Անցնող 2020 թվականը դժվարություններով ու փորձություններով լի է եղել գործունեության տարբեր ոլորտների մարդկանց, այդ թվում` նորաձեւությամբ զբաղվող մասնագետների համար։ Դիզայներ, ոճաբան, բլոգեր, «FashionDrug accessories» բրենդի հիմնադիր Անահիտ Ղազարյանը BRAVO.am-ի հետ զրույցում ամփոփել է տարին, կիսվել իր մտքերով, պատմել անցած ճանապարհի եւ ապագա ծրագրերի մասին։
Հատկանշական է, որ նորաձեւությունն Անահիտի կյանքում շատ ավելի ուշ է եկել որպես աշխատանք եւ գործունեության հիմնական ուղղություն։ Մասնագիտությամբ արվեստաբան եւ պատմաբան Անահիտ Ղազարյանն ութ տարի որպես պատմության ուսուցչուհի դպրոցում դասավանդելուց հետո է հասկացել, որ ցանկանում է առաջին քայլերն անել նորաձեւության ասպարեզում։ Թեեւ ինչպես նշում է, միշտ է հետաքրքրված եղել այդ ոլորտով․ «Դեռ շատ փոքր տարիքից մայրս միշտ օրինակ է եղել ինձ ու քրոջս համար։ Նրան տեսնելով՝ հասկացել ենք, որ կինը պետք է խնամված լինի, հետեւի իրեն ու ճաշակով հագնվի։ Ինքս էլ միշտ աչքի եմ ընկել իմ ստեղծած կերպարներով, հագուստի ու աքսեսուարների հետաքրքիր ընտրությամբ եւ գույների յուրօրինակ համադրմամբ։ Ինչ-որ պահի հասկացա, որ դա ուղղակի զբաղմունք չէ ինձ համար, եւ կարելի է վերածել աշխատանքի»,- պատմում է Անահիտը։
Անահիտ Ղազարյանը
Նա նաեւ ընդգծում է, որ իր մասնագիտական ընտրության համար երբեք չի փոշմանել, կարծում է՝ ճիշտ որոշում է կայացրել՝ արվեստաբանության, իսկ այնուհետեւ՝ պատմության ֆակուլտետներում սովորելով․ «Դժվար է 17 տարեկանում ունենալ նախընտրություն ու ճիշտ մասնագիտություն, բայց իմ բախտը բերել է այդ հարցում։ Սրտիս կանչին հետեւելով՝ հասկացել էի, որ արվեստի աշխարհն ինձ շատ է գայթակղում, եւ կարելի է ասել՝ հենց ԵՊՀ-ում սովորելու տարիներին էլ սկսվեց իմ ստեղծագործական ուղին։ Իսկ Մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետն ավարտելուց հետո իմ կյանքում շատ հետաքրքիր ու երջանիկ ժամանակներ սկսվեցին, երբ դպրոցում որպես ուսուցչուհի էի աշխատում։ Պարզապես տարիներ հետո հասկացա, որ շատ ավելին եմ ուզում»։
Հենց այդպես էլ ապագա դիզայները դուրս է եկել դպրոցից եւ քայլերն ուղղել նորաձեւության ասպարեզ։ Աշխատանքի է ընդունվել մի ընկերությունում, որը ներկայացնում է լյուքս դասի եվրոպական բրենդերը Հայաստանում։ Հենց այդտեղ էլ հասկացել է, որ իրեն զգում է ինչպես ձուկը ջրում՝ ունենալով արվեստաբանության գիտելիքները եւ դրանք համադրելով տվյալ ընկերությունում իր աշխատանքային փորձի հետ։ Որոշ ժամանակ հետո էլ հասկացել է, որ իր կրեատիվ մոտեցումները, ամբողջ պոտենցիալն ու ստեղծագործական ներուժը պիտի ներդնի ինքն իր գործում, այլ ոչ թե ուրիշ ընկերությունների աշխատանքներում։
«Այդտեղ աշխատելու տարիներին հաճախ գործուղումներ էի ունենում դեպի Եվրոպա՝ մասնավորապես Միլան, տարբեր ընկերությունների թրեյնինգներին էի մասնակցում։ Այդ ամենը շատ լուրջ փորձ տվեց ինձ ու նաեւ խիզախություն, որ չվախենամ ու զրոյից սկսեմ այն, ինչ մտածել եմ ու երկար ժամանակ ծրագրել։ Դեռ մանկուց մեծ հետաքրքրություն ունեի աքսեսուարների նկատմամբ, ճամփորդելիս էլ տարբեր երկրներից գեղեցիկ աքսեսուարների էի ինձ հետ բերում։ Կարծում եմ՝ դրանք կնոջ կերպարի լավագույն լրացումն են եւ անհատականությունն ընդգծելու հնարավորություն են տալիս։ Որոշեցի իմ ամբողջ կրեատիվ ներուժն ուղղել աքսեսուարներ պատրաստելու գործին, հատկապես որ իմ մտքում շատ հետաքրքիր մոդելներ էի պատկերացնում ու ոչ մի տեղ նման բան չէի գտնում»,- հիշում է Անահիտը։
Նա պատմում է, որ սկսել է բրոշներ պատրաստելուց, երբ այդ թրենդը Երեւանում դեռ տարածված չի եղել։ Իր նորարարական տեխնիկայի եւ դիզայներական ինքնատիպ մոդելների շնորհիվ կարողացել է շատ արագ ճանաչում ձեռք բերել ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում՝ մասնակցելով ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ռուսաստանի եւ Ասիայի նորաձեւության շաբաթներին ու ցուցադրություններին․ «Մարդկանց դուր եկավ այն միտքը, որ ես որոշեցի բրոշները մագնիսով պատրաստել, որպեսզի դրանք չվնասեն հագուստը։ Ինքս, աշխատելով հաճախորդների հետ ու լինելով շատ բծախնդիր արտաքին տեսքի հանդեպ, գիտեմ՝ ցանկալի չէ, երբ հագուստը ծակում ու վնասում ենք քորոցներով։ Որոշեցի հեշտ կիրառելի տարբերակ գտնել, որ երկու երնեկ մի տեղ լինի (ժպտում է,- հեղ․)»։
Բացի մագնիսների կիրառությունից՝ առանձնակի հետաքրքրություն է ներկայացրել այն հումքը, որով պատրաստվել են աքսեսուարները (կրծզազարդեր, կախազարդեր, թեւնոցներ, վզնոցներ, օղեր)՝ շեշտը դնելով օրգանական ապակու վրա․ «Այն ժամանակ, երբ նոր էի սկսում, օրգանական ապակին ասոցացվում էր միայն ինտերիերի դիզայնի հետ։ Բայց քանի որ ես շատ համառ եմ, երկար փորձերից հետո վերջապես հասա իմ ուզածին, ստացա իմ պատկերացրած ձեւանմուշները։ Մի ավտոտնակում օրերով նստում էինք վառարանի առջեւ ու տարբեր փորձարկումներ անում օրգանական ապակու հետ։ Հիշում եմ՝ երբ այն հալվում էր, շատ տհաճ հոտ էր գալիս, մենք ստիպված ձեռնոցներով ու դիմակներով էինք աշխատում։ Բայց այդ հումքն ու ձեռագիրը դարձան իմ բրենդի հաջողության գաղտնիքը, եւ հիմա բոլոր ստացված նմուշներն օրենքով ամրագրված են հեղինակային իրավունքի տեսանկյունից»,- ասում է Անահիտը։
Հինգ տարվա ճանապարհ անցած նրա բրենդը՝ «FashionDrug accessories»-ը, արդեն զարգացնում է նոր ուղղություններ՝ ստեղծելով նաեւ հագուստ։ Իհարկե, 2020 թվականն իր հետքը թողել է աշխատանքների բնականոն ընթացքի եւ զարգացման վրա, բայց Անահիտ Ղազարյանը հուսով է՝ պիտի կարողանանք վերապրել տեղի ունեցածն ու առաջ շարժվել. «Ես, իհարկե, կարող եմ նոր ոլորտներում իմ ուժերը փորձել, նոր բան սովորել, բայց տարիների ընթացքում հասկացել եմ, որ նորաձեւությունն իմ տարերքն է, որ ես ինձ գտել եմ այդ աշխարհում եւ ոչինչ չեմ ուզում փոխել։ Շատ ուրախ եմ, որ կարողացել եմ ստեղծել մի արտադրանք, որը «պատրաստված է Հայաստանում» պիտակով վաճառվում է ոչ միայն մեր երկրում, այլեւ արտասահմանում, առաջնային՝ Իտալիայում․ չէ՞ որ այն նորաձեւության կենտրոնն է։ Ինձ համար դա շատ կարեւոր չափորոշիչ է»,- ընդգծում է նա։
Ինչպես նշում է Անահիտը, վերջին տարիներին հասցրել է իր բրենդը ներկայացնել այնպիսի հայտնի ու հեղինակավոր միջոցառումներին, ինչպիսիք են ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ռուսաստանի եւ Ասիայի նորաձեւության շաբաթներն ու ցուցադրությունները։ Մասնավորապես՝ հայ դիզայները մասնակցել է Լաս Վեգասում կայացող «Project Womens», Նյու Յորքի «Accessories Circuit», Միլանի «Super» եւ «White», Փարիզի «Première Classe» եւ «Bijorhca», Մոսկվայի «Junwex» եւ «CPM» ամենամյա ցուցադրություններին։
Անահիտ Ղազարյանը զուգահեռ վարում է նաեւ իր ինստագրամյան բլոգը՝ «FashionDrug by Anahit»-ը, որտեղ կիսվում է իր մտքերով ու խորհուրդներով։ Հաճախ նաեւ անհատական ոճային խորհրդատվությամբ է հանդես գալիս, երբ նրա օգնությանն են դիմում․ «Նորաձեւության ոլորտը Հայաստանում երկու-երեք տարի է՝ սկսել է գլուխ բարձրացնել, ակտիվանալ, իսկ վերջին ամիսները շատ դժվար են եղել բոլոր դիզայներների համար։ Բայց մեր թիմը, իհարկե, շարունակելու է աշխատանքները, եւ հույս ունեմ՝ բոլոր ոլորտներում էլ մարդիկ քիչ-քիչ ոտքի կկանգնեն ու կշարունակեն ավելի մեծ թափով՝ ի օգուտ մեր պետության կայացման ու զարգացման»,- եզրափակել է նա։
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Անահիտ Ղազարյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: