×


«Աղջիկների միջեւ փոքրիկ խնդիրներն արագ հարթվում են». Նարինե Պետրոսյան

Նարինե Պետրոսյանը ժամանակ առ ժամանակ ներկայանում է հետաքրքիր ֆոտոշարքերով: Դրամատիկական թատրոնի դերասանուհին այս անգամ օբյեկտիվի կենտրոնում է հայտնվել դուստրերի հետ: Երեք աղջիկների մայրիկի հետ զրուցել ենք ընտանիքում մթնոլորտի, մեկամսյակի մասին, եւ ոչ միայն:

Աղջիկը՝ ջերմություն

Յուրաքանչյուր երեխա կնոջ համար օրհնություն է: Ամեն մի երեխայի ծնունդ ուրախություն է: Պետք է շնորհակալ լինել Աստծուն այդ պարգեւի համար: Մինչ ամուսնանալն ընկերուհիների հետ աղջկական զրույցների ժամանակ միշտ ասում էի՝ «Երբ աղջիկ ունենամ, այսպես կանեմ»: Այդպես էլ ստացվեց. այսօր երեք դուստրերի մայր եմ, ինչի համար ուրախ եմ: Մոր համար աղջիկը ջերմություն է: Ասում են՝ տղաներն էլ մայրերի համար յուրահատուկ տեղ ունեն: Ինձ համար աղջիկն ուրիշ ջերմություն է:

Երբ ընտանիքում երեք աղջիկ է մեծանում

Երեք աղջիկների մայր լինելը ե՛ւ հեշտ է, ե՛ւ դժվար: Պիտի կարողանաս հավասարությունը պահել: Դժվարությունը հավասարաչափ ուշադրություն հասցնելն է: Բնական է՝ փոքրերն ավելի շատ ուշադրություն են ուզում, բայց մեծերն էլ անտեսված չպետք է լինեն: Երեխաների միջեւ երբեմն փոքրիկ խնդիրներ լինում են, եւ դա բնական է, որոնք արագ հարթվում են: Նրանց ասում ենք, որ աշխարհում միմյանց համար իրենք ամենաթանկն են ու սիրելին: Պետք է միմայնց հետ հաշտ լինեն, կիսեն իրենց ունեցածն ու չկռվեն:

Նարինե Պետրոսյանը՝ դուստրերի հետ


Մայր եւ ընկերուհի

Մենք ե՛ւ մայր-աղջիկներ ենք, ե՛ւ ընկերուհիներ: Որոշ իրավիճակներում ես կոնկրետ ասում եմ, որ այսինչ բանն այսպես պետք է արվի կամ այսպես է պետք, իսկ որոշ դեպքերում էլ, բնականաբար, ընկերներ ենք: Աղջիկներս կենցաղային հարցերում հաճախ օգնում են, նորաձեւությանը վերաբերող հարցերում էլ խորհուրդներ են տալիս: Նրանք նոր սերունդն են, ավելի թարմ հայացքներ ունեն, իրատես են: Երբեմն լսում եմ նրանց խորհուրդները: Ծնողները եւս պետք է լսեն երեխաներին, հետեւեն նրանց որոշ խորհուրդներին:

Մեկամսյակի անակնկալները

Մեկամսյակն ինձ համար զարթոնք է: Այն կնոջ, գարնան ու ծաղկող բնության խորհուրդ ունի: Մեկամսյակը շատ լավ սկսվեց: Նվերների մասին չեմ ուզում բարձրաձայնել, բայց միմյանց անակնկալներ արել ենք: Երեխաներս սիրում են եւ հաճախ ձեռագործ նվերներ են պատրաստում: Այս անգամ էլ նվերներ էին պատրաստել միմյանց, տատիկների, ընկերուհիների համար:

Նարինե Պետրոսյանի կրտսեր դուստրը


Նոր ֆոտոշարքի մասին

Գաղափարը վաղուց կար: Մի փոքր այլ բան էի մտածել, որը կիրականացնենք հետագայում: Էքսպրոմտ, ընտանեկան ֆոտոշարք է՝ մայր-աղջիկներ թեմայով: Զանգահարեցի լուսանկարչին, արագ որոշեցինք եւ իրականացրինք: Փոքրիկիս համար տեսախցիկն ու ֆոտոխցիկը արդեն հոգեհարազատ են դարձել: Շատ արագ հարմարվեց իրավիճակին: Արագ կողմնորոշվելով՝ հետեւում էր լուսանկարչի «հրահանգներին»:

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Aramio Pazzo

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW