×


Արմեն Պետրոսյանը՝ «Հարս չկա» սիթքոմի ճակատագրի եւ կարեւոր որոշման մասին

«Հարս չկա» սիթքոմի նոր եթերաշրջանի մասին վերջին զրույցում նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը նշել էր, որ այն կլինի նախորդի տրամաբանական շարունակությունը, իսկ նկարահանումները կսկսեն սեպտեմբերի 10-ից: Աշխատանքներն ընթացել են իրենց հունով մինչեւ ռազմական գործողությունների սկիզբը:

«Նկարահանեցինք մոտ 8 սերիա, պատերազմը սկսվեց, եւ դադար տվեցինք: Վերջին մեկ ամսում ստացել ենք արձագանքներ եթեր վերադառնալու մասին: Այս պահին ես կապ չունեմ նախագծի հետ. նոր եթերաշրջանի ամբողջ ղեկավարումը հանձնել եմ «Արմենիա TV»-ին, եւ կարծեմ վերսկսել են նկարահանումները: Հոգեպես դեռ պատրաստ չեմ հումորային նախագծերին»,-BRAVO.am-ին ասել է նա:

Արմեն Պետրոսյանը


Արցախյան պատերազմի ցավոտ հետեւանքները չեն շրջանցել հումորիստ-դերասանին անգամ օվկիանոսից այն կողմ: Ինչպես նշել է՝ իր մեջ էլ շատ բան է փոխվել՝ կոտրված հոգեվիճակ, անորոշություն եւ այս շրջանում որեւէ գործ անելու ցանկության բացակայություն:

«Արցախում առաջին անգամ եղել եմ 1994 թվականին. որոշել էինք համերգներ տալ Ստեփանակերտում, որ մարդկանց մի փոքր ուրախացնեինք պատերազմից հետո: Ստացվեց: Դրանից հետո հաճախ եմ եղել այնտեղ: Երբ արտասահմանից հյուրեր էի ունենում, տանում էի Արցախ ու հպարտությամբ ծանոթացնում մեր հայրենիքի այդ հատվածին»,-ասել է նա:

Ի դեպ, շուրջ 2 տարի Լոս Անջելեսում բնակություն հաստատած պրոդյուսերը մոտակա ամիսներին մտադիր է ընտանիքի հետ երկար ժամանակով վերադառնալ Երեւան: Անսահման ցանկություն ունի կրկին Արցախ մեկնելու եւ, իր խոսքով, միանշանակ գնալու է:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Մենչի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին