Երեխայի ծնունդը լրջագույն փորձություն է յուրաքանչյուր կնոջ կյանքում․ չէ՞ որ բալիկի լույս աշխարհ գալը ոչ միայն գլխիվայր փոխում է նրա առօրյան, այլ նաեւ առաջացնում ֆիզիոլոգիական եւ հոգեբանական մի շարք փոփոխություններ։ Այս ամենն իր անմիջական ազդեցությունն է ունենում նաեւ սեռական կյանքի վրա։ Զույգի հարաբերություններում սկսվում է բոլորովին այլ փուլ, որը, սակայն, կարելի է հեշտորեն հաղթահարել, եթե գիտեք, թե ինչ է ձեզ սպասվում։ Շարունակեք կարդալ եւ կգտնեք հետծննդաբերական շրջանում սեռական կյանքի վերաբերյալ ամենակարեւոր հարցերի պատասխանները։
Ե՞րբ կարելի է վերսկսել սեռական կյանքը եւ ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ
Ծննդաբերությունից հետո կնոջ օրգանիզմը դեռեւս վերականգնվելու կարիք ունի։ Ուստի մասնագետները խորհուրդ են տալիս սպասել նվազագույնը վեց շաբաթ, որից հետո նոր կարելի է մտածել սեռական կյանքը վերսկսելու մասին։ Այդ ընթացքում տեղի է ունենում հղիության եւ ծննդաբերության արդյունքում փոփոխությունների ենթարկված օրգան-համակարգերի հետադարձ զարգացման՝ ինվոլյուցիայի գործընթացը։
Իհարկե, ամենաարտահայտված փոփոխությունները տեղի են ունենում սեռական օրգանների դեպքում․ զգալիորեն կրճատվում են արգանդի չափերը, սկսվում է հետծննդաբերական արտադրության՝ լոխիայի շրջանը։ Այնուամենայնիվ, սեռական կյանքի վերսկսման հստակ ժամանակահատվածը կարող է խիստ տարբեր լինել։
«Թե երբ կինը նորից պատրաստ կլինի ապրել սեռական կյանքով, շատ անհատական է եւ կախված է թե՛ հղիության եւ ծննդաբերության ընթացքից, թե՛ կարերի առկայությունից, դրանց ապաքինումից եւ այլն։ Այս առումով ճիշտ ժամանակահատված կարող է նշել տվյալ կնոջ հղիությունը վարած գինեկոլոգը»,-մեզ հետ զրույցում մանրամասնում է բժիշկ-սեքսոլոգ Սաթենիկ Սահակյանը։
Բժիշկ-սեքսոլոգ Սաթենիկ Սահակյանը
Առհասարակ, մասնագետները նշում են, որ ծննդաբերությունից հետո առաջիկա մի քանի ամիսների ընթացքում դիտարկվում է սեռական ցանկության անկում։ Սրա պատճառը ոչ միայն կնոջ առօրյա կյանքում տեղի ունեցող փոփոխություններն են, որոնք հաճախ գերհոգնածություն են առաջացնում, այլ նաեւ հորմոնալ դաշտի վերադասավորումը։
«Ծննդաբերությունից հետո էստրոգենների քանակը նվազում է, ինչը նպաստում է հեշտոցի չորությանը, եւ կարող է ցավոտ հարաբերության պատճառ դառնալ։ Սրա հաշվին սեռական ցանկությունը կարող է նվազել, քանի որ ստացվում է հետեւյալ շղթան՝ եթե հարաբերություն, ապա՝ ցավ, եթե ցավ, ապա այլեւս չեմ ուզում։ Նման դեպքերում խորհուրդ ենք տալիս օգտագործել լուբրիկանտ, որը կօգնի վերականգնել հեշտոցի խոնավությունը։
Հորմոնալ տատանումների հաշվին կարող է դիտվել նաեւ զգացողության փոփոխություն։ Օրինակ՝ եթե մինչ հղիությունը կամ ծննդաբերությունը կրծքագեղձը էրոգեն գոտի էր եւ հպումը հաճելի էր, ապա ծննդաբերությունից հետո կարող է լինել հակառակը՝ կինը կա՛մ ոչինչ չզգա, կա՛մ նույնիսկ տհաճ լինի»,- նշում է բժիշկ Սահակյանը։
Բժիշկ-գինեկոլոգ, կանանց առողջությանը վերաբերող womanaboutwomen բլոգի հեղինակ Անի Գասպարյանը հավելում է, որ ցավոտ սեռական հարաբերությունը միայն հեշտոցի չորության հետեւանքով չէ, որ լինում է․«Ցավի դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետի օգնությանը եւ համոզված լինել, որ չկա լուրջ խնդիր։ Հնարավոր է՝ պարզապես գործ ունենք կարերի լավացման շրջանի ցավերի հետ, այդ դեպքում պետք է սպասել, որ դրանք աստիճանաբար անցնեն, իսկ այդ շրջանում ստիպված որեւէ բան անել պետք չէ․ ի վերջո սեքսը միայն ներհրման պրոցեսը չէ, կարող եք ձեր սերը, գուրգուրանքը եւ քնքշանքը ձեր զուգընկերոջը տալ նաեւ այլ տարբերակով»։
Հետծննդաբերական շրջանում կանանց հաճախ մտահոգող հարցերից է նաեւ հեշտոցի լայնացումը։ Իհարկե, երիտասարդ տարիքում հեշտոցը հիմնականում չի կորցնում էլաստիկությունը եւ վերադառնում է իր նախնական չափերին։ Խնդիրն առավել հավանական է այն դեպքում, երբ կինը մի քանի ծննդաբերություն է ունեցել: Սակայն անկախ ծննդաբերությունների քանակից՝ այս խնդրից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս կատարել Կեգելի վարժությունները, որոնք մարզում են կոնքի հատակի մկանները։
Այնուամենայնիվ, եթե ձեզ մտահոգում է ծննդաբերությունից հետո հեշտոցի լայնացումը, ապա այս դեպքում նույնպես ժամանակակից բժշկությունն իր լուծումներն է առաջարկում։
«Հնարավոր է լազերային, ոչ վիրահատական տարբերակով նեղացում իրականացնել, բայց ավելի լավ է կանխարգելել՝ կանոնավոր կերպով կատարելով վերոհիշյալ վարժությունները»,-պարզաբանում է բժիշկ Սահակյանը։
Ինչպե՞ս պաշտպանվել հետծննդաբերական շրջանում
Սեքսոլոգները հաճախ են կատակում՝ ասելով՝ պաշտպանվելու 100%-անոց միակ մեթոդը սեքսով չզբաղվելն է։ Իսկ հետծննդաբերական շրջանում պաշտպանվելու ամենատարածված տարբերակներից է լակտացիոն ամենորեան։ Այս մեթոդի հիմքում օվուլյացիայի բացակայությունն է կրծքով կերակրման շրջանում։ Կհարցնեք, թե ինչ կապ ունեն մեկը մյուսի հետ։ Պատասխանը շատ պարզ է՝ կրծքով կերակրման ընթացքում բարձրանում է պրոլակտին հորմոնի քանակը, ինչն էլ ճնշում է ձվարանների ֆունկցիան եւ ունենում պաշտպանական ազդեցություն։
Սակայն, բժիշկ-գինեկոլոգ Անի Գասպարյանը նշում է, որ այս մեթոդի հաջող կիրառման համար անհրաժեշտ է հետեւել մի քանի կանոնների․«Պաշտպանվելու այս ձեւն արդյունավետ է, եթե կերակրումը բացառապես կրծքի կաթով է, կան նվազագույնը երկու գիշերային կերակրումներ, կերակրումների միջեւ ընդմիջումը ավելին չէ, քան հինգ-վեց ժամը։ Ամեն դեպքում, ես խորհուրդ եմ տալիս հույսը միայն այս ձեւի վրա չդնել, եւ եթե չեք պլանավորում հղիություն, ապա պաշտպանվել նաեւ այլ տարբերակով»։
Բժիշկ-գինեկոլոգ Անի Գասպարյանը
Իսկ այլ տարբերակները հիմնականում մեզ արդեն ծանոթ պահպանականերն են, ներարգանդային պարույրը, պրոգեստինային հաբերը, ընդհատված սեռական ակտը (ըստ մասնագետների՝ սա այնքան էլ հուսալի տարբերակ չէ)։ Թե որ մեթոդն ընտրել հենց ձեր զույգի դեպքում, առավել հստակ կհուշի մասնագետը։
Ո՞րն է սեռական կյանքի վերսկսման հոգեհուզական կողմը
Կնոջ օրգանիզմում տեղի ունեցող ֆիզիոլոգիական բարդություններն իրենց անմիջական ազդեցությունն են ունենում նաեւ հոգեկան աշխարհի վրա։ Հաճախ փոփոխված մարմինը բացասաբար է ազդում կնոջ ինքնագնահատականի վրա. նա կարող է իրեն ոչ այնքան գրավիչ զգալ եւ մտածել, որ այլեւս սեքսուալ չէ իր զուգընկերոջ համար։
Բժիշկ գինեկոլոգ Անի Գասպարյանը նշում է, որ այս ամենին գումարվում է նաեւ հասարակության բացասական վերաբերմունքն այն կանանց հանդեպ, ովքեր հետծննդաբերական շրջանում խոսում են իրենց մոտ առաջացած հոգեհուզական խնդիրների, երբեմն էլ դեպրեսիայի մասին․«Մեր հասարակության մեջ ընդունված չէ խոսել նման խնդիրներից, հակառակը՝ շրջապատի մարդիկ հաճախ ասում են՝ «Ինչպե՞ս կարող ես վատ լինել, առողջ երեխա ես ունեցել»՝ չհասկանալով, թե ինչ բարդ փուլով է անցել կինը։
Կարող է նաեւ մեղքի զգացում առաջանալ զուգընկերոջ հանդեպ, քանի որ որոշ ժամանակ չես կարող սեռական հարաբերություն ունենալ։ Կինը կարող է մտածել, որ դրանով հնարավոր է նեղացնի կամ էլ կորցնի իր կողակցին։ Այս ամենի հետեւանքով առաջանում է նաեւ վախ դավաճանություններից։ Շատ կարեւոր է ոչ միայն օգնել կանանց, որ հեշտ հաղթահարեն այս շրջանը, այլ նաեւ կրթել տղամարդկանց։ Վերջիններս պետք է իմանան, թե ինչ դժվար փուլերով է անցնում կինը՝ սկզբում հղիություն, հետո ծննդաբերություն, հետծննդաբերական բարդություններ եւ այլն։ Տղամարդը պետք է աջակցի իր կնոջը, չմեղադրի նրան եւ ոչինչ չպահանջի»։
Բժիշկ-սեքսոլոգ Սաթենիկ Սահակյանն ամենաօպտիմալ տարբերակն է առաջարկում բոլոր այն զույգերին, որոնք սեռական կյանքի վերսկսման հարցում դժվարություններ ունեն․«Հնարավոր է պարզ հնչի, բայց ամենակարեւորը միմյանց հետ խոսելն է։ Մեզ մոտ կանայք երբեմն չեն բարձրաձայնում իրենց ցանկությունները, չեն կարողանում ասել «ոչ», երբ հարաբերություն չեն ցանկանում։ Իսկ առանց ցանկության ունեցած սեռական հարաբերություններից հետո կնոջ մոտ պարզապես բացասական ասոցիացիա է առաջանում, ինչն էլ հետագայում այլ խնդիրների պատճառ է դառնում։ Գիտեք, տղամարդիկ երբեմն դժվար են հասկանում, երբ կինը ասում է, որ սեքսի ժամանակ ցավ ունի, քանի որ եթե տղամարդը ցավ ունենար, ուղղակի ֆիզիոլոգիապես չէր կարողանա սեռական հարաբերություն ունենալ, իսկ մեր դեպքում այդպես չէ։ Պարզապես պետք է ասել՝ ես պատրաստ չեմ, հիմա չեմ ուզում, արի՛ ուրիշ բան փորձենք եւ այլն»։
Գինեկոլոգ Անի Գասպարյանը եւս շատ կարեւոր է համարում միմյանց հետ հաղորդակցվելը եւ հավելում է․«Պետք չէ զուգընկերոջը խաբել, անհրաժեշտ է բացատրել, քանի որ տղամարդը չի կարող գուշակել, թե ինչ է այդ պահին կատարվում կնոջ հետ։ Ես միշտ ասում եմ՝ զույգը պետք է նորմալ շփվի, որ երկուսն էլ կարողանան իրար ազատ ասել, թե ինչ են մտածում եւ զգում»։
Այս ամենին հակառակ, պետք է նշել, որ շատ կանայք ծննդաբերությունից հետո որեւէ խնդիր չեն ունենում սեռական կյանքում, դեռ ավելին զգացողությունները դառնում են ավելի վառ, իսկ մտերմության ցանկությունն՝ ավելի շատ։
«Ծննդաբերությունից հետո ե՛ւ կնոջ ինքնընկալումը, ե՛ւ սեքսուալությունը կարող են դրականորեն փոխվել։ Օրինակ՝ կինը երբեք չէր ունեցել օրգազմ, հետո ունենում է, կամ՝ նախքան հղիությունը եւ ծննդաբերությունը սեռական ակտը ցավոտ է եղել, այնուհետեւ՝ ոչ։ Իսկ խնդիրները հեշտ կհաղթահարվեն, եթե կինը սիրի ինքն իրեն՝ թե՛ հղիության ընթացքում, թե՛ դրանից հետո, եւ ուրախանա իր մարմնի փոփոխություններով, չէ՞ որ նա կյանք է տվել նոր մարդու։ Սա կարեւոր նախապայման է, որը թույլ կտա կնոջը լիարժեքորեն սիրել նաեւ իր ամուսնուն եւ երեխաներին»,- հավելում է բժիշկ Գասպարյանը։
Այսպիսով, երեխայի ծնունդը որքան երջանկալի, նույնքան էլ բարդ շրջան կարող է լինել ձեր կյանքում, սակայն եթե դուք աջակցեք եւ հոգ տանեք ոչ միայն փոքրիկի, այլ նաեւ իրար մասին, ապա կունենաք առավել ամուր եւ երջանիկ հարաբերություններ։
Սոնա Վարդանյան
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: