×


«Առաջին անգամ տարեդարձս առանց մտերիմ ընկերուհուս շնորհավորանքի նշեցի». Արաքսյա Մելիքյան

Արաքսյա Մելիքյանը փետրվարի 1-ին դարձել է 37 տարեկան: Դերասանուհու հետ BRAVO.am-ը զրուցել է ընկերների մատուցած անակնկալի, երազանքների ու տարեդարձը չնշելու պատճառի մասին:

«Կեսգիշերին մեր ընտանիքի ընկերները՝ դերասաններ Նարեկ Հայկազյանն ու Ծովինար Մարտիրոսյանը, մեզ հյուր եկան ու իսկապես անակնկալի բերեցին ինձ: Ֆիլմ էի դիտել ու պառկել քնելու, խնդրեցի՝ ժամանակ տան զգեստափոխվելու համար: Շատ ուրախ եմ, որ եկան, իսկապես հաճելի էր, մինչ ուշ երեկո զրուցեցինք, հիշեցինք, ծիծաղեցինք: Երեխաներին մի կերպ ուղարկեցինք քնելու: Առաջինը հայրս է շնորհավորել. նախորդ օրը երեկոյան էր զանգահարել: Լավ իմանալով, որ հետո ինձ բռնացնել չի կարող, նախապես է շնորհավորել»,- պատմել է Արաքսյան:

Արաքսյա Մելիքյանը


Տարեդարձի օրն ընտանիքի հետ է անցկացրել.«Կարծում եմ՝ ոչ ոք այս տարի հատուկ խնջույքներ ու հավաքույթներ կազմակերպելու սիրտ ու տրամադրություն չունի: Հասկանում եմ՝ կյանքը շարունակվում է, ինքս էլ փորձում եմ ապրել, բայց չեմ կարող լիարժեք ուրախանալ, երբ հարեւանիս տանը կորուստ կա, իսկ 2020-ը կորուստներով լի էր: Նաեւ առաջին անգամ տարեդարձս առանց մտերիմ ընկերուհուս շնորհավորանքի նշեցի: Տարիքի հետ ավելի ես գիտակցում պահի երջանկությունը. այն, որ երեխաներս դեռ ցանկանում են ինձ հետ տորթի մոմերը փչել, մեծ ուրախություն է: Ժամանակի հետ թռչունները բնից կթռչեն, կյանքի օրենքն է այդպիսին, իրենց կյանքը կունենան, աշխատանքը, առօրյան, եւ ես կերազեմ նրանց հետ օրս անցկացնելու մասին»,- նշել է Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհին:

Սիրում է հատուկ իր համար նախատեսված նվերներ ստանալ.«Նյութական նվերներն ինձ այդքան էլ չեն հետաքրքրում, այն ամենն, ինչ ինձ իրոք անհրաժեշտ է, ունեմ, ավելին ունենալու մոլուցքով չեմ տառապում: Սիրում եմ, որ նվերը մտածված է լինում, դեպքեր են լինում, երբ ամենամտերիմ մարդիկ նախապես հետաքրքրվում են, թե ինչի կարիք ունեմ»:

Արաքսյա Մելիքյանի ընտանիքը


Տորթի մոմերը փչելիս խաղաղության մասին է երազել.«Երբեք չէի մտածի, որ խաղաղությունն այսքան թանկ ու կարեւոր կարող է լինել ինձ համար: Ուզում եմ ապահով երկրում ապրել: Պետք է խոստովանեմ, որ տարբեր երկրներում քաղաքացիություն ձեռք բերելու հնարավորություն ունեմ, բայց շատ եմ սիրում իմ երկիրը ու չեմ ցանկանում այլ վայրում ապրել»:

Խոսելով աշխատանքային նորություններից՝ Արաքսյան ասել է.«Կարանտինային սահմանափակումների, այնուհետեւ պատերազմի ողջ ընթացքում անգործ չեմ մնացել. ինձ ճանաչողները լավ գիտեն՝ եթե չաշխատեմ, կմեռնեմ, էներգիաս ծախսելու տեղ չեմ ունենա, որը շատ-շատ է: Սիրում եմ նոր դերերով հանդես գալ, նոր կերպարներ կերտել, դա օգնում է դերասանին չլճանալ: Վերջերս հարբեցող, անբարոյական կնոջ մարմնավորելու առաջարկ ստացա, ընդունեցի՝ մտածելով, թե ոնց եմ տակից դուրս գալու, լավ էլ ստացվեց»:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Արաքսյա Մելիքյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW