×


Վարուժան Մարգարյանը՝ Միրոյի կերպարի, ծանր օրվա եւ եղբոր մասին

Վարուժան Մարգարյանը վերջերս նկարահանվել է «Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալում, որը փետրվարի 8-ից «Արմենիա պրեմիումի» եթերում է: Թե ինչ կերպար է մարմնավորում, որքանով էին դժվար նկարահանումները, այժմ ինչպես է իրեն զգում եղբայրը, դերասանը պատմել է BRAVO.am-ին:

«Առաջարկը ստացել եմ Ելենա Արշակյանից: Հանդիպեցինք, զրուցեցինք, ինձ ներկայացրին սցենարը, կերպարը շատ տպավորիչ էր, եւ քանի որ վերջին շրջանում իմ ներսում շատ էմոցիաներ էին կուտակվել՝ կապված ժամկետային զինծառայող եղբորս հետ, սա առիթ էր այդ ամենը դուրս բերելու: Ի դեպ, սերիալային իմ առաջին դերը եղել է հենց Ելենա Արշակյանի նախագծում, որից արդեն 5 տարի է անցել»,-նշել է Վարուժանը:

Վարուժան Մարգարյանը՝ «Ծաղիկներ ձյան տակ» սերիալի նկարահանումներին


Նրա խոսքով՝ Միրոն շատ է տարբերվում «Երկուսով» սերիալում իր մարմնավորած կերպարից.«Սամն առանձնանում է իր միամտությամբ, շատ ազնիվ է, կարծես այլ մոլորակից եկած լինի: Իսկ Միրոն իմ պատկերացմամբ ավելի ծանրակշիռ տղա է: Ներկայացվող ժամանակաշրջանում Միրոն ուրիշ է, այսինքն՝ եթե ցուցադրվեր, թե ինչ կյանքով է ապրել մինչ պատերազմը, հաստատ տարբերություն կնկատեիք: Պատերազմը ցանկացածին փոխում է, ես վստահ եմ, քանի որ մենք ինքներս ականատես եղանք դրան»:

Վարուժանն արդեն ավարտել է աշխատանքը նոր նախագծում. «Նկարահանումները շատ լավ են անցել, մի ծանր օր ենք ունեցել, երբ նկարահանում էինք գերության տեսարանները: Բարդությունը ֆիզիկական էր՝ տաք ջուր լցնել, գետնին պառկել, բայց այդ ամբողջ ընթացքում իմ մտքին եղբայրս եւ նրա ընկերներն էին: Մտածում էի, որ սա ընդամենը նկարահանում է, եւ մի քանի ժամ անց բոլորս տանն ենք լինելու, կարող ենք տաք թեյ խմել եւ պառկել քնելու: Իսկ նրանք այդ ամենի մեջ օրերով, ամիսներ շարունակ ապրել են: Եվ հետո, նկարահանման խումբը շատ ուշադիր էր, ընդմիջումների ժամանակ հնարավոր բոլոր տարբերակներով տաքացնում էին»:

«Ծաղիկներ ձյան տակ» սերիալի նկարահանումներին


Նա նշել է նաեւ, որ «Շանթ» հեռուստաընկերության հետ համագործակցությունը չի ավարտվել եւ կրկին հանդես կգա «Երկուսով» հեռուստասերիալում:

Հետաքրքրվել ենք՝ ինչպես է այժմ իրեն զգում եղբայրը.«Արդեն լավ է, դեռ տանը չէ, ապաքինման փուլում է: Մեծ պլաններ ունի ուսման հետ կապված, ինչն ինձ հպարտանալու առիթ է տալիս: Ամեն տեղ բարձրաձայնում եմ, որ դեռ նոր եկած ժամանակավանից էլ մտածում է ուսման մասին, նոր բաներ է ուսումնասիրում, որոնցից է ծրագրավորումը: Մի խոսքով՝ պարապ չի մնում, ժամանակը ճիշտ է օգտագործում: Եվ բացի եղբորիցս, ես ճանաչում եմ նման եւս 5 հոգու»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Վարուժան Մարգարյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW