×


Նորա Գրիգորյանը՝ «Չսեր»-ի ու անձնականի մասին

«Չսեր»՝ այսպես է կոչվում Նորա Գրիգորյանի նոր ներկայացումը, որի պրեմիերան տեղի կունենա մարտի 20-ին եւ 21-ին՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Իսկ մինչ այդ բեմադրիչի հետ խոսել ենք նոր աշխատանքի, սիրելիի եւ երեխաների մասին:

«Պիեսը դեռ վաղուց էի հավանել եւ ներկայացրել էի ղեկավարությանը։ Այս շրջանում հասկացա, որ իսկապես կուզեմ այս պատմության մասին խոսել, ներկայացնել։ Այսօր, ցավոք, համատարած չսեր է տիրում։ Եվ այս պիեսը, որը Գարսիա Մարկեսի «Ես միայն զանգահարելու եմ եկել» պատմվածքի հիման վրա է գրված, պատմում է տարբեր մարդկանց ճակատագրերի մասին՝ սերը կորցրած կամ չսիրո արդյունքում հոգեբանական լուրջ տրավմաներ ստացած։ Պիեսի անունն ինքս եմ փոխել։ Այս շրջանում սոցցանցերում եւ ամենուր անդադար միայն չսեր ենք հանդիպում, հասկացա, որ այդ բառն իսկապես ամբողջությամբ նկարագրում է ներկայացումը, ուղերձը, հոգեվիճակը։ Հունվարից աշխատանքները սկսել եմ, շուտով կկայանա առաջնախաղը»,- նշել է Նորան:

Նորա Գրիգորյանը


Նրա խոսքով՝ դերասանական կազմը բավական մեծ է.«Կան թե՛ երիտասարդ, եւ թե՛ միջին տարիքի դերասաններ։ Գլխավոր հերոսուհուն մարմնավորում է տաղանդաշատ Լիլիա Մուկուչյանը, որի հետ դեռ «Օնեգին» ներկայացումից ենք ունեցել հաջող աշխատանքային ընթացք, կրկին «Օնեգին»-ից մեզ արդեն հայտնի Մանվել Սարգսյանը, Գոռ Համբարձումյանը, որի հետ մեծ դադարից հետո եմ աշխատում, վաստակավոր դերասանուհի Աննա Շամթյանը, թատրոն վերջերս վերադարձած Արմեն Արնաուտովը, Թեհմինե Խաչատրյանը, Ելենա Վարդանյանը, Յուլիա Ժդանովան, Մարիամ Մանոն եւ երիտասարդ տաղանդավոր այլ դերասաններ։ Իրականում յուրաքանչյուր կերպար պիեսում ունի իր պատմությունը, իր դրաման, եւ յուրաքանչյուր դերակատար իր հետքն ու հոգու մասնիկն է թողել ներկայացման մեջ։

«Չսեր» ներկայացման ֆոտոշարքը


Ասեմ, որ շատ կարեւոր էր ներկայացման ֆոտոշարքն ու թիզերը նկարել այնպես, որ հանդիսատեսը խանդավառվի, բայց ամբողջական պատմությունը բացահայտի արդեն դահլիճում: Շնորհակալ եմ լուսանկարիչ Գարիկ Մանուկյանին՝ մանրակրկիտ, յուրահատուկ, միստիկական ու գեղեցիկ աշխատանքի համար։ Պլաստիկայի հարցում իմ համահեղինակն է եղել Արա Ասատուրյանը, որի հետ արդեն, կարելի է ասել, տանդեմ ենք ստեղծել եւ կես բառից հասկանում ենք միմյանց։ Առաջին անգամ աշխատել եմ բեմանկարիչ Վիկտորյա Ռիեդո-Հովհաննիսյանի հետ ու ինձ բախտավոր մարդ եմ համարում։ Ծնվել են շատ հետաքրքիր մտքեր, որոնք կհայտնվեն հանդիսատեսի առջեւ շատ շուտով»։

«Չսեր» ներկայացման ֆոտոշարքը


Խոսել ենք նաեւ երեխաների մասին. «Ցավոք, այս շրջանը դժվար է ինձ եւ երեխաներիս համար: Ամբողջ օրը թատրում եմ ու քիչ եմ տեսնում նրանց, բայց սա ժամանակավոր է։ Նրանք անդադար հարցնում են, թե երբ եմ հանձնելու ներկայացումը: Շուտով ամեն բան կհարթվի, ու մենք նորից ամբողջ օրը միասին կլինենք»:

Անձնական կյանքում եւս ամեն ինչ կարգին է.«Հայկը ողջունում է աշխատանքս, գնահատում եւ սիրում է այն, ինչով զբաղվում եմ։ Շատ խիստ է դատում ու միշտ անկեղծ է, միեւնույն ժամանակ՝ նա ոգեւորում եւ ուժ է տալիս։ Անհամբեր սպասում եմ ներկայացման վերաբերյալ իր եւ հարազատներիս գնահատականին»։

Նորա Գրիգորյանը՝ երեխաների հետ


Բեմադրիչը զրույցի վերջում հատուկ շնորհակալություն է հայտնել թատրոնի ղեկավարությանը.«Գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը հավատաց այս պիեսին եւ խմբի ուժերին, իսկ տնօրեն Մարիաննա Մխիթարյանն արեց եւ շարունակում է անել հնարավորն ու անհնարինը ներկայացման համար»։

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Նորա Գրիգորյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW