×


«Վիշապը»․ Նարեկ Մարգարյանը հեղինակել է հայկական առաջին սուպերհերոսի մասին կոմիքսը

Սարդ մարդու, Սուպերմենի, Բեթմենի, Երկաթե մարդու եւ հայտնի ու սիրված այլ սուպերհերոսների կողքին արդեն կա նաեւ հայկական անուն՝ Վիշապը, որը եկել է եւ պատրաստ է զարմացնել ու ոգեշնչել ժանրի սիրահարներին։ Հայկական առաջին սուպերհերոսի մասին կոմիքսի շնորհանդեսին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, լուսանկարել է հյուրերին, զրուցել կոմիքսի հեղինակների հետ ու ծանոթացել նախագծի մանրամասներին։

Երեւանյան միջավայրն ու հայ հերոսներին ներկայացնող կոմիքսի սցենարի հեղինակը հաղորդավար, հումորիստ Նարեկ Մարգարյանն է, որի խոսքով՝ դեռ տասը տարեկանից է սկսել նկարել ու հորինել կոմիքսներ, երբ դեռ սուպերհերոսների մասին պատմություններն այդքան հայտնի չէին.«Հետո երկար ժամանակ ցանկություն ունեի նման մի բան անել Հայաստանում, երբ արդեն սկսել էի ֆիլմերի սցենարներ գրել եւ այլն։ Բայց միշտ մտավախություն կար, որ շատ քչերին կհետաքրքրի, քանի որ ժանրը դեռ այդքան հայտնի չէր մեզ մոտ եւ ընդհանրապես։ Բայց երբ Մարվելի ֆիլմերն ամբողջ աշխարհը գրավեցին, մտածեցի, որ այ, հիմա այդ պահն է։ Եվ շատ ուրախ էի, որ հանդիպեցի Անդրանիկին, քանի որ նախագիծը սկիզբ առավ, ու սկսեցինք միասին գրել այս պատմությունը»։

«Վիշապը» կոմիքսի շնորհանդեսին


Անդրանիկ Ասատրյանը կոմիքսի նկարիչն է, որի օգնությամբ էլ ստեղծվել է Վիշապի կերպարը։ Նրա խոսքով՝ սկզբում էսքիզներ են եղել, թե մոտավորապես ինչպիսի դետալներ ու գույներ պետք է լինեն կոմիքսում, բայց վերջնական գործում ինքն է ուղղորդել նախագծի մյուս հեղինակներին։ Լրագրողների հետ զրույցում էլ խոստովանեց, որ իր սիրելի հերոսն այս պատմության մեջ Տուրբո կինն է. «Ընդհանրապես ամեն մեկս մեր բնագավառում, մեր մասնագիտության մեջ պետք է ունենանք մեր հերոսը, որից կոգեշնչվենք, կստեղծագործենք ու կզարգացնենք մեր կարողությունները։ Ինձ համար շատ հաճելի էր աշխատել այս նախագծի վրա, քանի որ կոմիքսների ժանրը բավական հայտնի ու արդիական է մեր օրերում»։

Հայկական առասպելական մոռացված կերպար Վիշապին երկրորդ կյանք տված Նարեկ Մարգարյանի կարծիքով՝ իրենց ստեղծած հերոսը երեխաներին սովորեցնում է կարծրատիպերից դուրս մտածել, փորձել արագ լուծումներ գտնել, պայքարել նրա համար, ինչն արդար է, եւ չհանձնվել։ Ինչ վերաբերում է հարցին, թե հետագայում նախատեսում են արդյոք կոմիքսն էկրանավորվել, Նարեկը նշեց՝ ցանկությունը շատ մեծ է.«Ինձ թվում է՝ այս պատմության ամենագրավիչ մասն այն է, որ իրադարձությունները տեղի են ունենում Երեւանում, մի փոքր էլ՝ Երեւանից դուրս։ Մի բան է, երբ տեսնում ես՝ ինչպես է Սարդ մարդը ցատկում Նյու Յորքի երկնաքերերի վրայով, այլ բան է, երբ Փակ շուկայի դիմացով են անցնում հերոսները, գնում Հաղթանակ կամրջի մոտ, եւ այդ ամենը շատ իրական է (ժպտում է,- հեղ․):

Դավիթ Միրոյանը, Արման Միտոյանը, Սոս Ջանիբեկյանը եւ Արշո Հարությունյանը


Նախագծի պրոդյուսերական թիմը նույնպես հավատացած է, որ շուտով կոմիքսը նաեւ ֆիլմի կվերածվի, բայց մինչ այդ դեռ պետք է աշխատեն հետագա համարների թողարկման վրա.«Նախագծի մտահղացման ու իրականացման հեղինակներն են Ռուբեն Ջաղինյանն ու Արման Միտոյանը։ Հուսով ենք՝ մարդիկ կսիրեն մեր ստեղծած սուպերհերոսին, եւ նրա մասին պատմությունը շարունակական շարք կդառնա։ Ամեն ինչ կախված է արձագանքներից։ Կարծում ենք՝ մեր երեխաներն ունեն նման կերպարի կարիք, որը նրանց համար մոտիվացիայի առիթ կդառնա։ Եվ իհարկե, հրաշալի կլինի, եթե մի օր կոմիքսն էկրանավորվի։ Բոլորս, ովքեր աշխատում ենք այս նախագծի վրա, այդպիսի շատ մեծ ցանկություն ունենք, բայց դրա համար նախադրյալներ պետք է լինեն»,- հավելեց նախագծի գործադիր պրոդյուսեր Դավիթ Միրոյանը:

Իսկ մենք նշենք, որ «Վիշապը․ Տուրբո կնոջ հարձակումը» կոմիքսի առաջին համարն արդեն վաճառքում է Երեւանի բոլոր գրախանութներում։ Այս օրերին այն հետաքրքիր նվեր կարող է դառնալ երեխաների եւ, ինչո՞ւ ոչ, նաեւ սուպերհերոսների մասին պատմությունների սիրահար մեծահասակների համար:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին