ:

«Իմ Արցախ» երգի հոլովակի նկարահանումներին


Ապրումներն ու մտքերն անբացատրելի էին. այժմ այս երգը նվիրված է նաեւ 2020-ի Արցախյան պատերազմի հերոսների հիշատակին, ովքեր իրենց կյանքն անգամ չխնայեցին՝ ի պաշտպանություն հայրենի հողի:

Երգում եւ տեսահոլովակում ընդգրկել ենք նաեւ փոքրիների, ովքեր ներկայացնում են հերոսների եկող սերունդը: Ի դեպ, տեսահոլովակը մոնտաժային վերջին փուլում է եւ շատ շուտով կթողարկվի:

- Այսօր մի կարեւորագույն խնդիր էլ ունենք՝ պաշտպանել մեր պատմությունն ու մշակութային ժառանգությունը. կարծում եք՝ հնարավո՞ր է:

- Իմ կարծիքով՝ դժվար կլինի հասնել դրան, բայց մենք պետք է շատ ակտիվ լինենք՝ միջազգային հանրությանն այդ անհավանական մշակութային ժառանգության պահպանության կարեւորությունը ներկայացնելու գործում:

- Հայերի համար բավական ծանր շրջափուլ է, Դուք էլ Ձեզ հայ եք համարում. հոգեպես բուժվելու ճանապարհ տեսնո՞ւմ եք:

- Քանի որ հայն առաջին քրիստոնյա ազգն է, մեր ուժը գալիս է հավատքից. այսպիսով՝ մեր հայացքը պիտի ուղղված լինի Աստծուն: Քրիստոնեությունը միահյուսված է հայոց պատմությանը՝ Նոյից եւ Արարատից մինչեւ Մաշտոց եւ հայկական գրերի ստեղծում ու Գրիգոր Լուսավոիչ: Արվեստը եւ մշակույթը նույնպես հաղորդագրություններ ուղարկելու, ինչպես նաեւ հոգին ու սիրտը բուժելու հզոր միջոց են: Այս ամենը կարող են մեզ ոգեշնչել, մարտահրավեր նետել եւ դաստիարակել, երբ մենք աշխատենք Արցախի անխուսափելի վերամիավորման ուղղությամբ: Դա լինելու է: Մենք պետք է կառչենք այս երազանքից եւ այն իրականություն դարձնենք:

Զրուցեց՝ Էլեն Աղաջանյանը
Լուսանկարները՝  Դանիել Դեքերի արխիվից
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին