×


Ինչ գիրք կարդալ. խորհուրդ է տալիս Աելիտա Չիլինգարյանը

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր:

Օրվա խորհրդով մեր ընթերցողի համար իր կարդացած հինգ սիրելի գրքերն է առանձնացրել լրագրող, հաղորդավար Աելիտա Չիլինգարյանը: Թեեւ Աելիտան գրքեր գնում է ողջ տարվա ընթացքում, ամենասիրելի տոնին իր եւ ընկերների համար հաճելի անակնկալ անելու առիթը բաց չի թողնում:

«Ւմ հանճարեղ ընկերուհին», Էլենա Ֆեռանտե

- Պատմվածաշարը բաղկացած է երկու ընկերուհիների մասին պատմող չորս գրքից, որոնցից նույնիսկ մեկն ընթերցելը բավական է՝ հիանալու գրողի անկեղծությամբ: Գրքում հանդիպում են զգացումներ, որոնք բոլորս էլ ունենում ենք. օրինակ՝ նախանձ, մրցակցություն ընկերների հանդեպ, բայց հաճախ չենք համարձակվում խոստովանել: Հրաշալի գրքեր են, շատ թեթեւ կարդացվող:

«Անուղղելի լավատեսների ակումբը», Ժան-Միշել Գենասիա

- Գիրքը կարդում էի պատերազմի օրերին, եւ հասկացա, որ բոլոր հայերը պետք է նման մի գիրք կարդան՝ տրամադրվելու, որ ամեն տեսակ դժվարության միջով էլ կարելի է անցնել ու հաղթահարել:

Այս գրքում ինձ հատկապես զարմացրեց, թե ինչպես է ֆրանսիացի գրողը կարողանում տիպիկ նկարագրել Խորհրդային միության տարիներին ապրած մարդկանց, որոնք հետո հարմարվել են ֆրանսիական իրականությանը: Արտագաղթի արդիականության այս օրերին, կարծում եմ, ուժեղ գիրք է:

«Մամխիում երգող թռչունները», Քոլին Մաքքալոու

- Թեեւ գիրքը կարդացել եմ մոտ 8 տարի առաջ, այսօր էլ դասում եմ իմ ամենասիրելիների շարքին: Ստեղծագործության մոտիվներով նկարահանվել է ֆիլմ, բայց բոլորին ուզում եմ խնդրել՝ գիրքը կարդան (ծիծաղում է,-հեղ.): Ֆիլմը պարզապես մի սիրո պատմության մասին է, իսկ գրքում ներկայացված է հավատքի եւ սիրո տարօրինակ ու հետաքրքիր բանաձեւ:

«Ունա եւ Սելինջեր», Ֆրեդերիկ Բեգբեդեր

- Այս գրքում Բեգբեդերը ներկայացնում է իրական կերպարներ. Ունան եղել է Չապլինի կինը, իսկ Սելինջերը՝ գրող: Բեգբեդերը, ավելացնելով իր ֆանտազիաները, ստիպում է հավատալ, որ այն գեղեցիկ պատմությունը, որ ինքն է նկարագրում, իրականում պատահել է:

«Հազար չքնաղ արեւներ», «Օդապարուկ թռցնողը», Խալեդ Հոսեյնի

- Քանի որ գրքերը նոր են թարգմանվել, խորհուրդ եմ տալիս կարդալ: «Հազար չքնաղ արեւները» շոշափում է մի շարք խնդիրներ, որոնց հանդիպում են կանայք:
Ֆեմինիստ լինելով՝ կցանկանայի, որ այս ստեղծագործությունն ընթերցեն նաեւ տղամարդիկ՝ հասկանալու՝ որքան վատ է, երբ կա խտրականություն:

Տեքստը՝ Էլեն Աղաջանյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW