Այսօր լրանում է Ադրբեջանի կողմից Արցախի բռնի գրավման ու հայաթափման մեկ տարին: Դերասանուհի Սրբուհի Բալայանի ընտանիքը եւս ստիպված է եղել անցնել բռնի տեղահանման արհավիրքով ու բնակություն է հաստատել Երեւանում:
Բալայանը հիշել է Հադրութի շրջանի Այգեստան գյուղում իրենց տունն ու այն անվանել ամենասիրունը:
«Կառլենը, Ռայան, Արմանը, Արմինեն, Համոն, Սրբուհին եւ Մեծ Ռայան՝ տան տատիկը, ապրում էին մեր գյուղի թվով 4-րդ տանը։ Այդ տունը սիրուն էր շատ, չուներ եվրոպատուհաններ, չէր առանձնանում կահավորմամբ, բայց ուներ առանձնահատկություն՝ մաքուր էր, անսահման մաքուր, ու քանի դեռ մեր գյուղը չկա, հիմա կարող եմ ասել՝ գյուղի ամենամաքուր տունն էր։ Այգեստան գյուղի ամենատարօրինակ ընտանիքն էր, ասում եմ՝ տարօրինակ, որովհետեւ եթե հաջորդ կյանքում այսքանը ծնվեն ու նորից իրար հետ ապրեն կյանքի քամահրանքով, մեղմ ասած՝ ահավոր կլինի»,- կեսկատակ գրել է նա:
Պարզվում է, որ այդ տունը չուներ նաեւ կողպեք, քանի որ դրա կարիքը չկար, բայց երբ Ռայա տատիկը մահացավ, տան բոլոր տարօրինակություններին ավելացավ հոր՝ Կառլենի բերած կողպեքը՝ վրան չորս բանալի:
«Ռայայի տանը մինչեւ ամուսնանալը ապրում էին Ռիման, Ռիվան, Ռիտան, Ռոզան, Ռայան՝ ինքը, Ռաֆայելը: Ռայայի բոլոր բողոքներին, թե այբուբենում ուրիշ տառ չկա՞ր Ռ-ից բացի, Աստված պատասխանեց՝ Կառլեն: Այսպես ձեւավորվեց 4-րդ տան ընտանիքը։ Այդ տան կտուրը փոխվեց մի օր պատահական՝ առձեռն նամակով. Բակո Սահակյանի հետեւից քայլեց 11-12 տարեկան Սրբուհին, տվեց նախագահին, ասաց. «Սրտդ լեն պահե», հետո տան կտուրը փոխեցին: Չորրորդ տունն ունեցավ մի եվրոպական բան՝ հայկական տիպիկ կռիշ»,- շարունակել է պատմել Բալայանը:
Նրա խոսքով՝ այդ տանը մեծանում էին գեղեցկուհի Արմինեն, խելացի Արմանը, հեռուստացույցից հասկացող Համոն, բանջարանոցի մարգերի արանքում բանաստեղծություններ հորինող Սրբուհին:
«Տունը պահում էր Կառլենը՝ մի 1000 միկրոինֆարկտ ստացած, կլոր փորով, բարի աչքերով աշխարհի ամենահրաշք հայրիկը եւ փոքրամարմին, գերակտիվ, «Միացում» բղաված ու «այսպես էլ շքռած ենք մնալու» հասարակարգին ծանոթ Ռայան՝ տան մայրիկը՝ բոլորիս մայրիկը: Կառլենը, Ռայան, Արմանը, Արմինեն, Համոն, Սրբուհին եւ Մեծ Ռայան՝ տան տատիկը, ապրում էին մեր գյուղի թվով չորրորդ տանը: Նրանք էլ են Երեւանում, ուղղակի պատերազմից հետո Արմանը գնաց երկրից, Համոն՝ նույնպես, ուղղակի Կառլենը տխուր է շատ, Ռայան ցիտում է. «Սխալ են հասկացել «Միացում» գոռալը, մենք չէինք ասում՝ էսպես միանանք»: Ուղղակի ամենատիպիկ հայկական կռիշն էլ տարան թուրքերը, Սահակյանին էլ ու էլի մարդկանց, շատ մարդկանց... Մնաց միայն պատերազմը, որի մասին բանջարանոցում արխերի մեջ բանաստեղծություններ հորինող Սրբուհին չէր էլ կարող երեւակայել: Մի օր երկար կգրեմ ընտանիքիս ու տանս մասին, որի համար հիմա լուռ լացում եմ միայն, տխրում, վախենում: Ամեն մեկն իր պատերազմն ունի»,- եզրափակել է նա:
View this post on Instagram
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: