×


Համազգայինի բեմում հրաշագործությամբ են զբաղվում

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի խաղացանկը համալրվել է: Վուդի Ալլենի համանուն պիեսի հիման վրա բեմադրված «Ճախրող լամպը» ներկայացման առաջնախաղին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, զրուցել դերասանների ու ռեժիսորի հետ, ինչպես նաեւ լուսանկարել տպավորիչ դրվագները:

Ներկայացման ռեժիսորը Մերի Մարգարյանն է: Սա երիտասարդ ռեժիսորի առաջին  աշխատանքն է մեծ բեմի համար: Մերիի խոսքով՝ ընտրել է Վուդի Ալլենի հենց այս գործը, քանի որ այն շոշափում  է խնդիրներ, որոնք այսօր շատ արդիական են մեր հասարակության շրջանում.«Ներկայացումը մի ընտանիքի մասին է, որում թվում է, թե կան ձեւը, պարտականությունները, բայց չկան միմյանց հանդեպ սերն ու իրար հասկանալու կարողությունը: Գլխավոր հերոսը Փոլն է՝ 17-ամյա երիտասարդ, ով ցանկանում է զբաղվել հրաշագործությամբ, բայց իրեն անընդհատ խնդրում են  ընտրել ավելի լուրջ մասնագիտություն՝ ապահով ապագա ունենալու համար: Այս թեմայով շատ պիեսներ կան, բայց ընտրեցի հենց Վուդի Ալլենինը, քանի որ անկախ այս բոլոր խնդիրներից, պիեսում շատ լույս կա, ինչն, իմ կարծիքով, հենց հեղինակից է գալիս»:

Նարեկ Բաղդասարյանը՝ «Ճախրող լամպը» ներկայացմանը


Ռեժիսորը նշում է՝ հանդիսատեսին ներկայացման ընթացքում շատ անակնկալներ են սպասվում՝ հրաշագործություններ ու աճպարարական հնարքներ.«Փոլի դերում Նարեկ Բաղդասարյանն է, եւ չնայած գրական կերպարի ֆիզիկական տվյալները մի փոքր այլ են, Նարեկն ընտրվեց, քանի որ համոզված էի, որ էներգետիկ առումով շատ համապատասխան է եւ իր ունակությունների շնորհիվ շատ արագ կյուրացնի այդ հնարքները: Պատկերային հնարքներից բացի, կուզեմ խոսել նաեւ բեմի մասին, որը հանդիսատեսին բնակարան կհիշեցնի: Այս պատրանքը ստացել ենք երիտասարդ բեմանկարիչ Անուշ Բաղդասարյանի հետ: Այսպիսով հանդիսատեսը կհետեւի, թե ինչ է կատարվում բնակարանի ներսում»:

«Ճախրող լամպը» ներկայացումը՝ Համազգային թատրոնում


Իրականում Փոլը Նարեկի կես տարիքն ունի, բայց դերասանի խոսքով՝ սա առանձնապես բարդություններ չի առաջացնում.«Հոգեվիճակով ես ինձ իսկապես դեռ երեխա եմ զգում, իսկ Փոլը թեեւ ինչ-որ բարդույթներ ունի՝ կակազում է, կտրված է աշխարհից, ողջ օրն իր սենյակում հրաշագործության փորձեր է անում, բայց, ի տարբերություն մնացած բոլոր կերպարների, նա մինչեւ վերջ գնում է իր երազանքի հետեւից: Անգամ իր ծնողներն էլ նրա շնորհիվ կարողանում են ազատագրվել սեփական բարդույթներից»:

«Ճախրող լամպը» ներկայացումը՝ Համազգային թատրոնում


Ներկայացման մեջ երիտասարդ դերասանների կողքին են նաեւ Վարշամ Գեւորգյանը, Մխիթար Ավետիսյանը եւ Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը: Դերասանուհու խոսքով՝ ներկայացումը շատ կարեւոր ուղերձներ ունի, հատկապես՝ երիտասարդների համար.«Հիմնական ուղերձն այն է, որ եթե ունես երազանք, պետք է գնաս դրա հետեւից, որպեսզի մյուս կերպարների նման թեւերը կտրած թռչնի չնմանվես: Իհարկե, ճանապարհին լինելու են շատ դժվարություններ, բայց դա չի նշանակում, որ պետք է հանձնվել: Այս ուղերձը շատ արդի է նաեւ մեր երկրի այժմյան իրականությունում, եւ թեեւ մենք շատ վաղուց ենք սկսել աշխատել, այսօր թեման կարծես վերաիմաստավորված լինի: Թեեւ ներկայացումը նախատեսված է 14-ից բարձր տարիքի հանդիսատեսի համար, շատ կուզեի, որ այն դիտեին նաեւ ավելի փոքր տարիքի դպրոցահասակներ, քանի որ օրինակ՝ իմ 6-ամյա դուստրը դիտել է եւ շատ հավանել՝ իհարկե, նաեւ աճպարարական հնարքների եւ հրաշագործությունների շնորհիվ: Բայց քանի որ նաեւ ընտանեկան շատ խնդիրներ են արծարծվում, որոշեցինք տարիքային շեմն ավելի բարձր սահմանել: Հույս ունենք, որ հանդիսատեսը կսիրի այս ներկայացումը, որովհետեւ մենք փայփայել, գուրգուրել, աշխատել ենք, ու հիմա ժամանակն է այն ներկայացնելու»:

«Ճախրող լամպը» ներկայացման պրեմիերային


«Ճախրող լամպը» ներկայացումը Համազգայինի բեմում կլինի նաեւ փետրվարի 7-ին, 14-ին եւ 27-ին:

Տեքստը՝ Էլեն Աղաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW