Քրիստինե Պեպելյանն իր երկրպագուներին կներկայանա նոր տեսահոլովակով։ Այս շրջանում ԱՄՆ-ում գտնվող երգչուհու հետ BRAVO.am-ը զրուցել է նոր երգի, ծրագրերի եւ Հայաստան վերադառնալու ցանկության մասին։
«Քանի կամ» կոչվող երգի երաժշտության հեղինակը Գուրո Գասպարյանն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը․«Լիրիկական, շատ սիրուն ու մեծ սիրով ստեղծված երգ է։ Հիմքում իրական պատմություն է․ այն ընկերուհուս ամուսնու նվերն է կնոջը։ Ամեն բառը գրելուց հաշվի ենք առել նրանց ընտանիքի սերն ու վերաբերմունքը միմյանց նկատմամբ։ Այս երգի մեջ այնքան սեր կա, որ բոլորին էլ կբավականացնի։ Մարդիկ հաճույքով կլսեն ու իրենց սերը կգտնեն»,- նշել է երգչուհին։
View this post on Instagram
Տեսահոլովակի նկարահանումներն իրականացվել են ԱՄՆ-ում եւ Հայաստանում․ «Շատ ջերմ, ընկերական ու ընտանեկան միջավայրում ենք աշխատել։ Այստեղ մեր բարեկամներից մեկի տան ենք նկարահանել, Երեւանում՝ «Զանգակ» գրատանը։ Շնորհակալ եմ նրանց՝ ջերմ ընդունելության համար։ Երկու օպերատոր ենք ունեցել. Ամերիկայում աշխատել ենք Նարբե Խոդավերդիի հետ, Երեւանում՝ Տիգրան Ավետիսյանի, երկուսի հետ էլ առաջին անգամ էինք համագործակցում, ինչի համար շատ ուրախ եմ։ Ռեժիսորն իմ վաղեմի ընկերն է՝ Սյոմա Կոդաբաշյանը։ Վարսահարդարումն իրականացրել է Լիաննա Հովհաննիսյանը, դիմահարդարումը՝ Մարինա Ստեփանյանը»,-նշել է Քրիստինեն։
Քրիստինե Պեպելյանի նոր տեսահոլովակի նկարահանումներին
Խուսափում է խոսել անելիքներից․«Վերջին տարիների զարգացումները ցույց տվեցին, որ անօգուտ է ծրագրեր կազմելը։ Այս պահին աշխատանքային մի շարք երազանքներ ունեմ։ Կուտակված ու դեռ չերգված մի շարք երգեր կան, համերգներ, տեսահոլովակներ նկարահանելու մեծ ցանկություն։ Շատ կուզեմ, որ այս տարին մեզ շատ երգելու առիթներ ընձեռի։ Տա Աստված՝ ամեն բան լինի այնպես, ինչպես, որ մենք ենք երազում։ Չիրականացած ծրագրեր ունեմ, Աստված տա՝ այս տարի կյանքի կոչվեն»։
Անհամբեր սպասում է Հայաստան վերադառնալուն․«Պատերազմից առաջ եկանք ու մնացինք այստեղ, հույս ունեմ, որ մոտ ապագայում կվերադառնանք հայրենիք. մեր տունն ենք թողել այդտեղ։ Ամենաշատը մեր գյուղն ենք կարոտել, այնտեղի օդը, համով ուտելիքները, միջավայրը, որն ամենից շատն ենք սիրում»,-եզրափակել է երգչուհին։
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Քրիստինե Պեպելյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: