×


Աստղիկ Սաֆարյանի նոր ալբոմի շնորհանդեսը, քրոջ խորհուրդն ու հյուրերի «դրես կոդը»

Նոր ձայնասկավառակ եւ տասնհինգ տարվա գործունեության ամփոփում՝ երգչուհի Աստղիկ Սաֆարյանը երաժշտասերներին ներկայանում է նոր գործերով։ Նրա չորրորդ՝ «Դու ուժեղ ես» ալբոմի շնորհանդեսը փակ միջոցառման շրջանակում էր, որին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, զրուցել է երգչուհու հետ, լուսանկարել է հյուրերին ու առանձնացրել օրվա հետաքրքիր դրվագները։

«Սա արվել է որպես հատուկ քայլ՝ հակառակ այն իրականության, որտեղ ձայնասկավառակներն այլեւս արդիական չեն. ամեն ինչ տեղափոխվել է թվային հարթակներ։ Իհարկե, այս ալբոմը նույնպես արդեն ներկայացված է երաժշտական բոլոր հարթակներում, բայց սրանով ես ուզում եմ ոգեշնչել շատերին նախորդ տարվա ծանր իրադարձություններից հետո, ուզում եմ ասել՝ պետք է շարունակել աշխատել, ստեղծել, գործել։ Հենց դրա համար էլ ձայնասկավառակն անվանել եմ «Դու ուժեղ ես»՝ նաեւ համանուն երգի հիման վրա։ Կարծում եմ՝ ուժեղ լինելն այս շրջանում հենց այն է, ինչի կարիքը մենք իսկապես ունենք»,- մեր զրույցում նշեց Աստղիկ Սաֆարյանը։

Աստղիկ Սաֆարյանը


Ձայնասկավառակում ներառված է տասնմեկ երգ, որից երեքն արդեն ունի տեսահոլովակ։ Ընդհանուր առմամբ չորս երգ արդեն հասցրել է հնչել տարբեր առիթներով, իսկ մյուս գործերը նոր են, մեծ մասը՝ հեղինակային․«Ունեմ նաեւ մի քանի երգ, որոնք մեր դասականների հայտնի գործերի նորացված տարբերակներ են՝ Կոնստանտին Օրբելյան, Առնո Բաբաջանյան եւ այլք։ Փորձել ենք ավելի պարային, հայկական էթնո գործիքներով ու ավելի ժամանակակից մատուցմամբ ներկայացնել, որպեսզի նաեւ երիտասարդներին մոտեցնենք մեր արվեստին։ Բավական դրական միտումներով է ալբոմը, որի համար ես շատ ուրախ եմ»,- անկեղծացավ երգչուհին։

Աստղիկ Սաֆարյանը եւ Իրինա Թովմասյանը


Հատկանշական է, որ Աստղիկ Սաֆարյանի նոր ձայնասկավառակը դասական ձեւաչափով չէր արված, USB ֆլեշ կրիչի տեսքով էր՝ առավել ինքնատիպ ու նորարարական մոտեցմամբ․«Ճիշտն ասած՝ գաղափարը քրոջինս էր՝ Համեստ Սաֆարյանինը։ Վերջերս մասնակցում էի գործընկերներիցս մեկի ձայնասկավառակի շնորհանդեսին, եւ այն տուն բերելուց հետո հասկացա, որ այլեւս չեմ կարող հնչեցնել ո՛չ մեքենայում, ո՛չ արդեն նոր համակարգիչներում, ո՛չ էլ տանը․ նոր տեխնոլոգիաները չունեն համապատասխան նվագարկիչները։ Քրոջս մեջ գաղափար առաջացավ՝ իմ հաջորդ ձայնասկավառակը կրիչի տեսքով անեմ, որ մարդիկ կարողանան լսել։ Ես էլ ասացի՝ ուրեմն այդպես կանենք»։

Աստղիկ Սաֆարյանը եւ Ժաննա Բուտուլյանը


Մեր զրույցում երգչուհին նաեւ հիշեց, որ 2007 թվականի նույն օրը՝ ապրիլի 18-ին, ինքն առաջին անգամ մրցանակ է ստացել «Տարվա հայտնություն» անվանակարգում։ Ասում է՝ օրը հատուկ չէ ընտրել, պարզապես համընկել է․«Մի պահ ուղղակի հիշեցի եւ ուրախացա իմ աշխատանքի համար։ Իհարկե, գուցե կարող էի շատ ավելին սպասել ու անել, քանի որ ունեցել եմ շատ առաջարկներ, բայց եթե դրանք վնասելու էին իմ կերպարին, իմ արվեստին, գերադասել եմ չընտրել այդ ուղին։ Թեկուզ դանդաղ, բայց փորձել եմ մաքուր քայլերով առաջ գնալ։ Եվ այսօր ուրախ եմ, որ ներկայացրել եմ լավ աշխատանք ու փորձել եմ պահել իմ կերպարը»։

Աստղիկ Սաֆարյանի նոր ձայնասկավառակի շնորհանդեսին


Աստղիկ Սաֆարյանն իր նոր ալբոմը ներկայացրեց համերգ-շնորհանդեսով, որի ընթացքում կատարեց ինչպես նոր ու չլսված երգեր, այնպես էլ հայտնի ու սիրված գործերից մի քանիսը։ Հյուրերն էլ միջոցառմանը եկել էին նախապես հայտարարված դրեսկոդին համապատասխան հագուստներով՝ կարմիր ու սպիտակ գույներով։ Օրվա ավարտին նրանք նաեւ մասնակցեցին կազմակերպված վիճակահանությանը՝ արժանանալով հետաքրքիր նվերների միջոցառման գործընկերների կողմից։ Երեկոյի հետաքրքիր մյուս դրվագները ներկայացնում ենք մեր ֆոտոշարքում։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW