×


Նարինե Աբգարյանը եւ Նարինե Գիժլարյանը

«Բնագրի հետ զրույցի եմ բռնվում». Նարինե Գիժլարյան

Թարգմանությունն, ասում են, կնոջ պես է. կամ հավատարիմ է, կամ գեղեցիկ։ Բայց, եթե հավատարիմ չեղար, հաջորդ անգամ, դժվար թե հեղինակը քեզ վստահի իր գործերը։ Իսկ, օրինակ, Նարինե Գիժլարյանը Նարինե Աբգարյանի արդեն երրորդ գիրքն է թարգմանել՝ «Զուլալին»։

««Մանյունյայի» թարգմանությունիցս հետո հեղինակի նախապայմանն էր հրատարակիչներին, որ իր այդ երկու գործերը հենց ե՛ս թարգմանեմ, այդուհանդերձ իմ ու Նարինեի (եւ առհասարակ, այլ հեղինակների կամ նրանց իրավահաջորդների) հետագա համագործակցությունը պայմանավորում է հրատարակիչը: Ինչպես կասեր Ալ Կապոնեն՝ Nothing personal, it’s just business…»,-ասում է Գիժլարյանը, ով թերեւս, ոչ թե թարգմանում է, այլ ասեղնագործում է։ Կարդալով նրա թարգմանությունները՝ մի պահ մտածում ես՝ մի՞թե սա հենց այս լեզվով չի ստեղծվել։

- Ի՞նչն է օգնել այդպես լավ լեզու գտնել՝ բառի բուն իմաստով։
- Երեւի Նարինե Աբգարյանին կես ակնարկից ընկալելու կարողությունն ու հայերեն թարգմանության նշաձողը մշտապես բարձր պահելու մղումը: Սիրտ ու հոգի ներդրեցի թարգմանելիս, վերադարձա իմ մանկության վայրերը եւ էլ ինչ ասես, որ չվերապրեցի:

- «Մանյունյան» շատ էր սիրվել նաեւ հայալեզու թարգմանության շնորհիվ, ի՞նչ ապագա կկանխատեսեք «Զուլալիի» համար։
- Ընթերցողը շատ կհավանի: «Մանյունյան» 1990-ականների ռուսական գրահրատարակչական վիթխարի պտուտախաղի առաջ կարծես պատահաբար հայտնված խաղացողի լավ խաղադրույք էր հրատարակչի համար՝ Նարինե Աբգարյանի հաջողությունն ապահոված «jackpot»-ը: Այդուհանդերձ «Զուլալիի» հետ համեմատության եզրեր դնել չարժե, մանավանդ, որ առաջինը մանկական հուշեր պարունակող եւ մանկապատանեկան ժանրին դասվող վեպ է, այսպես ասած՝ ընթերցողի ախորժակը գրգռող ապերետիվ: Իսկ «Զուլալին», պատմվածքների ժողովածու լինելուց զատ, բացահայտում է Նարինե Աբգարյան գրողին: Այստեղ կերպարները հիմնականում արդեն այլ աշխարհագրության ու ձուլվածքի մարդիկ են, որոնց ճակատագրերը այլազանությամբ հանդերձ մի ընդհանրություն ունեն. ընթերցողի մեջ յուրօրինակ հետք են թողնում ու ներքուստ ջերմացնում:

- «Զուլալին» ունի յուրահատուկ երանգներ եւ նրբություններ: Մտավախություն կա՞ր, որ չեք կարողանա դրանք ճիշտ փոխանցել ընթերցողին։
- Մտավախության մասին ձեր մտավախությունը կարող է վերաբերել դիվանագետին. անգամ ամենափայլուն դիվանագետը գուցե մտավախություն ունենա, որ հակառակ իր բոլոր ջանքերին, գիտելիքներին ու անձնական հմայքին, ընթացիկ բանակցությունները գուցե մի օր փակուղի մտնեն, եւ գիտակցի, որ իր անձնական գործոնը թերեւս կարող է պայմանավորել բանակցությունների մթնոլորտը, բայց ոչ՝ ելքը, եւ որ հաջողության հասնելու համար կան դիվանագետից չկախված բազում օբյեկտիվ, նաեւ՝ աշխարհաքաղաքական գործոններ: Իսկ ի՞նչ մտավախություն պիտի ունենա թարգմանիչը. նրա գործի հաջողության միակ գործոնն ինքն է, իր դիմաց բացված բնագիր տեքստն ու լռությունը: Պատահում է, իհարկե, որ թարգմանիչը ժամերով լռվի մեն մի պարբերության կամ նախադասության վրա, բայց ի վերջո հաղթահարում է խոչընդոտն ու գտնում լավագույն տարբերակը, հակառակ դեպքում պիտի մեկընդմիշտ թողնի թարգմանական գործն ու իր համար այլ զբաղմունք գտնի:

Նարինե Գիժլարյանը


-Որպես հայերեն տարբերակի առաջին ընթերցող՝ ի՞նչ կասեք գրքի մասին, ինչպես կբնութագրեք այն:
- Շատ սիրուն, հայկական, թախծոտ ու բարի պատմություններ են: Հայերենը շատ է ներդաշնակում էդ մթնոլորտին, ապրումներին, հերոսներին: Նարինեն հայերեն լավ է հնչում, ընթերցվում, ներսումդ արձագանքում: Դե, ես էնքան էլ անաչառ ընթերցող չեմ այս պարագայում, ընթերցողի տեսանկյունից չեմ կարող դատել:

- Իսկ Նարինեն կարդացե՞լ է, թարգմանելիս քննարկումներ ունենո՞ւմ եք, անհամաձայնություններ։
-Նարինեն թերեւս նախընտրում է հաճելի անակնկալի էֆեկտը՝ դրանով ուժգնացնելով կանխավայելքը. հայերեն տարբերակը միանգամից կարդում է տպագրված գրքով, էն ծնողի պես, որ «երեխայի սեռն» իմանում է նրա ծնվելուց հետո միայն: Ինչ վերաբերում է հեղինակի հետ տեքստի այս կամ այն դրվագի կամ արտահայտության վերաբերյալ քննարկումներ ծավալելուն՝ թարգմանության փուլում հազվադեպ ենք նման քննարկում ունենում: Հիմնականում բնագրի հետ եմ զրույցի բռնվում՝ վերծանում, ըմբռնում տեքստի, ասելիքի նրբերանգները:

- Ձեր անձնական կարծիքը գրքի մասին. ինչի՞ մասին է, ի՞նչ ուղերձ ունի հանրությանը եւ ո՞ւմ համար է այն գրված։
- «Զուլալի» ժողովածուի հանդեպ վերաբերմունքս մասամբ արտահայտել եմ նախորդ հարցերին պատասխանելիս: Դե, էլ ինչ ավելացնեմ: Խոհարարի պես գործի եմ դրել բոլոր համեմունքներն ու հնարքները, ու միակ հոգսս այժմ ոչ թե սեփական քիմքս է, այլ՝ համտեսողների հավանումները (ֆեյսբուքյան եզր օգտագործեցի):
 
«Մանկությանս քաղաքի ստվերներն անկենդան են ու լռակյաց. ձգվում են մի տնից մյուսը, ասես կառչում են սառցե մատներով՝ անդունդը չգլորվելու համար: Աչքերը փակելիս կարելի է հիշել՝ քաղաքն ինչ տեսք ուներ նախկինում. կանաչ ու մառախլապատ, կանխահաս անձրեւների բույրով եւ լուսաբացներին սրթսրթացող լեռնային շուշաններով:

Լուսանկարչական սրահի ցուցափեղկը ծածկված է պոլիէթիլենային թաղանթով. ապակիները փշրվել են պայթյունի ալիքից, նորը դնելն էլ իմաստ չունի, քանի որ փշրվելու է հերթական գնդակոծությունից: Տակնուվրա եղած ցուցափեղկին մեջքով կանգնելու ու Մաչուչայի աչքերին չնայելու դեպքում պատրանք է ստեղծվում, թե ոչինչ էլ չի փոխվել»:


Ժողովածուի «Մաչուչա» պատմվածքից էս երկար մեջբերումն արտահայտում է իմ ապրումները՝ գիրքը թարգմանելիս, էն նույն ապրումները, ինչ ունեցել են սահմանամերձ շրջանի իմ շատ ու շատ սերնդակիցներ: Պատերազմի, կորստի, կարոտի, սիրտ ծակող հուշի ու անդառնալիության զգացում, որ ավաղ սրվել է այս օրերին ու ցավալիորեն հրատապ դարձել: Սիրո, հույսի ու բարության ուղերձներ, որոնց հասցեատերը բոլորն են: Մի խոսքով, գնեք, կարդացեք, զմայլվեք, զուլալվեք:

Զրուցեց Սերինե Միքայելյանը
Լուսանկարները՝ Նարինե Գիժլարյանի ֆեյսբուքյան էջից
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին