×


Անի Քրիստին՝ հայրիկի հետ

Անի Քրիստիի 35-ամյակի լուսանկարները եւ մայրանալու որոշումը

Օրեր առաջ Անի Քրիստին մտերիմներին մեկ հարկի տակ հավաքելու առիթ է ունեցել: Ամերիկաբնակ երգչուհին մարտի 15-ին նշել է 35-ամյակը: Տոնական օրվան լուսանկարները նա տրամադրել է BRAVO.am-ին եւ պատմել, թե վերջին շրջանում ինչով է հագեցած իր առօրյան:

«Մոտ մեկ ամիս է՝ նոր տուն ենք տեղափոխվել: Դոգո Արգենտինո ցեղատեսակի շուն ենք պահում, իսկ նախկին բնակարանն արդեն փոքր էր մեզ համար: Բոլոր նրանք, ովքեր տեղափոխվել են սեփական տուն, կհասկանան, թե ինչ մեծ աշխատանք է այն պահանջում: Նոր իրեր, կահույք, որոնք պետք է տեղավորել. բավականին ծանր ընթացք է: Վերջին մեկ շաբաթում կարողացա պատրաստվել նաեւ իմ ծննդյան տարեդարձին: Արդեն գիտեի՝ ինչ եմ ուզում, ինչ գույների մեջ պետք է լինի ամենը: Կազմակերպչական հարցերում ինձ մասնագիտական օգնություն են ցուցաբերել իմ ընկերները՝ Ռուզաննան, Հասմիկը: Նրանք իրականացրին այն ամենը, ինչը նախօրոք պատկերացնում էի»,- ասել է Անի Քրիստին եւ հավելել, որ ձեւավորումն իր ցանկությամբ գարնանային երանգներով է եղել, քանի որ հոգեվիճակով ինքը գարնանային մարդ է:

Անի Քրիստին


Հյուրերը, երգչուհու խոսքով, եղել են մտերիմներն ու հարազատ մարդիկ, որոնց հետ կորոնավիրուսի պատճառով երկար ժամանակ է՝ չէին հանդիպել: Լավ առիթ էր  միասին երեկո անցկացնելու համար: Համավարակով պայմանավորված, ցավոք, հյուրերի թվի սահմանափակում է եղել. ոչ բոլորն են ներկա գտնվել հավաքույթին:

Տարիքի հետ սկսել է կարեւորել ծննդյան տոնին հրավիրված հյուրերի տրամադրությունը, անմոռանալի պահերը, որոնց մասին կարող է անվերջ խոսել: Նվերներն ու անակնկալներն այս դեպքում երրորդական է համարում: Օրվա վերջում մի բան հստակ է եղել. բազմապատիկ դրական էներգիա է ստացել: Տեղափոխության հետ կապված հոգնածությունը լիովին անհետացել է:


«Այս տարի տարեդարձիս տորթը մոմեր չուներ, որովհետեւ սիմվոլիկան այլ տեղում էր: Եթե մոմ չկա, ուրեմն երազանք էլ չեմ պահել: Բայց իրականում ամեն անգամ բարձրյալի հետ խոսելիս երազանք, ցանկություն եմ հայտնում: Այն ամենն, ինչը ցանկացել եմ եւ խնդրել տիրոջը, նա տվել է: Միակ բանը, որ դեռ չեմ խնդրել, բալիկն է: Արդեն սկսել եմ անհանգստացնել, որովհետեւ 35-ը բավականին տարիք է մայրանալու համար: Ուզում եմ՝ ճիշտ հասկանան. կան կանայք, ովքեր մայրանում են 45-ում, դա հրաշալի է, բայց հայերս ունենք մայրանալու մեր սանդղակը: Արդեն շատ են ասում, որ ուշացնում եմ: Ինձ անհանգստացնում են այդ հարցով: Կարծում եմ՝ այս տարի այդ անհանգստությունը կվերանա»,-ասել է Անին:

Անի Քրիստին


Գործնականի մասին խոսելիս երգչուհին ասել է, որ այս ընթացքում էլ շարունակում է ստեղծագործել: Կարծում է՝ որոշ ժամանակ անց, երբ համավարակը թուլանա կամ վերանա, կներկայացնի նոր երգերը: Իսկ երկրորդ մասնագիտության մասին էլ խոսել է՝ ասելով.«Կինոդիմահարդարի մասնագիտություն ստանալուն պես մեր կյանք ներխուժեց համավարակը: Ցավոք, հնարավորություն չեղավ աշխատել: Հետո, երբ որոշակիորեն թուլացան սահմանափակումները, յուրաքանչյուր ֆիլմի հետ աշխատելու համար պետք է թեստ հանձնեի: Այդ պահին ես դա համարեցի անիմաստ: Այն իր վատ հետքը թողեց իմ մասնագիտության վրա»:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`AK. Photography

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW