×


Լուսանկարիչ Էմին Արիստակեսյանի «Monologue»-ը՝ մարդկային հոգիների մեծ ցուցասրահ

«Այս նկարահանումների ընթացքում ես տեսա ամենաանկեղծ ծիծաղը, ամենաանկեղծ արցունքները, ամենաուժեղ հույզերը, որոնք ինքս էլ չէի սպասում»,- ասում է Էմին Արիստակեսյանը, որը շաբաթներ առաջ ներկայացավ հեղինակային նախագծով։ «Monologue» (Մոնոլոգ)՝ այսպես է կոչվում լուսանկարչի նոր աշխատանքների շարքը, որն ընդգրկում է ե՛ւ լուսանկարներ, ե՛ւ տեսանյութեր։ Հատկանշական է, որ տեսանյութերն այս դեպքում գերիշխող դիրքում են, ունեն իրենց առանձին սաունդթրեքերը, ինչը նոր փորձ է Էմինի համար։ BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է, թե ինչպես է ընտրում հերոսներին, ինչ անկեղծ պատմությունների է հանդիպել, ինչպես է գրվում երաժշտությունը, եւ թե ինչ նպատակով է անում նախագիծը։ Մեր զրույցն Էմինի հետ ներկայացնում ենք մոնոլոգի՝ մենախոսության տեսքով:

«Մարմնի եւ էմոցիայի լեզուն դեռեւս կշիռ ունի, անկեղծ է»

Նախագծի միտքն առաջացավ 2019-ի սեպտեմբերին, երբ դեռ նոր էի ավարտել «Կիսաստվերը»՝ իմ նախորդ նախագիծը։ Այդ ժամանակվանից սկսած՝ առանձնահատուկ սեր ունեմ դիմանկարային ձեւաչափի հանդեպ, եւ այդ սերն այս նախագիծ էլ տեղափոխվեց։ Հիմքում այն է, որ նկարահանումների ընթացքում ես ընդհանրապես ոգեշնչանքս գտնում եմ մարդկային հոգիներին դիպչելուց։ Ինձ համար դա շատ կարեւոր է՝ հասնել այն ամենախորքը, այն կետերին, որոնք մարդը հիմնականում ցույց է տալիս, երբ, օրինակ, ինքն իրեն հայելու մեջ է նայում, ինքն իր հետ խոսում է։ Այսինքն՝ նպատակը հենց դա էր՝ ցույց տալ մարդկային հոգու այն գույները, որոնք առօրյայում չեն երեւում։

Էմին Արիստակեսյանը


Ինձ համար նաեւ շատ կարեւոր էր, որ այս նախագծում չլիներ խոսք, որովհետեւ հիմա խոսքերը բավական արժեզրկվել են․ մարդիկ իրենց գործողություններով չեն ապահովում այդ խոսքերի հիմնարարությունը։ Բայց մարմնի, էմոցիայի եւ հոգու լեզուն դեռեւս կշիռ ունի ինձ համար, անկեղծ է։ Այն, ինչ մարդու աչքերն են ասում, մաշկը, ձեռքերի շարժումները, հատկապես երբ նա դա անում է ենթագիտակցորեն, ինքն իր մտքերով, անկեղծ է։ Հասկացա, որ ես ուզում եմ մարդկանց հնարավորություն տալ մենախոսելու։ Ու դրա համար էլ շատ հիմնավոր էր, որ այս նախագծում չպիտի լինի սցենար, չլինի նախնական որեւէ պայմանավորվածություն, որպեսզի ես որեւէ կերպ չմիջամտեմ ընթացքին ու ամբողջը նկարահանեմ, կարելի է ասել, մեկ դուբլով։ Ես ուղղակի կատարում եմ հենց այն հայելու դերը, որում մարդ ինքն իրեն է տեսնում ու մենախոսում է։

«Նախագիծն այդպես որոշեց ապրել»

Հենց առաջին երկու-երեք նկարահանման ընթացքում արդեն պարզ դարձավ, որ ի սկզբանե ես չէի սպասում՝ մարդիկ այդ աստիճան անկեղծ կլինեն։ Եվ այդ գիտակցությունը բերեց նրան, որ ես ամեն ինչ ճիշտ եմ անում։ Ու ամեն նոր հերոսի հետ ավելի շատ էի սիրահարվում նախագծին, երեւի նախագիծն էլ՝ ինձ, որովհետեւ ցանկացած գործ, որին դու կյանք ես տալիս, հետո սկսում է ապրել իր կյանքով, ու շատ բաներ փոխվում են։ Նույն կերպ էլ այս դեպքում եղավ․ ի սկզբանե այնպես էր մտածված, որ 50 տոկոսով ֆոտո, 50 տոկոսով վիդեո նախագիծ պետք է լիներ, բայց ի վերջո այն դարձել է մոտ 90 տոկոսով վիդեո ու 10 տոկոսով ֆոտո նախագիծ։ Դա ինձ համար բավական էքսպերիմենտալ է, որովհետեւ ես ինձ համարում եմ լուսանկարիչ, ոչ թե վիդեոնկարիչ, բայց այս նախագիծն այդպես որոշեց ապրել, ու ես դրա հետ ոչինչ չեմ կարող անել։



«Անկեղծությունը հաճախ ընկալվում է որպես թուլություն»

Ընդհանուր առմամբ կան մի քանի էտապներ։ Առաջին ու երեւի ամենաբարդ էտապներից մեկը հերոսներին ընտրելն է։ Իրականում չկան ինչ-որ կոնկրետ նախապայմաններ, թե ես ինչպես եմ ընտրում հերոսներին, դա ավելի շատ էմոցիոնալ ներքին ազդակների հետ է կապված։ Եթե զգացի, որ ինչ-որ մեկին ուզում եմ նկարել, զուտ երկու ամիս կարող է նրան հետեւեմ սոցցանցերում՝ թե նա ինչ է հրապարակում, ինչ գրառումներ է անում, ինչ մտքեր է արտահայտում, ինչ գույներ է նախընտրում եւ այլն, փորձում եմ հասկանալ այդ մարդուն, ընդ որում՝ հեռվից, առանց խառնվելու, այնպես չեմ անում, որ նա փորձի ինձ ինչ-որ բան ցույց տալ։ Ու սպասում եմ այդ ներքին ազդակին, որ հենց լինի, ես այդ մարդուն ասեմ՝ արի (ժպտում է,- հեղ․)։ Դրա համար էլ այս մեկուկես տարվա նկարահանումների ընթացքում երեւի հարյուրավոր մարդկանց նայելով նկարել եմ ընդամենը 54 հոգու։ Որովհետեւ ինձ համար շատ կարեւոր է՝ մարդն իսկապես հետաքրքիր լինի որպես անձ, ես ուզեմ նրան բացահայտել, հասկանալ նրա էությունը որպես կերպար։ Գիտես, մեր իրականության մեջ հիմա դա բավական ծանր թեմա է, որովհետեւ անկեղծությունը հաճախ ընկալվում է որպես թուլություն։ Իսկ այս նախագծի ընթացքում ես տեսա ամենաանկեղծ ծիծաղը, ամենաանկեղծ արցունքները, ամենաուժեղ էմոցիաները, որոնք ինքս էլ չէի սպասում։ Նախագիծը հոգիների մեծ ցուցասրահ է դարձել, ու ինձ թվում է՝ ամեն մեկն այստեղ կգտնի իրեն հոգեհարազատ ինչ-որ մեկին։

Ովքեր են աշխատում թիմում

Թիմում վեց հոգի ենք։ Ես զբաղվում եմ հերոսներին գտնելով, նկարահանումներով, ինչպես նաեւ մասնակցում եմ մոնտաժային աշխատանքներին։ Առաջին մարդկանցից մեկը, որ միացավ նախագծին, Էվա Ոսկանյանն էր, որն իր վրա վերցրեց ահռելի մեծ ու ծանր աշխատանք՝ գրել երաժշտություն յուրաքանչյուր տեսանյութի համար։ Այսինքն՝ եթե մենք ունենանք, օրինակ, հարյուր հերոս, դա նշանակում է գրել հարյուր ստեղծագործություն, ինչը տաժանակիր, մեծ ծավալի աշխատանք է, որն Էվան փայլուն է անում իմ կարծիքով։ Բացի նրանից՝ նախագծին ի սկզբանե միացավ Անի Օսիպյանը՝ ավելի հայտնի որպես Քենդի, նա իր վրա վերցրեց մոնտաժի ոչ պակաս դաժան աշխատանքը։ Հետո թիմին միացավ նաեւ ԴերՀովան։ Երբ պատմեցի նախագծի մասին, միտքը նրան շատ դուր եկավ ու համաձայնեց ոչ միայն իր ստուդիան տրամադրել, որ մենք ձայնագրություններն անենք, այլեւ երաժշտական որոշ գործեր գրել մի քանի հերոսների համար, ինչպես նաեւ բոլոր գործերի միքսն անել։


Նախագծին միացավ նաեւ Մարիամ Գեւորգյանը, որը գրաֆիկ դիզայնն է անում։ Իրականում նրա հետ շատ վաղուց եմ աշխատում։ Մեր թիմում է նաեւ Սոնա Միրզոյանը, որը զբաղվում է սոցցանցերում նախագծի առաջխաղացմամբ, այսինքն՝ այն ամենով, ինչն ինձ համար սեւ անտառ է, ընդհանրապես չեմ ուզում մոտ գնալ։ Նա ինձ իրականում փրկեց մի շատ սթրեսային ու ծանր աշխատանքից։ Գովազդներ, լայքեր, սթորիներ... այդ ամենից փորձում եմ հնարավորինս հեռու մնալ։

Ինչու սեւուսպիտակ գույներով

Իրականում ինձ համար սեւուսպիտակի մեջ կան բոլոր գույները, եւ իզուր չէ, որ ես շատ-շատ եմ այդ գույներով նկարում։ Ինձ համար գույների ամենավառ արտահայտման ձեւը երեւի թե սեւուսպիտակ նկարելն է, որպեսզի կոնկրետ գույներ չթելադրեմ դիտողին, յուրաքանչյուրը տեսնի այն, ինչ ինքը կտեսնի։ Այդ հարցը չի էլ եղել, ի սկզբանե հենց այդպես եմ տեսել։

«Ինքնաարտահայտման շնորհիվ կարողացել են ճանապարհներ գտնել»

Հենց հերոսների համար այս նախագիծը ոչ միայն հետաքրքիր հնարավորություն է՝ սեփական անձի էության մասին պատմելու, այլ նաեւ սեփական բարդույթների, վախերի, ցավերի, ուրախությունների հետ առերես հանդիպելու, հետո իմ աչքերով անցկացրած՝ դա կողքից տեսնելու եւ իրենց մեջ շատ հարցերի պատասխաններ գտնելու։ Իսկապես շատ է եղել, որ նկարահանումների շնորհիվ մարդիկ կարողացել են ինքնաարտահայտվել, խոսել իրենց հետ եւ ինչ-որ խնդիրների լուծումներ, ճանապարհներ գտնել։ Նույնն էլ կարող եմ հենց իմ մասին ասել, որ բոլոր հերոսների հետ ապրելով իրենց ցավերը, վախերը, էմոցիաները՝ փորձում եմ ինքս ինձ համար էլ հնարավորինս շատ դասեր քաղել, որ այդպիսի խնդիրների հետ ինքս չառնչվեմ երբեւէ։ Հուսով եմ՝ այն մարդիկ, որոնք կհետեւեն նախագծին, իրենք էլ կգտնեն այն խնդիրներն ու հարցերը, որոնց հետ բախվում են, եւ իրենք էլ, թեկուզ կողքից նայելով, կգտնեն ճանապարհները։


«Քանի դեռ ինձ հետաքրքիր է, շարունակելու եմ անել»

Սկզբում ես իմ մտքում ունեի որոշակի թիվ, թե քանի հոգու եմ ուզում նկարել, բայց հիմա արդեն մոտ մեկուկես տարվա նկարահանումների մեջ լինելով ու հիսունից ավելի մարդու նկարելով՝ հասկանում եմ, որ ավելի եմ սիրում նախագիծը, ու նախագիծն էլ ինչ-որ նոր երանգներ ու նոր կյանք է ստանում։ Մենք մեր թիմով ունենք շատ հետաքրքիր պլաններ ապագայի հետ կապված, որոնց չակերտները դեռ չեմ ուզում բացել։ Ըստ այդմ՝ դեռեւս չգիտեմ, թե քանի տարի սա կանեմ, բայց կանեմ այնքան, մինչեւ չզգամ՝ նախագիծը սպառել է իրեն։ Բայց նա ապրող օրգանիզմ է, որը ես անընդհատ պետք է սնեմ նոր, հետաքրքիր հերոսներով։ Քանի դեռ ես գտնում եմ հերոսներ, ու քանի դեռ դա ինձ հետաքրքիր է, շարունակելու եմ անել։ Եվ ուզում եմ ասել՝ ես սա չեմ անում շատ լայքեր կամ հետեւորդներ հավաքելու համար, որեւէ կոմերցիոն նպատակ չունեմ։ Ես սա անում եմ, որպեսզի կարողանամ շնչել։

ՀԳ․ «Մոնոլոգ» նախագծին կարող եք հետեւել պաշտոնական էջերում՝

Facebook` https://www.facebook.com/monologuebysartagar

Instagram` https://www.instagram.com/monologuebysartagar/

YouTube` https://www.youtube.com/channel/UC7h08OenQRLj4Sa1Ras9REw

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW