×


«Ամենաթեժ պահին եղավ». Աննա Սալոմեն հիմնել է հայկական շուկայում նորաձեւության մարքեթինգի միակ գործակալությունը

Ինչպիսի՞ իրավիճակում է հայտնվել հայկական նորաձեւության շուկան, որը նախորդ տարվա ծանր իրադարձություններից ու դժվարին ժամանակներից հետո ամենատուժած ոլորտներից մեկն է համարվում, եւ արդյո՞ք նկատվում են զարգացման ու առաջխաղացման միտումներ։ BRAVO.am-ն այս հարցերի շուրջ զրուցել է նորաձեւության մարքեթինգի մասնագետ Աննա Սալոմեի հետ, որը 2020-ի ընթացքում հասցրել է հիմնել իր սեփական ընկերությունը՝ ավելի քան յոթ տարվա աշխատանքային փորձից ու հաջող համագործակցություններից հետո։

Աննան առաջիկայում պատրաստվում է նաեւ նոր դասընթաց կազմակերպել ոլորտով հետաքրքրված մարդկանց ու գործարարների համար, քանի որ ինչպես ինքն է նկատում, երկար դադարից հետո այդպիսի վարպետության դասերի պահանջարկն է՛լ ավելի է մեծացել։

«Խնդիրներ, իհարկե, կան, բայց դրական միտումներ նույնպես նկատվում են»

«Նորաձեւությունն իսկապես ամենատուժած ոլորտներից մեկն է, եւ նրանք, ովքեր, այսպես ասած, անվտանգության «բարձիկներ» չունեին, ուղղակի կա՛մ գոյատեւեցին, կա՛մ աշխատակիցներ կրճատեցին, կա՛մ էլ փակվեցին։ Ուղիղ մեկ տարի առաջ թվում էր՝ անդառնալի է ամեն ինչ, շատ անորոշ էր իրավիճակը համավարակի անկանխատեսելիությամբ, բայց հիմա կարծես համակերպվեցինք, սովորեցինք, փորձեցինք լուծումներ գտնել, եթե դեռ հաշվի չառնենք տեղի ունեցած պատերազմը՝ իր բոլոր հետեւանքներով։ Արդյունքում հայ դիզայներների մեծ մասը, եթե անգամ սպորտային կամ առօրյա հագուստ չէր արտադրում, սկսեց հենց դա թողարկել։ Օրինակ՝ դիզայներական մուլտիբրենդային խանութներ մտնելու դեպքում կարող եք տեսնել, որ այնտեղ այսօր բացառապես վաճառվում է այդ հարմարավետ հագուստը։ Հիմա շատերն արդեն սպորտային սեթեր են անում, նույնիսկ ձեռագործ աշխատանքներով դիզայներական լուծումներ են գտնում, բայց մեկ է՝ բովանդակությունն առօրյա նորաձեւ հագուստն է։ Այսօր արդեն գրեթե ոչ ոք, ցավոք, չի կարողանում վաճառել իր հին կոնցեպտուալ արտադրանքը»,- ասում է Աննան։

Աննա Սալոմեն


Նրա խոսքով՝ այս ամենին զուգահեռ՝ նկատվում են նաեւ դրական միտումներ. ստեղծվում են նոր բիզնեսներ, ընդ որում՝ խոսքը մեծամասշտաբ արտադրության եւ դիզայներական բրենդերի մասին է․«Հենց մենք, օրինակ, երկու նոր ապրանքանիշ ունենք, որ դեռ շուկա դուրս չեն եկել, եւ դրանք բավական մեծ են ներդրումով։ Մեկը՝ սեպտեմբերին, մյուսը մայիսին են թողարկվելու։ Դա հուսադրող է, եւ իրականում զարմանում ես այդ մարդկանց համարձակության վրա, մյուս կողմից էլ մտածում ես, որ ճգնաժամն էկոնոմիկայի տեսանկյունից միշտ նոր հնարավորությունների հարթակ է միաժամանակ։ Շուկան միշտ ինքնակարգավորվելու հատկություն ունի, եւ երբ որոշները դուրս են գալիս, մյուսների համար, այսպես ասած, տեղ է բացվում։ Այս պահի դրությամբ շուկայում արդեն հայտնվել է առաջին մասս-մարկետ հայկական հագուստի բրենդը, շուտով մեր բրենդերից մեկը եւս մասս-մարկետ է լինելու։ Այսինքն՝ հասկացել ենք, որ զանգվածային հագուստի արտադրանք հայկական նորաձեւությունում չկար։ Ու հիմա այդ խնդիրն է փորձում լուծել տեղի շուկան, որպեսզի արտադրանքը հասանելի լինի, օրինակ, ուսանողի գրպանին»։

Դրական միտումներից է նաեւ այն, որ նախորդ տարվա ընթացքում, երբ մարդիկ որոշեցին մերժել թուրքական հագուստը, Աննա Սալոմեի հիմնադրած ընկերությունը Նորաձեւության եւ դիզայնի հայկական պալատի հետ իրականացրել է մի նախագիծ, որի շրջանակում ներմուծված տեսականի ներկայացնող շատ խանութներ համաձայնել են իրենց մոտ վաճառել հայ արտադրողների հագուստները․«Այսինքն՝ դիզայներն առաջին անգամ պիտի հանդես գար որպես արտադրող եւ ստեղծեր հագուստ` համապատասխան տվյալ խանութի հիմնական ապրանքատեսականուն։ Այս նախագիծը համարում եմ հաջողված, քանի որ դրանում ներգրավված յուրաքանչյուր դիզայներ մինչեւ 2000 կտոր հագուստ է ստեղծել մեկ խանութի համար»,- ասում է նա։

Աննա Սալոմեն եւ Անուշիկ Ալավերդյանը


Այս միտումներին զուգահեռ՝ Աննա Սալոմեն նաեւ ընդգծում է, որ հայկական ապրանքանիշների համար նոր խնդիրներ կան, օրինակ, արտահանման հետ կապված․ Հայփոստի սակագները մի քանի անգամ բարձրացել են․«Արտահանման սակագինն ավելացել է մոտ երեք անգամ։ Սա իսկապես լուրջ խնդիր է դարձել փոքր ծավալներով կամ միավորներով արտահանող հայ արտադրողի համար»։

Մարքեթինգը՝ սեփական ընկերության ու ընդլայնված թիմի հետ

Ինչ վերաբերում է «Anna Salome Fashion Marketing Agency» նորաստեղծ ընկերությանը, ապա Աննան այն հիմնադրել է նորաձեւության ոլորտում տարբեր ընկերությունների հետ ավելի քան յոթ տարվա աշխատանքից հետո՝ շուկայում հանդես գալով որպես միակ գործակալությունը` մասնագիտացած նորաձեւության մարքեթինգում. «Երբ մարդիկ ասում են նորաձեւություն, հաճախ հասկանում են միայն հագուստի ու աքսեսուարների արտադրությունը, սակայն մենք զբաղվում ենք լայֆսթայլը ձեւավորող բոլոր ոլորտներով, այսինքն՝ նաեւ ռեստորաններ, սրճարաններ, գեղեցկության սրահներ, էսթետիկ բժշկության եւ ստոմատոլոգիայի կենտրոններ, մարզասրահներ եւ այլն։ Իմ աշխատանքային փորձն ու մասնագիտացումն էլ հենց այս ոլորտներում է եղել։ Ի սկզբանե վստահ էի, որ մի օր իմ ընկերությունն եմ ունենալու, բայց վստահ չէի, որ համավարակի ամենաթեժ պահին է դա լինելու (ժպտում է,- հեղ․)»։


Աննան պատմում է, որ սկզբում թիմը բավական փոքր է եղել, հիմնականում ներգրավված են եղել իրեն օգնող մարդիկ։ Սակայն այսօր աշխատակազմն ընդլայնվել է, իսկ նածագծերի թիվն օր օրի մեծանում է: Այս պահին արդեն գործընկերներ ունեն ոչ միայն Հայաստանում, այլեւ Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Փարիզում․«Այդ տեսանկյունից բավական հետաքրքիր ճանապարհ ենք անցել: Սկզբում փոքր-ինչ դժվար էր մեզ համար աշխատանքները հեռահար կազմակերպելը։ Բայց բավական լավ ու հաջող է ստացվում, որովհետեւ մարքեթինգի գերխնդիրը սպառողի պահանջմունքները հասկանալն է` լինի դա օնլայն, թե օֆլայն։ Դրանից հետո արդեն խնդիր չէ, արտադրանքը/ ծառայությունը լավ իմանալով, անգամ հեռահար աշխատելը, վաճառելն ու հաճախորդի մասին հոգ տանելը»։

Նոր վարպետության դաս՝ ինտենսիվ հանդիպումների հնարավորությամբ

Ինչպես հայտնի է, նախորդ երկու տարիներին Աննա Սալոմեն մի քանի մեծ վարպետության դասեր է անցկացրել նորաձեւության մարքեթինգի հետ կապված, սակայն կորոնավիրուսային սահմանափակումներից ելնելով՝ միառժամանակ որոշել էր չիրականացնել նման միջոցառումներ։ Այդ ընթացքում մեկ օնլայն դաս է միայն եղել, սակայն Աննան հասցրել է համոզվել, որ այդ ձեւաչափը չի կարող նույնքան արդյունավետ ու ինտերակտիվ լինել։ Այժմ արդեն պատրաստվում է երկար դադարից հետո նոր դասընթաց կազմակերպել, քանի որ պահանջարկն ու հետաքրքրվողների թիվն էլ բավական մեծ է:

Աննա Սալոմեն եւ Անահիտ Ղազարյանը


«Որոշել ենք, որ այս տարի ավելի հաճախ են լինելու այդպիսի դասերը՝ ամեն անգամ մոտ մեկ ամիս ընդմիջումով։ Տարվա առաջին դասընթացը հաջողությամբ ավարտել ենք օրեր առաջ: Արդեն սկսել ենք նոր խմբի ընդունելությունը մեր ինտենսիվ դասընթացին, որը մեկնարկելու ապրիլի 5-ին։ Մասնակցել կարող են նորաձեւության ոլորտում գործունեություն իրականացնողները կամ նրանք, ովքեր դեռ նոր են ուզում սկսել, մարքեթինգի մասնագետները կամ պարզապես հետաքրքրվածները։ Բոլոր այս մարդիկ ամբողջական պատկերացում կունենան, թե ինչպես հայաստանյան նորաձեւության շուկայում գրագետ կազմակերպել սեփական բիզնեսն ու ճիշտ մարքեթինգային քաղաքականություն վարել։ Կարծում եմ՝ սա լավ հնարավորություն է մարքեթինգի ոլորտում նոր գիտելիքներ ու գործնական հմտություններ ձեռք բերելու եւ սեփական բրենդի առաջխաղացումն ինքնուրույն կազմակերպելու համար»,- հավելեց Սալոմեն։

Դասընթացի պայմանների մասին առավել մանրամասն կարող եք տեղեկանալ այս հղումով՝ shorturl.at/gmsDK, իսկ գրանցվել կարող եք այստեղ՝ shorturl.at/msK28:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Աննա Սալոմեն

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW