Ռեժիսոր, բեմադրիչ, «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը կարծում է, որ թատրոնը պիտի ժամանակի շնչով լինի, իսկ Սարոյանի ճշմարտությունն, այնուամենայնիվ, աստվածային է, որովհետեւ այնտեղ սիրո գերակայություն է:
- Ինչպիսի՞ն էիք մի քանի տարի առաջ եւ այսօր: Եթե փոխվել եք, այդ փոփոխությունները Ձեզ դո՞ւր են գալիս:
- Իմ սկզբունքները նույնն են, սակայն կյանքային ինչ-որ իրավիճակներ օգնել են զտվել, մաքրվել: Սկզբունքային բաներ էլ կան, որ կյանքը ժամանակի ընթացքում ստիպում է ավելի շուտ ճշտել, քան՝ փոխել: Ամեն ինչ սկսվում է ամենատարրական բաներից, մինչեւ իրոք սկսում ես գիտակցել, որ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ ես... Ես հայի դրական կողմերով հպարտանում եմ եւ ատում եմ բացասականը: Ես նաեւ իմ ժողովրդի ոչ թե փոխվելու, այլ մաքրվելու մասին եմ մտածում: Ուզում եմ՝ ավելի լավը լինի, ավելի ճիշտ ապրի, շատ միամիտ չլինի: Մենք պատերազմում ազնվորեն էինք կռվում, բայց այն բոլորովին ազնվության տեղ չի: Օրինակ, հրեական խորամանկ քայլեր կան, որոնք ճիշտ կլինի՝ մենք էլ հասկանանք:
- Իսկ գուցե մեր ձեռագրին ավելի հավատարի՞մ մնանք: Գուցե առիթ չտա՞նք հավասարեցնելու մեզ ու թշնամուն ո՛չ միջազգային հանրության, ո՛չ մեր աչքին:
- Հա, իհարկե, կանանց ու երեխաներին պետք չի սպանել... Բայց այն զինվորը, որը քո դեմ է դուրս եկել, նրան չես կարող նստեցնել առաջին դասարան եւ մարդասիրություն սովորեցնել. նա այլ խնդրով է եկել: Բոլորն էլ մարդ են ծնվում, սկզբում բոլորն էլ հրեշտակ են, հետո, երբ գաղափարախոսությունն է գործի դրվում, իրավիճակը փոխվում է: Եվ ի վերջո, այդ հանրության պետական միավորումը կա, որը մեր նկատմամբ հաստատ սեր չի քարոզում: Ես էդպիսի հարցերում առանձնապես քրիստոնյա չեմ, ներողություն…
Արթուր Սահակյանը
- Հայաստանը հիմա ո՞ւր է գնում: Եթե սխալ ուղու վրա է, ինչպե՞ս կարելի է դա շտկել:
- Գիտեմ, որ Թուրքիայի հետ մենք անցնելիք ճանապարհ չունենք, չենք կարող ունենալ:
- Բայց կարո՞ղ ենք ամեն տեսակի հարաբերություններից խուսափել:
- Եթե կարող ենք էնպես անել, որ մեզ հարգեն ու մեզ հետ հաշվի նստեն, այլ ոչ թե պարտադրեն, գուցե եւ հնարավոր լինի: Բայց դրա համար նախ պիտի հասկանանք՝ թուրքն ինչ բան է: Մեզանում, օրինակ, երաժշտությունը շատ կոնկրետ ցուցիչ է. եթե դու կարողանում ես մուղամ լսել, ուրեմն քո մեջ թուրքական, պարսկական արյուն կա... Մենք 1000 տարի պետություն չենք ունեցել: Մեր մեջ կարծես պետականության գենը փչացել է, անպետքացել է… Դրան գումարած, օտար արյունն այնքան է խառնվել... Իրենք շատ լավ գիտեն, ուսումնասիրել են մեզ, մեր լեզուն են ուսումնասիրել: Թուրքն իր բնորոշմամբ կամ տեսակով չի կարող լինել մեր բարեկամը:
- Թուրքը կարո՞ղ է փոխվել. 100 տարուց ավելի անցել է:
- Չի կարող փոխվել, ինչպես չի կարող փոխվել իսկական հայը: Մի բան ասեմ՝ այսքան երիտասարդներ պատերազմի դաշտում ընկան, հավատացած եմ, նրանք ոչ «Դլե յաման» էին լսել, ոչ էլ «Զարթիր, լաո» էին երգել: Իրենք սերիալների, սիթքոմերի, այսինքն՝ զանգվածային էժանագին մշակույթի վրա էին մեծացել: Բայց նրանք գնացին էնտեղ, եւ իրենց մեջ հայն արթնացավ: Ցավում եմ նրանց բոլորի համար... Եթե նրանց մեջ հայը չարթնանար, նրանք մեր գաղափարները չէին պաշտպանի: Նրանք էնտեղ են եղել պաշտպանելու...
- Իսկ Ձեր ասած իսկական հայի խնդիրը ո՞րն է այսօր:
- Ականջ դնել իր արյան ձայնին... Մենք այլ նշանակությամբ ենք եկել աշխարհ, պետք է մեր ներքին ձայնին լսենք եւ հասկանանք, որն է այդ նշանակությունը:
Արթուր Սահակյանը
- Այս մեկ տարվա ընթացքում հայ հասարակությունը փոխվել է... Մեր հասարակությունն այսօր ինչպիսի՞ն է:
- Իհարկե, փոխվել է: Ցավոք սրտի, մենք մի էնպիսի դաս ստացանք... Այդ դասն արդեն 3 տարի է՝ ստանում ենք: Այն մեզ պետք էր, բայց դրա համար վճարվելիք գինը շատ էր թանկ... Մենք շատ անհոգ էինք դարձել, մեզ դաս պետք էր: Մարդ կա՝ հասկացավ, խելոքացավ ու հետագայում այլեւս թույլ չի տա նույն սխալների կրկնությունը (եթե հետագա ունենանք): Ով այս ընթացքում ամեն ինչ հասկացավ, հասկացավ, ով էլ՝ չէ, էլ բացատրելու կարիք չկա... Նույնիսկ ամոթ է նրա համար, ում բացատրում ես: Ով չհասկացավ, ուրեմն իրեն պետք էլ չի, իրեն պետք են բարեկեցության տարրական պայմաններ, իրեն ուրիշ բան պետք չի: Նրան պետք է տեղ, որտեղ նա կապրի, իրեն ուրիշ բան չի հետաքրքրում: Այդ պատճառով էլ հաճախ չեմ ուզում մարգարիտներս շաղ տալ...
- Իսկ Դուք իրավիճակին, պայմաններին հարմարվո՞ղ մարդ եք:
- Ես փախուստ ունեմ իրական կյանքից... 90-ականներին էլ ունեի, հիմա էլ ունեմ... Սակայն ինչքան մեծանում ու պատասխանատու ես դառնում (երբ ավելի ջահել ես, կարող ես փախչել, չանել, ասել` թող մեծերն անեն). հիմա այդ իրավունքը չունեմ: Երիտասարդ սերնդի համար ես պիտի անեմ: Եվ այն, ինչ ես պիտի անեմ, թատրոնն է... Թատրոնը հենց փախուստ է. թատրոնը թույլ է տալիս գալ ու քո գործն անել:
- Ներկայացումը հանդիսատեսի մեջ ի՞նչ պետք է առաջացնի առաջին հերթին. մի՞տք, թե՞ հույզ:
- Ապրում պիտի առաջացնի առաջին հերթին, ինչպես նաեւ միտք եւ հույզ: Ավելի շուտ դրանք պիտի զուգահեռ գնան: Եթե շատ խելքին զոռ տալու բան է՝ հոգնեցնում է, եթե միայն հույզ է առաջացնում, դա էլ ճիշտ չէ: Զուգահեռ պիտի գնան, ներդաշնակություն պիտի լինի... Ցանկացած արվեստի գործի մեջ պետք է ներդաշնակություն լինի: Այն պետք է բերի մի ընդհանուր հանրագումարի:
- Ի՞նչ ասել է՝ նորարարություն թատրոնում:
- Երբեմն մարդիկ գալիս են թատրոն ու հարցնում, թե ինչ նոր բաներ ենք անում: Ես հարցնում եմ՝ ինչ նոր բան նկատի ունեն, երաժշտությո՞ւն... Հարցնում եմ՝ ինչ նորություն են ուզում: Պետք է ուղղակի թատրոնի ռիթմը զգալ... 1973-ին գրված «Էքվուսը» (Equus) ես վերցրել եմ 2019-ին: Բայց այդ ձեւն ինձ հին թվաց: Ես չվերցրի այն ժամանակվա նորարարությունը, ես այնպես արեցի, որ այդ ներկայացումն այսօր ազդի... Գիտեմ, հանդիսատեսին պետք չի այն ժամանակվա ճշմարտությունը, հանդիսատեսն այն տեսել է: Ուզում եմ ասել՝ թատերական «ֆորման» պիտի նոր լինի. Այսինքն, եթե ռետրո է, պիտի լինի հին կահույք, հին ժամացույց, բայց արվի թատերական նոր «ֆորմայով»: Իոնեսկոն, Բեքեթը, Սարոյանը նոր գրականություն էին: Թատրոնը պիտի ժամանակի շնչի մեջ լինի: Երբ ինձ մոտ հին ու նոր թատրոն են ասում, ես չգիտեմ՝ ինչ նկատի ունեն:
- Բոլոր ժամանակների թատրոնի հայ դերասանը Ձեզ համար ո՞վ է:
- Խորեն Աբրահամյանը: Կարծում եմ՝ նա անգամ աշխարհում իր անալոգը չունի: Իր գլուխգործոցը Կորիոլանն է... Դերասանին թատրոնի բեմով կարող եք դատել, իսկ բեմի վրա նա անկրկնելի էր:
- 2020 թվականին Ձեր զգացողություններն ինչպիսի՞ն էին:
- Երբ Քովիդի ալիքը սկսվեց, սկսեցի դավադրության տեսության մեջ խորանալ: Ախր, մենք Աստվածաշնչին որպես հեքիաթի ենք վերաբերվում: Կարծես համատարած գտնվում ենք չարի գերիշխանության տակ: 2020 թվին կարծես աշխարհը կոճկվեց: Բացի այդ դավադրության հեղինակներից, ես չեմ ճանաչում մարդու, ով կպատկերացներ, որ աշխարհը կարելի է փակել, ուղղակի կողպել: Սարսափելի սթրես էր: Իրենք գրոհում են, դու պիտի հասկանաս՝ որ կողմ շուռ գաս: Ձեռնոցներով կյանքն ինձ բոլորովին հետաքրքիր չի: Վերահսկվող կյանքը՝ սկզբում գնացիր էստեղ, հետո էնտեղ, ինձ համար դա կյանք չի:
- Այսօր Ձեզ ինչ-որ բան զարմացնո՞ւմ է. մարդիկ, երեւույթները:
- Էս լկտիությունն ինձ զարմացրեց, էս լկտի դավաճանությունն ու լկտիությունը դավաճանությունից հետո ինձ իրոք զարմացրին... Ես ոչ մեկին երբեք չեմ հավատացել. քաղաքական գործչին հավատալը մեծ ապուշություն է... Պետք է հավատալ միայն Աստծուն, քաղաքական գործիչներին կարելի է երբեմն փորձել վստահել: Գալիս են, որովհետեւ ի վերջո, նրանք ընդունվում են աշխատանքի: Ընդունվեց, եթե լավ է աշխատում՝ լավ, եթե չէ՝ անմիջապես պետք է հեռանա: Միեւնույն է, ես երբեք չեմ հավատացել ոչ մեկին եւ ճիշտ եմ եղել: Ցանկացած իշխանություն ինձ համար չարիք է... Մարդը գալիս է ղեկավար պաշտոնի եւ գիտի, որ ստում է. ո՞նց է մտնում 3 միլիոնի հայհոյանքի կամ անեծքի տակ: Էդպիսի բաների վրա զարմանում եմ: Ես կարծում եմ՝ չկա այնպիսի քաղաքական գործիչ, որին արժե ներկայացում նվիրել, բեմ հանել, եթե դա Ռիչարդ 3-րդը չի, ով մեզ հետ ընդհանրապես կապ չունի:
Վերջերս հետաքրքիր բան իմացա, դա էլ ինձ զարմացրեց. երաժշտական գործիքների լարման հերցեր գոյություն ունեն: Հիմա լարվում է 348 կամ 420 հերց հաճախականությամբ: Պարզվում է՝ առաջ լարվել է 332 հերցով: Այս հաճախականությունը կապ ունի տիեզերքի հետ՝ համարվում է բուժիչ հաճախականություն: Այսինքն, երբ այդ հաճախականության երաժշտություն ես լսում, տիեզերքի հետ քո կապը վերականգնում ես: Հետո, երբ ձգել են հաճախականությունը, կարծեմ՝ Վերդին աշխատել է թույլ չտալ, բայց չի ստացվել: Հիմա լարման հաճախականությունը 420 հերց է: Այն լարվածքն ականջի համար շատ ավելի զորավոր է եղել:
Լենա Գեւորգյանը եւ Արթուր Սահակյանը
- Թատրոնի, արվեստի խնդիրը ճշմարտությունը ներկայացնե՞լն է, թե՞ մարդուն մի ուրիշ աշխարհ տեղափոխելը:
- Նայած ներկայացում, նայած՝ որ ճշմարտությունը: Ո՞րը նկատի ունեք. երեւանյա՞նը, Շուռնուխ գյուղի՞նը: Դա էլ է ճշմարտություն, եթե ներկայացումը դրա մասին է: Կա ավելի բարձր ճշմարտություն, օրինակ՝ Բեքեթի ճշմարտությունը. ինքն առհասարակ ճշմարտություն է եւ ճշմարտության հոռետեսական տեսակ: Սարոյանի ճշմարտությունն աստվածային ճշմարտություն է, որովհետեւ այնտեղ սիրո գերակայություն է, այնտեղ սիրո դիկտատ է, եւ եթե դու իրոք հավատում ես, պետք է հիշես, որ տերն ասում է. «Սիրեցեք միմյանց այնպես, ինչպես ես ձեզ սիրեցի»: Գիտեք՝ սրա հետ ինչքան հարց է լուծվում... Սարոյանն աղետից հետո սիրով է լուծում ամեն ինչ, Բեքեթը տանում է դեպի անելանելիություն: Բայց Բեքեթին նայողը չի հուսահատվում, նա ասում է՝ «Չէ, ես էսպես չեմ ուզում ապրել»: Այն քեզ նորից ուժ է տալիս, որ դու դիմագրավես էս ամեն ինչին: Բայց եթե հիպնոսի տակ ընկնող ես, նա քեզ կկանգնեցնի շատ փակ տեղ՝ կոնկրետ անկյունում, որտեղ հետեւդ էլ է անկյուն. տեղ չկա շարժվելու: Իսկ երեւանյան իրականությունը սկեչերի տեսքով էլի ներկայացվում է, ես կուզեի՝ մենք անդրադառնանք տիեզերականին, տիեզերքի մեջ մեր դերին...
- Կա՞ հեղինակ, ում ասելիքն այսօրվա Հայաստանի համար է կարծես, եւ հենց այդ ասելիքը Դուք կուզեիք հասցնել հանդիսատեսին:
- Դժվար է ասել: Մենք Կոմիտասով ու Թումանյանով չենք ապրում, Նարեկացի ունենք, Նարեկացիով չենք ապրում, Նժդեհ ունենք, Նժդեհով չենք ապրում: Մեզ թվում է, թե մենք գիտենք ինչ-որ բան, իրականում ոչ մի բան էլ չգիտենք: Կոմիտասին էլ չգիտենք. քիչ ենք լսում, այնինչ այն, ինչ մեզ պետք է զտի, մաքրի, հենց Կոմիտասն է: Ես Նարեկացի կբեմադրեի, բայց ո՞վ պիտի նայի: Էնպիսի մեծություն է... Եթե Նարեկացի բեմադրեցի, ու այն գնաց դատարկ, անգամ կիսադատարկ դահլիճում, կամ էլ` ոչ դռները կոտրելով, ամոթ է...
- Ազատ լինելն ի՞նչ է Ձեզ համար: Որտե՞ղ է վերջանում մարդու ազատությունը:
- Երեխան է ազատ: Մարդու ազատությունը տեւում է մի 6 տարի: Հետո ռեժիմն է սկսվում՝ դպրոց, բանակ, ինստիտուտ, աշխատանք... Այսինքն՝ դու մտնում ես մի անիմաստ շրջապտույտի մեջ, որտեղ գլխավոր խնդիրը փող աշխատելն է: Գոյություն ունեն պետություն, օրենքներ, այդ պարագայում էլ ո՞ւր մնաց ազատությունը, եթե քո փոխարեն ամեն ինչ որոշված է արդեն: Պետք է լինեն բարոյական օրենքներ...
- Կարծում եք այդպիսի բան հնարավո՞ր է:
- Եթե սեր լինի, երբ սերը ղեկավարի, այլ ոչ թե թելադրանքը, հնարավոր է: Պետք է ոչ թե մարդկանց հրամայել, այլ խնդրել: Կարծում եմ՝ խնդրելն ավելի ազդեցիկ կլինի, միայն թե ոչ այսօրվա Հայաստանում, կարծում եմ՝ հիմա բոլորի համար հրամանն է ավելի ազդեցիկ: Այնինչ բոլորը պիտի խնդրեն եւ խնդրեն նույն տոնայնությամբ: Ու ոչ մեկը մյուսի ներկայությունը չի կարողանում վայելել, բոլորը գործի են գնում. գնան մի 6 ժամ նստեն, ներկա ստանան, գան: Հետո գնում են դպրոց, որտեղ սովորեցնում են, որ մարդը առաջացել է կապիկից: Ինստիտուտում գիտակցված ընտրում են այն կապանքը, որը գիտակցված պիտի տանեն ողջ կյանքում: Յուրաքանչյուր մասնագիտություն մի յուրատեսակ դնչկալ է... Ու ոչ ոք չունի այն գիտակցությունը, որ կյանքի ժամերն են անցնում: Բայց դու այլ կերպ այլեւս չես էլ կարող. քեզ գցել են այդ շրջապտույտի մեջ, դու պիտի փող աշխատես:
Արթուր Սահակյանը
- Վախեր ունե՞ք:
- Չէ արդեն, ինձ համար՝ չէ: Երեխեքի համար, նոր սերնդի համար, ինձ համար՝ չէ: Ես ինքնաթիռներից էի վախենում, հետո երբ անցավ, չհասկացա: Համ էլ մտածեցի՝ ինչ ուզում է լինի, մեկ է՝ վերեւն Աստված կա:
- Հանդիսատեսի արձագանքը կարեւո՞ր է, այն Ձեզ ինչ-որ բան թելադրո՞ւմ է:
- Կարեւոր է, բայց ամեն դեպքում դու նախ անում ես դա քեզ համար, հետո քո հավանածը, աշխատածը, հղկածը ներկայացնում ես հանդիսատեսին: Այն, ինչ դու հասկացել ես, ուզում ես՝ ինքն էլ հասկանա: Ես անում եմ տալու համար, չեմ անում ու պահում այն դարակում: Ես ունեմ 15 տարի անշլագով անցնող ներկայացում եւ ունեմ 30 հոգու համար արված ներկայացում: Ինձ համար հաճելի կլինի, որ իմ հայտնագործած թատերական գյուտը կիրառելի լինի շատերի համար, բայց դա չի որոշում իմ վաղվա ընտրությունը: Ես ուզում եմ Ենգիբարյանի նովելները բեմադրել, որովհետեւ կարծում եմ՝ ափսոս է կորցնել դրանք: Ուզում եմ անել ներկայացում իր մասին, որովհետեւ նա եզակի է, Չապլինի նման մեծություն է, Չապլինի մակարդակի արվեստագետ է: Ցավոք, մի 20 տոկոսը գիտի՝ ով է Ենգիբարյանը: Խնդիրը հետեւյալն է՝ բեմում նրան չկորցնել: Ես կփորձեմ մարդկանց հետաքրքիր տեղ տանել, հետաքրքիր ճամփորդության: Ես ուզում եմ իմ մասնագիտության մեջ խոհարար աշխատել, չեմ ուզում իմ մասնագիտության մեջ մատուցող աշխատել... Մատուցողը վատ բան չի, բայց իմ աշխատանքը մատուցողի չի: Ես եմ այդպես կարծում:
Զրուցեց Լենա Գեւորգյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: