×


«Միգուցե այն կծնվի երրորդ բալիկ ունենալու ցանկության հետ». Արփի

«Վերջերս անընդհատ մի միտք ինձ հանգիստ չի տալիս՝ հային ինչքան խփես, էնքան  էլ ավելի կուժեղանա ու առյուծ կդառնա։ Ես հիմա այդ մտքով եմ առաջ շարժվում»։ Մեր զրույցը երգչուհի Արփիի հետ սկսում ենք հենց այս նոտայից՝ պայքար, պատերազմ, պլաններ։

Հստակ գիտի՝ ինչ է ուզում

Մի նախագծի համար գնացել էի Ազգային գրադարան։ Երաժշտական բաժնում տվյալ նախագծի համապատասխան երգերն էի փնտրում, բայց դարձյալ ձեռքիս տակ հայտնվեցին այնքան շատ օրորոցային երգեր, որ արդեն սկսեցի տատանվել՝ նոր նախագծի երգերն ուսումնասիրեմ, թե՞ մի հատ էլ օրորոցային ձայնասկավառակ թողարկեմ: Իհարկե, երկրորդ ձայնասկավառակը կլինի, բայց ոչ հիմա։ Միգուցե այն կծնվի 3-րդ բալիկ ունենալու ցանկության հետ մեկտեղ: Հիմա պեղումների, ծաղկաքաղ անելու փուլում եմ։ Հնարավոր բոլոր վայրերից փնտրում ու գտնում եմ հին հայկական երգերը՝ թեմատիկ ուղղվածությամբ։ Բայց փակագծերը չեմ բացում, միայն կարող եմ ասել, որ ծիսական երգեր են ու մեր արմատների հետ է կապված։

Արփին


Երազանքի իրականացման ճանապարհին

Մոտ մեկ տարի չաշխատեցինք՝ համավարակ, հետո պատերազմ։ Այս ընթացքում ես բոլորովին այլ իրավիճակում էի գտնվում: Փնտրում էի արտահայտվելու նոր հարթակներ։ Ու սկիզբ դրվեց ինձ համար շատ թանկ մի աշխատանքի. սկսեցի զբաղվել ասեղնագործությամբ։ Բայց գաղափարն իմ մեջ ծագել էր դեռ այն ժամանակ, երբ երկրորդ բալիկովս հղի էի։ Հղիության վերջին ամիսներին արդեն չէի ուզում երգել ու մտածում էի՝ ժամանակն է տանը նստելու ու հղիությունը վայելելու։ Ու այդպես մի օր ձեռքս վերցրի թել-ասեղ, հիշեցի աշխատանքի ուսուցման դասերը, օգտվեցի համացանցից ու սկսեցի ասեղնագործել։ Թանկագին սկեսուր մայրիկս գնեց օղակներ, կտորներ։ Ես սկսեցի նկարել ու գործել: (Սկեսուրդ էլ ուրախացել էր, թե ի՜նչ լավ հարս ունի,- խմբ): Չէ, բացի լավ երգելուց, լավ ասեղնագործում է (ժպտում է,-խմբ.)։  

Արփին


Սկզբում մտածում էի բեմական շորեր ստեղծել, բայց կանգ առա պայուսակների վրա։  Դա երազանք էր՝ ստեղծել մի բան, որը կլիներ իմը, իմ ձեռքի աշխատանքը։ Բայց ես էլի բեմ բարձրացա ու մինչեւ երեխայի ծնվելու օրը երգեցի։ Սակայն այս մեկ տարին ստիպեց ինձ նորից ձեռքս վերցնել թել-ասեղը, օղակը, կտորը, սկսեցի մեծ ոգեւորությամբ աշխատել եւ մոտ գնալ երազանքիս։ Հիմա այն ոչ թե երազանք է, այլ արդեն շոշափելի նպատակ: Ստեղծագործելու այդ ամբողջ ընթացքում երաժշտությունն անբաժան է եղել։ Ասեղնագործել եմ իմ սիրած երաժշտության ներքո, հետեւաբար, պայուսակներիս էսքիզներում կտեսնեք ծաղկած բալենին։ Իսկ պայուսակները կկրեն «Մախմուր» անունը։ Առաջիկայում էլ արդեն կներկայացնեմ համացանցում։

«Մախմուր աղջիկը»՝ նոր այցեքարտ


Երբ այդ երգը ձայնագրվեցի, չէի կարող պատկերացնել, որ այն շրջադարձային կլինի իմ կյանքում։ Իմ երգարվեստը բաժանվում է երկու մասի՝ «Կապույտ թռչուն»-ի Արփի եւ «Մախմուր»-ի Արփի: Չեմ կարող չխոստովանել, որ երգը ձայնագրվեց կոմերցիոն նպատակով։ Այսօր գրեթե բոլոր հարսանիքներին հարսի պարը բեմադրվում է հենց այդ երգի ներքո։



«Լուսաբաց» երգի գաղտնիքը

2017 թվականին եվրատեսիլյան բեմում Կիպրոսը ներկայացրեց Հովիկ Դեմիրճյանը, ով շատ հետաքրքիր ձայներանգ ունի։ Մեկ տարի առաջ ԴերՀովան ասաց, որ Հովիկը մի երգ է ուղարկել իմ ձայնին համապատասխան։ Առաջին նոտաները լսելուց հետո այն միանգամից կպավ սրտիս։ Խոսքերը հունարենից թարգմանեց Արմինե Հայրիյանը, ու սկսեցինք աշխատել երգի վրա։ Հովիկն իր մասը ձայնագրեց Հունաստանում, ես՝ այստեղ։ Առաջին անգամ եմ փակագծերը բացում. երբ որոշում էինք տեսահոլովակի թեման, մտածում էի ընտրել այնպիսի թեմա, որը կկապեր երկու ժողովուրդներին։ Միանգամից բոլորիս մտքով անցավ ցեղասպանությունը։ Շատ ծավալուն ու հուզիչ սցենար էինք մտածել, նույնիսկ արդեն աշխատանքներն էինք սկսել։ Գաղափարն այն էր, որ ցեղասպանության պատճառով ինչքան սիրող սրտեր ու ճակատագրեր են բաժանվել։ Սակայն Հովիկը խորհուրդ չտվեց՝ ասելով, որ Հունաստանում այդ թեմային այդքան չեն սիրում անդրադառնալ։ Հետո որոշեցինք սիրային եռանկյունու մասին նկարահանել։



Սեփական ձեռագրով


Ես երբեք ինձ չեմ համարել ջազ երգչուհի կամ ժողովրդական։ Պարզապես դիպչում եմ այդ ստանդարտներին ու կատարում իմ ձեռագրով ու զգացածով։ Եղել են դեպքեր, երբ երգն ընտրել եմ, նոտագրել ենք ու սկսել փորձերը, բայց արդեն կատարման ժամանակ հասկացել եմ, որ դա իմ երգը չէ ու միանգամից հրաժարվել։ Դեռ մեկ տարի առաջ օրեր էին լինում, որ ասում էի՝ վա՜յ, ո՞նց է կարելի ամեն օր երեք ժամ երգել, երեք ժամ բարձրակրունկների վրա լինել։ Ասում էի՝ տեսնես կլինի, որ մի շաբաթ տանը մնամ, տնից դուրս չգամ, բեմական մեյքափ չանեմ եւ այլն։ Բայց հետո հասկացա, որ սիրում եմ միշտ երաժշտության մեջ գտնվող Արփիին:

«Դրանից ավելի մեծ ուրախություն ինձ համար լինել չի կարող»

Երբ «Լուսաբաց» երգը մենք տվեցինք TV-ներին, որպեսզի հեռարձակեն, ակամայից սկսեցինք հետեւել եթերներին՝ տեսնելու, թե որ ժամին է ցուցադրվում եւ այլն։ Պատկերն ուղղակի սարսափելի էր: Բառերով չեմ կարող ասել, թե ինչքան անիմաստ, ցածրաճաշակ երգեր են հնչում՝ ոչինչ չասող տեքստերով ու վատ կատարողականությամբ։ Հիմա ինչ, պիտի ասենք՝ հասարակությունը դա է ուզում ու նման երգեր կատարե՞նք: Իհարկե ո՛չ: Ես 6/8 էլ եմ երգում, բայց երգում եմ հայկական  շատ գեղեցիկ շարաններ: Միշտ բերում եմ «Մախմուր աղջիկ» երգի օրինակը. այն ստեղծվեց կոմերցիայի համար, բայց այսօր շատ սիրված երգ է։ Չի կարելի ասել, որ  ժողովուրդը դա է լսում ու անճաշակ երգեր հրամցնել։ Եթե մենք ասում ենք՝ հայրենիք, պետություն, մշակույթ, ապա այս ամենը կապ ունի իրար հետ։ Ասել է թե՝ ինչպիսի՞ն է քո հասարակությունը, ի՞նչ մտածողություն ունի, ո՞ւր է գնում, ի՞նչ է տեսնում, ի՞նչ է լսում: Իմ բալիկները քնում են օրորոցայինների տակ։ Երբ իմ բալիկն ասում է՝ «Մամ, «Արորն ու տատրակն» եմ ուզում միացնես, կամ «Ակնա օրորը», դրանից ավելի մեծ ուրախություն ինձ համար լինել չի կարող։ Ես ուղղակի երջանիկ եմ, որ իմ բալիկը փոքր հասակից լսում է մաքուր հայկականը։ Ուզում եմ բոլորս հասկանանք, որ այս ամենին մատների արանքով չպետք է նայենք։ Մեր մշակույթին շատ զգույշ պետք է մոտենանք, որ աշխարհին ճիշտ ձեւով ներկայանանք։  



«Վերապրեցի այն ամենը, ինչ զգացել էի 30 տարի առաջ»

Պատերազմը շատ փշոտ ու ցավոտ թեմա է: Մենք մտերիմ մարդկանց զոհեր ունեցանք։ Խնձորեսկի մեր հարեւանի տղան մինչեւ օրս անհետ կորած է, ով 90-ականներին չէր էլ ծնվել։ Շատ մեծ ցավ եմ ապրում։ Գրեթե ամեն օր  դասարանցիներիցս լսում եմ, որ ուզում են գյուղից դուրս գալ, քանի որ ապրելը վտանգավոր է: Բայց հույսս դնում եմ Աստծո վրա, որ մի օր գուցե ամեն ինչ իր տեղն ընկնի:

Երբեք չեմ մոռանա այդ օրը։ Կրակոցների ձայներից արդեն հասկանում էինք՝ թշնամին որքան մոտ է կրակում: Հերթական կրակոցների ժամանակ մենք բակում խաղում էինք: Պապիկս բոլորիս հավաքեց, հրելով մտցրեց իր փորած ապաստարանը։ Սկսվեց կրակահերթը, հետո լսվեցին ապակու խշխշոցները։ Արդեն պարզ էր, որ շատ մոտ են խփում՝ կա՛մ մեր տան վրա, կա՛մ էլ հարեւանի: Պապիկս հիշեց, որ մայրս դրսում լվացք էր փռում: 40-րդ զարկը դեռ չէր ավարտվել, պապիկս դուրս թռավ ապաստարանից։ Մայրս կուչ էր եկել շատ անապահով երկաթբետոնի տակ: Իսկ այն տարածքում, որտեղ մենք քարկտիկ էինք խաղում, ամենամեծ բեկորները հենց այդտեղ էին թափել։ Չկար իմ երաշտական դպրոցը ու այն կարմիր դաշնամուրը, որը ես շատ սիրում էի…

Արփին


Ես մինչեւ հիմա վախենում եմ որոտի, կայծակի ձայներից։ Երբ անձրեւային եղանակ է լինում, ամուսինս ասում է՝ «Կայծակ է լինելու, վեր չթռչես»: Երբ առիթների ժամանակ մարդիկ կենացներ էին խմում, ես միշտ ասում էի՝ թող խաղաղություն լինի: Այսօր, երբ խոսում են, թե ինչպիսի ղեկավար պետք է լինի, միշտ ասում եմ՝ այնպիսի մեկը, որ խաղաղ կպահի մեր սահմանները: Ես չեմ ուզում հեռանալ իմ երկրից, քանի որ մենք պետք ենք մեր երկրին։

Զրուցեց Արմինե Գեւորգյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Արփիի անձնական արխիվից



Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW