Մարտի 8-ից մեկնարկում է Հանրային հեռուստաընկերության գարնանային եթերաշրջանը: Թարմ շնչառություն, հին ու նոր դեմքեր, բազմաժանր ու գունեղ նախագծեր. հեռուստադիտողին հենց այսպիսի եթերաշրջան է խոստանում Առաջին ալիքը: Հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը BRAVO.am-ի հետ զրույցում հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել եթերացանցի գունապնակից ու այն վրձնող հայտնի ու սիրված դեմքերից:
- Պարոն Վիրաբյան, գարնանային եթերաշրջանին ընդառաջ Հանրայինը խոստանում է նոր ու փոփոխված, տարբեր ու հետաքրքիր ձեւաչափեր. զրույցը սկսենք այս կետից. ի՞նչ է սպասվում Առաջինի հեռուստադիտողին:
- Այն ժամանակահատվածը, որ մեզ տրված էր հեռուստաընկերությունում նոր եթերային միջավայր ստեղծելու համար, ցավոք, շատ կարճ էր՝ մոտ երկու ամիս, հետեւաբար բոլոր այն նախագծերն ու ձեւաչափերը, որոնք կցանկանայինք տեսնել եթերում, ամբողջ ծավալով դեռ չենք ներկայացնի այս ամսվա եթերացանցում, բայց աշխատանքները շարունակվում են, եւ արդեն սեպտեմբերին մենք կունենանք էլ ավելի հագեցած եթերաշրջան: Սա բնավ չի նշանակում, որ գարնանային եթերաշրջանը կլինի թերի. առավելագույնն անում ենք, որպեսզի այն լինի հետաքրքիր, բովանդակալից, խիստ հայկական եւ դիմանկարային, այսինքն՝ Հանրային հեռուստաընկերությունն ունենալու է իր ուրույն դեմքերն ու ձեռագիրը: Այն թիմը, որ այսօր գծում է Հանրայինի դիմագիծը, կարծում է, որ մենք պետք է լինենք խիստ հայեցի եւ խիստ ժամանակակից:
- Հատկապես ո՞ր ոլորտներին են ընդգրկում այն նախագծերը, որոնք լինելու են հենց այս եթերաշրջանում:
- Հեռուստաընկերության հիմնական շեշտադրումներն արվել են ե՛ւ մշակութային, ե՛ւ սպորտային, ե՛ւ սոցիալ-քաղաքական ուղղություններով. բոլորն էլ լինելու են Հանրայինի խոշորացույցի տակ: Իհարկե, կան այնպիսիք, որոնց առավել կարեւորություն ենք տալիս. օրինակ՝ նոր եթերաշրջանում IT ոլորտին հատկացրել ենք երեք առանձին ձեւաչափեր, ինչը, կարծում ենք, 2021 թվականի հեռուստատեսության համար շատ կարեւոր է: Գիտենք, որ մեր երկրի համար սա գերակա ոլորտ է: Երիտասարդների շրջանում այս հաղորդումները կարող են ուղղորդող լինել նաեւ մասնագիտության ընտրության հարցում: Պետք է կարողանանք հանրահռչակել այն մարդկանց, ովքեր զբաղվում են այդ ուղղությամբ, արձանագրել են էական հաջողություններ, եւ նրանց, ովքեր ցանկություն ունեն զբաղվելու:
Կարեւորելու ենք նաեւ ժամանցային ծրագրերի դերը: Ցավոք, ասելով ժամանցային ծրագիր՝ հաճախ մենք պատկերացնում ենք թեթեւ հումորը. Հանրայինը վերափոխում է այս ձեւաչափը: Մենք կունենանք ժամանցային հաղորդում, որին հյուր կլինեն քաղաքական ու մշակութային դեմքեր, որտեղ կքննարկվեն ամենածանր, նույնիսկ՝ քաղաքական թեմաներ, սակայն այս ամենը կլինի ժամանցայինի ձեւաչափում: Այսպիսի հաղորդումներից է լինելու «Հազար ու մի հարցը», որի ուղղությունը տանողները 100 եւ ավելի երեխաներ են, ովքեր իրենց հետաքրքրող հարցերը կուղղեն մեր հյուրերին:
Ժամանցային ֆորմատների մասին խոսելով՝ պետք է անդրադառնամ նաեւ երաժշտական նախագծերին. երաժշտական կիրակիները վերադառնալու են նոր ձեւաչափով եւ մոտեցումներով: Ամեն կիրակի եթերում կլինի «Մեր օրերի երգը» երաժշտական հաղորդաշարը: Այստեղ շեշտը դրվել է ազգայինի, ժողովրդականի, հայրենասիրականի վրա: Այս համատեքստում նշեմ նաեւ գարնանային եթերաշրջանի նորամուծությունը. հաղորդումների գլխագրերը կլինեն ազգային երաժշտության տարրերով՝ կոմիտասյան, խաչատրյանական, բաբաջանյանական, որպեսզի անգամ խոհանոցում աշխատող կինը հեռվից լսի եւ ընկալի, որ սա Հանրայինի երաժշտությունն է:
- Գաղտնիք չէ, որ մշակութային, կրթական հաղորդումները դիտելիության խնդիր են ունենում, թերեւս դա է պատճառը, որ այժմյան հեռուստաեթերում դրանք շատ քիչ են. Հանրայինն ունի՞ լսարանի հետաքրքրությանը շարժելու տարբերակներ:
- Կարեւորելով հեռուստատեսության դիտողականությունը՝ մենք, այնուամենայնիվ, չենք իրականացնելու նախագծեր, որոնք անորակ են: Համամիտ չեմ, որ հեռուստադիտողը նայում է միայն ցածրորակ հեռուստանախագծեր, պարզապես կա մատուցման խնդիր. եթե մենք Հանրայինում հրաժարվել ենք սիթքոմներ նկարահանելուց եւ ցուցադրելուց, այս պահին, տնօրենի հետ քննարկումներից հետո, գտել ենք կատակերգությանը մեր հեռուստաեթեր վերադարձնելու այնպիսի տարբերակ, որը վայել կլինի Հանրայինի տարբերանշանին: Մտադիր ենք ստեղծել Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները» գրքի մոտիվներով նոր հեռուստանովել, որը, կարծում եմ, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կլինի հեռուստաեթերում:
- Հեռուստանովելներից հատկապես հաջողություն ունեցան գրական ստեղծագործությունների ժամանակակից ադապտացիաները. այս շարքը կշարունակվի՞:
- Հեռուստախցիկից դեպի գրադարան շարքը միանշանակ շարունակվելու է. մենք հիմա ընտրում ենք այն պատմությունները, որոնք հետաքրքիր են եւ կարող են դառնալ հեռուստանովելներ: Կասեմ, որ այս նովելների ազդեցությունը շատ մեծ է. ապացույցը օրեր առաջ տեղի ունեցած ինտերակտիվ մրցույթն էր, որի շրջանակում այս շարքի ֆիլմերի դերասանները գրքեր նվիրեցին մեր մրցույթում հաղթած հեռուստադիտողներին: Ունեինք երիտասարդ բազմաթիվ մասնակիցներ, ինչը եւս մեկ անգամ փաստում է, որ այսօր նրանք կապված են Հանրայինի եւ դրա հեռուստաարտադրանքի հետ:
Տիգրան Վիրաբյանը
- Չենք կարող չանդրադառնալ նաեւ Հանրայինի արդեն սիրված, ինչպես նաեւ նոր հեռուստադեմքերին. հետաքրքիր է՝ ինչպես է կայացել հատկապես վերջիններիս ընտրությունը:
- Մեր մոտեցմամբ՝ հեռուստանյութն է հուշում հեռուստադեմքին, ոչ թե հակառակը, իսկ ընտրությունը կայանում է լավագույններից լավագույնը սկզբունքով, ինչի ճանապարհին այս եթերաշրջանում Հանրային են վերադարձել սիրված դեմքեր: Կարծում եմ՝ այս եթերաշրջանի ամենակարեւոր հեռուստանախագծերից է «Երրորդ ալիք» հաղորդման վերադարձը Արտավազդ Եղոյանի եւ Կարեն Քոչարյանի հետ: Որպեսզի թյուրիմացություն չլինի, նշեմ, որ հեռուստադիտողը կտեսնի ոչ թե նույն ձեւաչափը, այլ սիրված հաղորդավարները կպատմեն «Երրորդ ալիք»-ի եւ Հանրայինի արխիվի մասին: Հիմա առիթ ունեմ ավելի հանգամանալից ծանոթանալու Հանրայինի արխիվին եւ կասեմ, որ ազգային արժեք ներկայացնող նյութերի հետ գործ ունենք՝ փայլուն հարցազրույցներ, ոսկեղենիկ հայերեն, եւ այս ամենը չհանրայնացնելը պարզապես անընդունելի կլիներ: Հիմա նույնիսկ քննարկում ենք առանձին արխիվային հեռուստաալիք ունենալու գաղափարը, որը ոմանց կվերադարձնի մանկություն, ոմանց՝ երիտասարդություն:
«Մեր օրերի երգը» համերգային հեռուստանախագիծը հանրայինի նոր եթերաշրջանում կվարեն Ֆելիքս Խաչատրյանը եւ Սիրուն Մինասը: Կարծում եմ՝ բոլոր տարիքային խմբերի հեռուստադիտողները կկարողանան գտնել իրենց օրերի երգը այս նախագծի շրջանակում:
Գարիկ Պապոյանը IT ոլորտի վերաբերյալ հեռուստաշոու կվարի, Լուսինե Թովմասյանը եւ Ավետիս Ավետիսյանը «Առաջին օգնություն» հաղորդաշարը կներկայացնեն եւ նաեւ ուզում եմ նշել Հովհաննես Դավթյանի հետաքրքիր մուտքը Հանրային. նա փոքր հոլովակներով կներկայացնի մեր նիստուկացը, ավանդույթները, իհարկե, հումորային ձեւաչափում: Նրա ներգրավվածությունը կմեծանա արդեն մյուս եթերաշրջանում:
Ես կարծում եմ՝ կարողացել ենք հիմքեր ստեղծել՝ ունենալու այն Հանրային հեռուստաընկերությունը, որը մենք պատկերացնում ենք:
Զրուցեց Էլեն Աղաջանյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Առաջին ալիքի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: