«Ես հաճախ էի գնում Վանաձոր՝ ընկերներիս տեսնելու։ 2018-ին որոշեցի լուսանկարչական շարք անել ու ներկայացնել, թե այնտեղ ապրող երիտասարդներն ինչպես են վերաբերվում իրենց քաղաքին։ Ինչպես գիտեք, Վանաձորը Հայաստանի այն քաղաքներից է, որը հետխորհրդային շրջանում շատ քիչ փոփոխություններ է կրել, չի ակտիվացել եւ այդ պատճառով տխուր քաղաքի համբավ ունի, որտեղ կյանքը կարծես կանգ է առել։ Ցուցահանդեսի խորագիրն էլ՝ «Ապրողները», շատ լավ համընկնում է իմ այս շարքի հետ, քանի որ Վանաձորում փորձել եմ գտնել կենդանի շունչը, ապրողներին, որոնք, իհարկե, երիտասարդներն են՝ ամենագունավորը, կյանքով լցվածը»,- պատմում է լուսանկարչուհի Սոնա Մնացականյանը, որի աշխատանքներն այս օրերին ներկայացված են Երեւանի Գեղագիտության ազգային կենտրոնում։
Այստեղ ցուցադրված են հայ եւ ֆրանսիացի հինգ երիտասարդ լուսանկարչի գործեր, որոնք ներկայացված են «Ապրողները։ Խաչվող հայացքներ․ Ֆրանսիական եւ հայկական ժամանակակից լուսանկարչություն» խորագրով ցուցահանդեսի շրջանակում։ Այն կազմակերպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը՝ «CIRCULATION(S)» ֆրանսիական ամենամյա փառատոնի հետ համագործակցությամբ։ Արդեն տասը տարվա պատմություն ունեցող այս փառատոնն իր գոյության ընթացքում հասցրել է բազմաթիվ լուսանկարիչների համար պարտադիր հանդիպման վայր դառնալ ու ներկայացնել ավելի քան 400 հեղինակի աշխատանքներ՝ ունենալով 300 հազարից ավելի այցելու։ Այս տարի փառատոնը մի փոքր հատվածով ներկայացված է նաեւ Հայաստանում։
Շառլ Թիեֆենը
Առողջապահական եւ քաղաքական ճգնաժամերի համընդհանուր մթնոլորտում՝ ինչպես Արեւելքում, այնպես էլ Արեւմուտքում, կենսական շունչը չի կորչում, մարդիկ փորձում են պատկերացնել հետոն, ապրել ավելի լավ, պարզապես ապրել այլ կերպ։ Այս միտքն է ցուցահանդեսի հիմքում, որ ավելի վառ արտահայտված է ֆրանսիացի լուսանկարիչ Շառլ Թիեֆենի աշխատանքներում։ Վերջինս 2015 թվականին մեկնում է Իրաք, զուգահեռաբար բնակվում այնտեղ եւ սկսում պատկերել տեղի առօրյա կյանքը՝ իր խնդիրներով, հուզումներով ու պայքարով։ Շառլի՝ ցուցահանդեսին ներկայացված շարքում պատկերված է 2019-ի նոյեմբերը, երբ ցուցարարները փորձում են հասնել Ալ-Ահրար կամրջին` Իրաքի մայրաքաղաքի ամենաանվտանգ թաղամաս` կանաչ գոտի տանող առանցքներից մեկը։ Սակայն իշխանությունները զինյալների օգնությամբ մարտական փամփուշտներ են կրակում եւ արցունքաբեր գազով գերծանր նռնակներ կիրառում։ Արդյունքում զոհվում է ավելի քան 600 մարդ, 20 000-ը՝ վիրավորվում։
Անն-Սոֆի Օկլերը, Ալեքսի Պազումյանը եւ Սոնա Մնացականյանը
Ֆրանսահայ լուսանկարիչ եւ ռեժիսոր Ալեքսի Պազումյանի «Սեւ պարտեզ» շարքում էլ ներկայացված է Լեռնային Ղարաբաղը՝ իր առօրյայով, մշակույթով, ավանդույթներով, անորոշ ապագայով՝ մշտապես պատերազմի վտանգի առջեւ կանգնած․«Ես Արցախը բացահայտել եմ 2016 թվականին՝ Քառօրյա պատերազմից հետո։ 2018-ին վերադարձա այնտեղ՝ իմ այս շարքը նկարելու համար, որի նպատակն Արցախի շատ ընդհանուր դիմանկարն անելն էր՝ չկենտրոնանալով որեւէ առանձնահատուկ սյուժեի վրա, քանի որ Արցախն ինքնին ինձ համար շատ առանձնահատուկ էր։ Ցանկությունս էր նաեւ ֆրանսիական մեդիայում հնարավորինս ներկայացնել Արցախը, քանի որ այնտեղ շատ քիչ լուսանկարիչներ էին աշխատում դրսից։ Եվ ինչն է ինձ հետաքրքրում այս շարքում՝ փորձել հասկանալ ինչպես են մարդիկ ապրում մի տարածքում, որն անընդհատ պատերազմի եզրին է գտնվում, եւ ինչպիսին է այն մարդկանց զգացողությունը, որոնք գիտեն՝ հակամարտությունն ամեն պահի կարող է գլուխ բարձրացնել»,- ասում է Պազումյանը։
Հայ լուսանկարիչ եւ ռեժիսոր Կարեն Խաչատուրովն իր «Նվիրվում է տատիկին» շարքում պատկերել է միայնության դեմ պայքարող ու մահացած կնոջը կարոտող իր պապիկին․«Իմ շարքը մի քիչ անձնական է։ Փորձել եմ ցույց տալ իմ պապիկի ապրումները տատիկիս մահից հետո։ Ու ինչպես տեսնում եք, որպես տատիս բացակայության էլեմենտ, որպես կոնցեպտ փորձել եմ օգտագործել իր երիտասարդ ժամանակվա լուսանկարը։ Ամեն նկարի խորագիրը տեսնելով՝ դուք էլ արդեն կհասկանաք, թե որ պահն է կարոտում պապին։ Ինձ համար շատ կարեւոր էր այս շարքն անելը, որովհետեւ ինձ համար էլ դա մեծ ցավ ու կորուստ էր»,- խոստովանում է Կարենը։
Կարեն Խաչատուրովը
Ֆրանսիացի արվեստաբան, լուսանկարչուհի Անն-Սոֆի Օկլերի «Ամպրոպի ժամանակ խորհուրդ չի տրվում լճում լողալ» շարքն էլ հիմնված է անձնական փորձառության վրա․«Իրականում ինքս էլ մի անգամ քիչ էր մնում ամպրոպի ժամանակ հենց լողալիս խեղդվեի։ Որոշ ժամանակ անց Փարիզում մի ցուցահանդես էր կազմակերպվում, որի համադրողն ինձ առաջարկեց շարք իրականացնել՝ հիմնված հենց իմ փորձառության վրա։ Ես գնացի լուսանկարելու մարդկանց, որոնք առաձգական լարով մեծ բարձրությունից թռնում էին ներքեւ, եւ ինձ շատ հետաքրքիր էր արձանագրել, ցույց տալ նրանց մարմինների վրայի որոշակի հետքերը կամ այդ ադրենալինը, էներգիան։ Այսինքն՝ այն լարվածությունը, որը մեզ ստիպում է խաղի մեջ մտնել մահվան հետ՝ մեզ ապրող զգալու համար»։
«Ապրողները» խորագրով ցուցահանդեսը Հենրիկ Իգիթյանի անվան Ազգային գեղագիտության կենտրոնում բաց է լինելու մարտի 23-ից ապրիլի 18-ը՝ երեքշաբթիից կիրակի օրերին՝ ժամը 10:00-ից 18:00-ը։ Ուրբաթ օրերին ցուցահանդեսը կգործի մինչեւ 20։00-ն՝ հնարավորություն տալով այցելուներին մշակութային ժամանցի շրջանակում կազմակերպել ուրբաթ երեկոները։
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: