×


«Ընկեր ունեմ, բայց ամուսնության առաջարկ դեռ չեմ ստացել:)».Արենա Զեյնալյան

2020 թվականի փետրվարից Արենա Զեյնալյանը Լոս Անջելեսում է: «Միսս հայուհի 2018»-ը BRAVO.am-ին պատմել է, որ զբաղված է ոսկերչական իր բրենդի դիզայներական աշխատանքներով եւ հուսով է՝ շուտով կկարողանա ներկայացնել արդյունքը:

«Այժմ այնպիսի իրավիճակ է, որ կարող եմ ասել՝ առաջիկա տարիներին այստեղ կբնակվեմ, հետո անպայման Հայաստան կվերադառնամ: Համավարակի պատճառով մոդելային կարիերան այստեղ եւս ակտիվ չէ: Ցուցադրություններ չկան: Նոր ֆոտոշարքերի առաջարկներ կան, մի քանիսն էլ անցած տարի եմ նկարել, սակայն պատերազմի օրերին նպատակահարմար չգտա հրապարակել»,-նշել է նա:

Արենա Զեյնալյանը


Նախորդ տարվա սկիզբը համարում է հրաշալի`աշխատանք, շրջագայություն, հետո արդեն սկսվել են դժվար օրերը` համավարակ, ինքնամեկուսացում, սահմանափակումներ, պատերազմ:

«Թեեւ փորձում էի ցույց չտալ ճնշվածությունս, բայց իրականում շատ ծանր եմ տարել այդ օրերը: Փորձել եմ ընկերներիս հետ իմ փոքրիկ լուման ունենալ հայրենիքիս համար, բայց հասկանում եմ նաեւ, որ միայն նյութական օգնությամբ չես կարող բուժել վերքերը: Շատ ընտանիքների եմ ճանաչում, ովքեր իրենց զավակներին ուղարկել են առաջնագիծ: Երկու լուսանկարիչներ, որոնց հետ աշխատել եմ Հայաստանում, եւս մեկնել էին ռազմաճակատ»,-ասել է Արենան:

Արենա Զեյնալյանը՝ սիրելիի հետ


Թեհրանում բնակվող ընտանիքից հեռու լինելը դժվար է իր համար: Այս տարին դիմավորել է ընտրյալի ընտանիքի եւ ընկերների հետ: 2021-ից ակնկալիքներն այնքան էլ շատ չեն. հույս ունի, որ մոտ ապագայում առանց կորոնավիրուսի ու պատերազմի կապրենք:

«Երեւի ճակատագիր էր. պետք է մնայի ԱՄՆ-ում, հանդիպեի նրան... Փաստորեն քովիդն իմ անձնական կյանքում փոփոխության պատճառ դարձավ: Ընտրյալիս հետ արդեն իսկ ծանոթ էինք, մեր ընտանիքների միջեւ մտերմություն կար: Երբ եկա ԱՄՆ, հանդիպեցինք, սկսեցինք ավելի հաճախ տեսնել միմյանց, շփվել, ընկերություն անել: Նա այստեղ է բնակվում, բիզնեսով է զբաղվում: Չգիտեմ՝ հետոն ինչպիսին կլինի, երբ կօրինականացնենք հարաբերությունները՝ նշանադրություն, ամուսնություն... Դեռ  առաջարկ չեմ ստացել, դեռ ժամանակ կա»,-կատակով եզրափակել է նա:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արենան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին