Սոնա Եսայանի կյանքում պարն ամենուր է: Իր համար այն ավելին է, քան մասնագիտությունը: BRAVO.am-ի հետ զրույցում պարուհին անկեղծացել է իր մասին, հայտնի ամուսնու, ընտանեկան փոքրիկ վեճերի մասին, եւ ոչ միայն:
Իրականում
Ինչպիսին ինձ տեսնում եք սոցցանցերի իմ էջերի stories-ում, այնպիսն էլ իրականում եմ: Արհեստական ոչինչ չեմ նկարահանում հետեւորդներիս համար: Այն իմ կյանքի մի մասն է: Հենց դա եմ ես, հենց դա է իմ առօրյան:
Չի բողոքում
Խիստ պարային, գործնական է առօրյաս: Աշխատանքային ընթացքը գերակշռում է: Չեմ կարող ժամեր տրամադրել իմ որոշ նախասիրությունների համար, քանի որ գրաֆիկս խիստ ծանրաբեռնված է: Ես չեմ բողոքում, ավելին՝ սիրով ու մեծ նվիրումով եմ անում աշխատանքս: Շատերի նման ես էլ կարող եմ «պահանջել», որ այն ժամանակահատվածը, որ պիտի հատկացնենք քնելուն, հատկացնենք աշխատանքին՝ ավարտելու օրվա համար նախատեսվածը: Եթե իհարկե, հնարավոր լիներ:
Սոնա Եսայանը
Ուրիշ աշխարհ
Պարը պարտադիր կերպով պետք է լինի ավելին, իսկ հետո դառնա մասնագիտություն: Առանց այդ ավելիի չի կարող մասնագիտություն դառնալ: Ուրիշ աշխարհ է, պետք է նվիրվես, ուրիշ կերպ վերաբերվես:
Գործնական
Միշտ ունենում եմ նորություններ: Շատերը գիտեն, որ սիրում եմ աշխատել եւ դրա համար ես սահմաններ չունեմ: Մտադրվում եմ, աշխատում, առաջ շարժվում: Երբ ավարտվում է այս կամ այն նախագիծը, չեմ սահմանափակվում: Նորից նոր գաղափարներ, նոր մտքեր ու կրկին աշխատանք: Աշնանը «Պարիր Սոնայի հետ» նախագծի երրորդ եթերաշրջանն ենք սկսում՝ մեր հայտնիների հետ: Հետաքրքիր նախագծեր եմ անում իմ յութուբյան էջում: Ի դեպ, այն շատ մեծ լսարան ունի:
Կատարյալ հարաբերություններ
Իմ ու ամուսնուս բախտը բերել է, որ երկուսս էլ հայտնի ենք: Այլ կերպ չէինք կարողանա: Եթե ընտանիքում մեկնումեկը հայտնի չլիներ, կստացվեր հայկական դասական ընտանիք՝ աշխատանքի ստույգ ժամին գնացող եւ երեկոյան տուն վերադարձող ամուսիններ: Կատարյալ հարաբերություններ են: Առավոտյան շուտ գնում ենք աշխատանքի, հաճախ չենք էլ հասցնում նախաճաշել, իսկ ուշ երեկոյան հանդիպում ենք ավտոկայանտեղիում:
Գրիգ Գեւորգյանը եւ Սոնա Եսայանը
Փոքրիկ վեճեր
Մեր վեճերը զուտ եւ միմիայն աշխատանքային են: Ես շատ պահանջկոտ եմ թե՛ իմ աշխատանքի նկատմամբ, թե՛ Գրիգի: Նույնն էլ ինքն է: Որպես հանդիսատես՝ փորձում ենք միմյանց խորհուրդներ տալ: Երբեմն կարող ենք վիճել, երբ այդ խորհուրդներին համաձայն չենք լինում կամ էլ չենք ընկալում:
Առանց դիտավորության
Հայտնի լինել-չլինելը մեր ընտանիքում երկրորդական է: Ոչինչ դիտավորյալ չենք անում, պարզապես երկուսս էլ սիրում ենք մեր աշխատանքն ու նվիրված անում ենք մեր գործը: Իսկ հայտնիությունն ինքնըստինքյան է ստացվել: Չեմ վախենա ասել, որ հայտնի եք: Դա մեր աշխատասիրության շնորհիվ է:
Հումորն ընտանիքում
Գրիգը միշտ հումորներ է անում: Իր համար դա մասնագիտական չէ. էությունն է: Նրան հաջողվում է լավ տրամադրություն ապահովել ու ծիծաղեցնել ինձ: Ես էլ վարակվել եմ: Երբեմն ստացվում է Գրիգին ծիծաղեցնել, ուրեմն՝ ես էլ եմ հասկանում հումորից: Հումորը դեղամիջոց է ցանկացած լարված իրավիճակում: Հումորով կարող ես հարթել մեծ ու փոքր վեճերը: Մեր ընտանիքում այն անպակաս է եւ միշտ օգնում է:
Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Սոնա Եսայանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: