«Կան ներկայացումներ, որոնք մեր թատրոնի խաղացանկում պե՛տք է լինեն, դրանցից մեկն էլ երեւի «Նազարն» է»,- ասում է ռեժիսոր, Երեւանի պետական կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը՝ խոսելով իր բեմադրած «Նազար, Նազար՝ մինչեւ վերջ» ներկայացման մասին, որը փոքր-ինչ վերափոխված տարբերակով կրկին թատրոնի խաղացանկում է։ Դերերում էլ հանդես են գալիս Հրանտ Թոխատյանը, Իրինա Դանիելյանն ու Ռաֆայել Երանոսյանը։
Վերաբեմադրության պրեմիերային ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, զրուցել ներկայացման հեղինակի ու դերակատարների հետ, ինչպես նաեւ լուսանկարել բեմում ու ետնաբեմում։
Դեմիրճյանի «Քաջ Նազար» ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացումն առաջին անգամ Կամերայինի բեմում եղել է 1983 թվականին։ Դրանից հետո տարբեր ժամանակներում ու տարբեր դերասանական կազմերով այն վերաբեմադրվել ու ընդգրկվել է թատրոնի խաղացանկում։ Այս անգամ ներկայացումը կրկին բեմ բարձրացնելու միտքը եղել է ոչ միայն Արա Երնջակյանինը, այլեւ Հրանտ Թոխատյանինը, որը հանդես է գալիս գլխավոր՝ Նազարի դերում։
«Գիտեք, այս ներկայացումը ժամանակ առ ժամանակ բեմ է բարձրանում, երեւի դրա կարիքը կա, եւ ինձ թվում է՝ ոչ միայն մեր երկրում։ Հրանտի հետ մտածեցինք, որ լավ կլիներ՝ վերականգնեինք «Նազարը»։ Այդպես, մի քիչ թարմացրինք պիեսն ու արեցինք։ Բոլոր զուգադիպություններն այսօրվա հետ պատահական են»,- կեսկատակ ասաց Արա Երնջակյանը՝ պիեսի եւ բեմադրության հեղինակը։
Մեր զրույցում նա նշեց, որ շատ կարճ ժամանակում՝ մոտ մեկ ամսում են ներկայացման աշխատանքներն ավարտել․«Ընդ որում՝ Իրինան այստեղ չէր, տասը փորձ առանց նրա ենք արել, բայց այնպես ստացվեց, որ համարյա օրուգիշեր աշխատելով, կարողացանք հասցնել։ Ես, ճիշտն ասած, վախենում էի, որ շատ հոգնած են դերասանները, բայց, փառք Աստծո, կարծես թե դեռ ողջ են (ժպտում է,- հեղ․)»։
Ինչ վերաբերում է դերասանների ընտրությանը, ապա նման խնդիր առանձնապես չի էլ եղել, ինչպես ռեժիսորն է ասում։ Ըստ նրա՝ բոլոր դերասաններն արդեն իր աչքի տակ էին, ընտրության կարիք էլ չի եղել․«Դե, Հրանտը մեր մշտական Նազարն է եղել, չնայած՝ որոշ ժամանակ Անդրանիկ Հարությունյանն է այդ դերում հանդես եկել։ տիրացուներ շատ են եղել, բայց Անդրանիկի հետ հենց Ռաֆոն էր խաղում։ Իսկ Ուստիանի դերն առաջին անգամ Իրինան է խաղացել (բեմադրության սկզբնական տարբերակում երկու հոգի էին՝ տիրացուն եւ Նազարը, իսկ Իրինան միացավ 1989 թվականին Ֆրանսիայի Նանտ քաղաքում կայացած մի փառատոնից հետո, երբ ներկայացմանն ավելացավ նաեւ Ուստիանի կերպարը)։ Այնպես որ, դերասանների ընտրությունը շատ հեշտ էր»։
Անդրադառնալով պիեսի թեմային՝ դերասաններն էլ ընդգծեցին, որ այն արդիական է ոչ միայն մեր երկրում ու մեր ժամանակներում։ Ինչպես ներկայացման մեջ է ասվում՝ Նազար Հազարմեկերորդը խոստանում է մեզ բերել ազատություն, անկախություն եւ գույնզգույն փուչիկներ...«Հիմա առավել եւս արդիական է, քանի որ ապրում ենք թեժ ժամանակներում։ Եվ հետո՝ մեզնից առաջ այս թեման դեռ Հովհաննես Թումանյանի ու Դերենիկ Դեմիրճյանի ստեղծագործություններով է արդիական դարձել»,- նկատեց Իրինա Դանիելյանը։
Ռաֆայել Երանոսյանն էլ, խոսելով իր դերի մասին, նշեց, որ այն հավաքական կերպար է, ամեն անգամ տարբեր խնդիրներին լուծում տալու նպատակով մի Քաջ Նազարի է ղեկավար բերում, բայց ամեն անգամ պարզվում է՝ էլի չստացվեց․«Ու նա ամեն անգամ փորձում է ուղղորդել, թե Նազարն ինչ պետք է անի, ինչպես անի, բայց միեւնույն է՝ Նազարները նույնն են, նրանք չեն փոխվում։ Ու դրա համար էլ վերջում իրավիճակը կրկնվում է՝ նորից այն նախորդը, ու դրանից առաջ ու դրանից առաջ էլ... Ես ընդհանրապես կուզեի՝ նման խնդիրներ չլինեին, եւ ես ապրեի խաղաղ, հանգիստ, լավ երկնքի տակ, բայց դե, հիմա ունենք այն, ինչ ունենք»։
Արա Երնջակյանը
Ռեժիսոր Արա Երնջակյանն էլ կարծում է՝ «Նազարը» կշարունակի արդիական մնալ նաեւ հաջորդ տարիներին, եթե նույնիսկ փոփոխություններ էլ լինեն․«Կապ չունի, մեկ է՝ կգա Նազար։ Ես դրանում համոզված եմ, ցավոք։ Այնպես որ, այս ներկայացումը միշտ հանդիսատես կունենա»։
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: