×


«Բացառիկ մի բան է»․ Թոփչյանը՝ բեթհովենյան համերգաշարի եւ Իզաբել Ֆաուստի հետ համերգի մասին

Բեթհովենյան համերգների շարքը Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ շարունակվում է, եւ երեկ՝ մարտի 16-ին, այդ կատարումների թվին ավելացավ գերմանացի անվանի ջութակահարուհի Իզաբել Ֆաուստի հետ համատեղ համերգը։ Արդեն երկրորդ անգամ Հայաստան այցելող եւ Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգներով հանդես եկող Ֆաուստն այս անգամ Երեւանում էր՝ ներկայացնելու Բեթհովենի ջութակի կոնցերտը։ Հանդիսատեսին էլ հայտնի էր՝ Իզաբել Ֆաուստը համարվում է այս կոնցերտի լավագույն կատարողներից մեկը, եւ նրա նվագին յուրահատուկ հնչողություն է հաղորդում Ստրադիվարիուսի՝ 1704 թվականին կերտված «Քնած գեղեցկուհի» ջութակը։ BRAVO.am-ը ներկա է եղել համերգին, լուսանկարել է եւ զրուցել նվագախմբի ղեկավար, դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ՝ հետաքրքիր մանրամասներ պարզելով համերգաշարի մասին։

«Մենք ավելի քան երեք համագործակցություն ենք ունեցել, քանի որ միասին արտասահմանում էլ ենք համերգներով շրջագայել: Իզաբել Ֆաուստն իմ ամենասիրելի երաժիշտներից մեկն է։ Ես եթե փորձեմ առանձնացնել երկու-երեք անուն, ինձ թվում է՝ մեկն ինքն է, իր պես երաժիշտ գոյություն չունի՝ կարելի է ասել։ Հասկանո՞ւմ եք՝ նա պարզապես ջութակահար չէ այլեւս․ իհարկե, ֆանտաստիկ նվագում է, բայց այդ ամենը մի կողմ՝ նա ուղղակի այնպիսի երաժշտություն է ստեղծում, այնպիսի լրջությամբ ու մաքրությամբ է կատարում․․․ Կարծես թե վերջին չորս տարում չէինք նվագել միասին, եւ հիմա շատ ուրախ եմ, որ նորից նվագեցինք, այն էլ՝ Բեթհովենի կոնցերտը, որի շատ հայտնի կատարումներ նա ունի, նաեւ Կլաուդիո Աբադոյի հետ է ձայնագրել։ Եվ ինքն էլ էր շատ ուրախ, որ հիմա նաեւ մեզ հետ կատարեց, մենք էլ շատ երջանիկ ենք»,- մեր զրույցում անկեղծացավ Էդուարդ Թոփչյանը։


Համերգի երկրորդ մասում նվագախմբի կատարմամբ հնչեց նաեւ Բեթհովենի Թիվ 8 սիմֆոնիան, որը, ինչպես դեկտեմբեր ամսից մեկնարկած բեթհովենյան նախորդ համերգները, գերմանացի կոմպոզիտորի 250-ամյակին էր նվիրված։ Պարզվում է՝ բոլոր այս համերգները բարձր որակով ձայնագրվում ու տեսագրվում են Մարիինյան թատրոնի տասնչորս մասնագետների կողմից, որոնք այդ նպատակով ժամանում են Հայաստան․«Ինձ թվում է՝ այն, ինչ մենք հիմա կատարում ենք Հայաստանում Բեթհովենի 250-ամյակին նվիրված, աշխարհում ոչ մի տեղ այսքան սկզբունքային տեղի չի ունենում պանդեմիայի պատճառով, որքանով ինձ է հայտնի։ Համենայն դեպս, մենք հսկայական գործ ենք անում, եւ կարծում եմ՝ շատ կարեւոր են նաեւ այդ ձայնագրությունները, որոնք հրաշալի են ստացվել։ Դա բացառիկ մի բան է։ Իմ նպատակն է, որ Ֆիլհարմոնիկ նվագախումբը Հայաստանի կարեւորագույն արժեքներից մեկը լինի, որովհետեւ ինքը կա՛։ Եթե մենք այդքան խոսում ենք մշակույթից, ապա հպարտություն է նման նվագախումբ ունենալը Հայաստանում»,- նկատեց երաժիշտը։


Նրանից հետաքրքրվեցինք, թե հետագայում այդ տեսագրությունները որտեղ եւ ինչպես են հասանելի դառնալու հանրությանը։ Էդուարդ Թոփչյանն ասաց, որ նախ «Mezzo TV»-ն ու «Medici TV»-ն պետք է ցուցադրեն, այնուհետեւ իրենք այդ նյութերը կհրապարակեն ինտերնետային լուրջ հարթակներում․ «Իհարկե, մենք դեռ բոլորը չունենք, գործընթացի մեջ ենք, բայց հիմա դեռ չենք ուզում՝ շատ տարածվի, որպեսզի սկզբում միջազգային հեռաուստաալիքները ցուցադրեն։ Դա մեզ համար մեծ բան կլինի»։


Ինչ վերաբերում է առաջիկա համերգներին, ապա բեթհովենյան կատարումների ամբողջական շարքին մնացել են Թիվ 3 եւ Թիվ 9 սիմֆոնիաները։ Վերջինս հետաձգվում է կորոնավիրուսի համավարակի պատճառով, քանի որ համերգին պետք է ներգրավված լինի նաեւ մեծ երգչախումբը․ «Հույս ունեմ՝ այս տարի դա էլ կկարողանանք անել ու կտեսագրենք, կձայնագրենք, բայց ամեն դեպքում սպասենք, մինչեւ այս վտանգավոր իրավիճակն անցնի»,- եզրափակեց Թոփչյանը։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին