×


«Ինչո՞ւ էր բարկանում Բեթհովենը», եւ ի՞նչ մեծ հույս ունի Նարեկ Հախնազարյանը

«Արամ Խաչատրյան» համերգասրահում երեկ դասական երաժշտության մեծ երեկո էր՝ անվանի թավջութակահար Նարեկ Հախնազարյանի եւ Հայաստանիա ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ։ Համերգը նվիրված էր օրերս կյանքից հեռացած մեծանուն թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանի հիշատակին։ Միջոցառման մեկնարկից առաջ նախատեսված էր նաեւ «Ինչո՞ւ էր բարկանում Բեթհովենը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը, որին ներկա էին երաժշտասեր մեծերն ու փոքրերը՝ հանդիպելու թարգմանչին, մասնակցելու ինտերակտիվ խաղերին եւ իրենց հետ տանելու երկար սպասված գրքի օրինակը։

Նշենք, որ աշխարհահռչակ թավջութակահար Սթիվեն Իսերլիսի հեղինակած գիրքն առաջին անգամ է թարգմանվում հայերեն։ Այն իր փոքրիկ ընթերցողին հնարավորություն է տալիս մի շարք գաղտնիքներ իմանալ Բախի, Մոցարտի, Բրամսի, Շումանի, Ստրավինսկու եւ, իհարկե, Բեթհովենի մասին։ Գրքի հայերեն թարգմանության հեղինակը Լյուսիլ Ջանինյանն է, որը 2013 եւ 2018 թվականներին Իսերլիսի հայաստանյան այցերին մասնակցելու եւ նրա բանավոր խոսքը թարգմանելու հնարավորություն է ունեցել։ Հենց այդ ժամանակ էլ իմացել է՝ հեղինակը մեծ ցանկություն ունի, որ իր գիրքը նաեւ հայերեն թարգմանվի։ Որոշել է անձամբ այդ գործն իր նպատակին հասցնել:


«Ես գիրքը թարգմանել եմ մեր երկրի ու մեզ համար շատ ծանր օրերին։ Մի կողմից իրավիճակն էր բարդ, մյուս կողմից էլ հասկանում էի, որ պետք է ավարտեմ աշխատանքը, որովհետեւ երեխաներն ունեն դրա կարիքը։ Լավագույն կրթությունը կլինի հիմքը՝ հետագայում ավելի լավ պետություն ունենալու»,- BRAVO.am-ի հետ զրույցում նկատում է թարգմանչուհին։

Նա նաեւ նշում է, որ թարգմանելիս փորձել է ծայրահեղ զգույշ լինել՝ համագործակցելով մի շարք երաժշտագետների հետ, որպեսզի բազմաթիվ տերմինների հարցում չսխալվի.«Գիրքն իրականում թվում է շատ մատչելի, թեթեւ ու հասանելի, սակայն ունի շատ նուրբ երաժշտական մասեր, ու կային բազմաթիվ տերմիններ, որոնք առաջին անգամ էին կիրառվում հայերենում, եւ ուղղակի չէր կարելի շփոթել։ Գիրքն իր ընթերցողին ընկերացնում է կոմպոզիտորների հետ։ Սկզբում երեխայի ձեռքից բռնելով՝ ճամփորդության է տանում մի նոր աշխարհ՝ պատմելով, որ մեծ երաժիշտներն էլ իրենց նման փոքր բալիկներ են եղել, ունեցել են իրենց սխալներն ու թերությունները։ Բայց հանճարների մասին պատմում է երեխային հասու լեզվով, հանրամատչելի եւ հումորային»։


Եվ ի վերջո ինչո՞ւ էր բարկանում Բեթհովենը։ Լյուսիլ Ջանինյանը հակիրճ պատասխանում է.«Խստապահանջ Բեթհովենին դուր չէր գալիս, երբ շփոթում էին իր սուրճի հատիկները, եւ 60-ի փոխարեն լինում էր 59 հատիկ:)»:

Գրքի շնորհանդեսին նվիրված միջոցառման ավարտին փոքրիկ հյուրերն իրենց ծնողների հետ տեղափոխվեցին մեծ դահլիճ՝ ներկա լինելու օրվա երաժշտական ու ամենակարեւոր մասին՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարած նվագախմբի ու Նարեկ Հախնազարյանի համատեղ համերգին։ Այն մեկնարկեց թավջութակահարի ողջույնի խոսքով, որի սկզբում նա ներկաներին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել Մեդեա Աբրահամյանի հիշատակը։ Այնուհետեւ խոսեց այն գործից, որ պատրաստվում էր կատարել նվագախմբի ուղեկցությամբ՝ Շոստակովիչի թիվ 1 կոնցերտից։ Երաժիշտն իր խոսքում նկատեց՝ սովորաբար չի սիրում զրուցել երաժշտության մասին, քանի որ կարծում է՝ այն պետք է լսել ու վայելել, բայց կան ստեղծագործություններ, որոնք հասկանալու համար հարկավոր է իմանալ դրանց նախապատմությունը․
«Շոստակովիչն իր ամբողջ կյանքում ճնշված է եղել խորհրդային ռեժիմի կողմից, եւ միայն Ստալինի մահից հետո է կարողացել իրեն թույլ տալ այնպիսի պրովոկացիոն եւ համարձակ երաժշտական գործեր ստեղծել, որոնց առաջին նոտաներից էլ կարելի է հասկանալ՝ դա նրա կյանք է, նրա ապրումներն են»,- նշեց Հախնազարյանը։

Նարեկ Հախնազարյանը


Շոստակովիչի կոնցերտից հետո էլ երաժիշտը որոշեց կատարել Կոմիտասի «Ծիրանի ծառ» ստեղծագործությունը՝ որպես հավատի ու նոր հույսի խորհրդանիշ.«Ինձ համար մեծ երջանկություն է վերջապես վերադառնալ հայրենիք եւ ելույթ ունենալ այսպիսի երկար ու ծանր տարվանից հետո։ Բայց ուրախությունս ավելի է բազմապատկվում, քանի որ մեր համերգին այսօր ներկա են պատերազմի ժամանակ իրենց հայրենիքը մինչեւ վերջ պաշտպանած հերոսներ։ Մեծ պատիվ է ձեզ համար ելույթ ունենալը։ Ծանոթանալով ու շփվելով ձեզ հետ, տղերք, ես նոր ուժով եւ նոր հպարտությամբ հասկացա, որ կարող եմ գլուխս բարձր ամբողջ աշխարհում ասել՝ ես հայ եմ։ Իհարկե, մենք հիշում ենք նաեւ բոլոր այն հերոսներին, որոնք անմահացան՝ պաշտպանելով իրենց երկիրը եւ ժողովրդին։ Բայց այսօր ես չեմ ուզում ինչ-որ թախծոտ բան նվագել, ես կնվագեմ «Ծիրանի ծառը»՝ հույս ունենալով, որ կգա այն օրը, երբ հայ մարդիկ, անկախ մասնագիտությունից ու պաշտոնից, վերջապես մի կողմ կդնեն իրենց անձնական շահերն ու կսկսեն ապրել, աշխատել հանուն հայրենիքի, հանուն իրենց ազգի...»։

Համերգի երկրորդ բաժնում Ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչեց Բեթհովենի թիվ 6 սիմֆոնիան՝ որպես օրվա գրական սկզբի շարունակություն եւ թեմատիկ ավարտ։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW