×


Հասմիկ Կարապետյանի ռեպլիկն ու Ավետ Բարսեղյանի խոստովանությունն՝ Արսեն Գրիգորյանի համերգին

«Ուզում եմ, որ ձեր երեկոն անցնի, ինչպես Ավետն է ասում, հեքիաթային»՝ ու թերեւս հեքիաթային իրավիճակը ստեղծելու համար երգիչ, երգահան Արսեն Գրիգորյանն իր ակումբային մենահամերգը սկսեց «Սերն է դա» երգով:

Տեւական ժամանակ է, ինչ երգիչը չէր հանդիպել իր հանդիսատեսին։ Մի շարք գործոններով պայմանավորված՝ այսօր մեծ համերգներ կազմակերպելու հնարավորություն չկա։ Գերակշիռ մաս են կազմում ակումբային ելույթները։ Արսենը BRAVO.am-ին պատմեց, որ ակումբում համերգ անցկացնելու գաղափարն իր լավ ընկեր, սիրված երգիչ Արսեն Սաֆարյանինն է։

«Ընկերս ասաց, որ կարող եմ ակուստիկ համերգ անցկացնել՝ «Ես ու իմ դաշնամուրը» խորագրով։ Հիշեցի, որ ունեմ երգեր, որոնք ուղղակի չեն հնչել, երգեր, որոնք գրվել են 10-15 տարի առաջ, բայց մնացել են դարակներում, երգեր, որոնք պատմություն են արդեն դարձել, եւ երգեր, որոնք իմ այցեքարտն են եղել։ Ու հենց այդ երգերի շուրջ կազմվեց այսօրվա ծրագիրը»,- համերգից առաջ ասաց երաժիշտը:

Արսեն Գրիգորյանը


Նկատեցինք, որ այսքան տարիների ընթացքում նա ոճային կտրուկ փոփոխություն չարեց ու այդպես էլ մնաց ռոմանսի Արսենը։ Անկեղծացավ.«Ես չգիտեմ՝ որքանով էր դա ճիշտ: Եթե ժամանակին ավելի խելացի լինեի ու չտրվեի միայն իմ սրտին, մի քիչ էլ որպես բիզնես նայեի, միգուցե այլ կարգավիճակ ունենայի: Բայց եթե այդ կարգավիճակի դիմաց այս երգերը՝ «Անվերնագիր», «Սերն է դա», «Տարիներս», «Գտա», «Մենախոսություն», չծնվեին, մեծ առումով թող չլիներ այդ կարգավիճակը»։

Նշեց, որ իրեն շատ են այդ հարցը տալիս՝ ինչո՞ւ մնաց իր ոճին հավատարիմ ու  լայն զանգվածներին գրավելու համար նորովի չներկայացավ.«Իրականում ես համաձայն եմ, բայց ոճային կտրուկ փոփոխությունն ինքնանպատակ չպետք է  լինի։ Լա՛վ, ոճային փոփոխություն արեցիր, ի՞նչ ես երգելու։ Այսօր հնչող երգերը  որակից շատ հեռու են, պակասել է երաժշտությունը, խորություն չկա, ասելիք չկա։ Մի՞գուցե ուրիշի երգերը պետք է երգես։ Բայց այսօր այդ օրը չէ, այսօր ուղղակի դաշնամուրի հնչյունների ներքո պետք է վայելել իմ արդեն սիրված ու նաեւ նոր երգերը»։

Լուսանկարը՝ Ֆեյսբուքից Արսեն Գրիգորյանը՝ կնոջ հետ


Ի դեպ, հանդիսատեսը շատ մոտ էր արտիստին։ Արսենն ասաց, որ դա իրեն չի վախեցնում, քանի որ անցել է Երգի թատրոնի դպրոցը, ուր հանդիսատեսը տեսնում էր իրեն շատ ավելի մոտիկից, քան այստեղ նստածները։

Իսկ համերգն ինտերակտիվ էր՝ անկեղծ զրույց հանդիսատեսի հետ, անգամ խոստովանություն։ Պարզվում է՝ տարիներ առաջ Արսենը երգերը համակարգչում պահում էր այն աղջիկների անուններով, ում այդ պահին սիրահարված էր։ Բայց երբ ծանոթացավ կնոջ հետ, այդ թղթապանակների անունները բոլորը մեկ անուն ունեցան՝ Ջուլիետա։ Այստեղ էլ երգչուհի Հասմիկ Կարապետյանը ռեպլիկի կարգով նկատեց, որ Արսենի ու Ջուլիետայի սիրո պատմությունը նման գեղեցիկ  ավարտ չէր ունենա, եթե իր մասնակցությունը չլիներ։

Արսեն Գրիգորյանն այս անգամ Հասմիկին անակնկալի բերեց ու հրավիրեց բեմ՝ միասին զուգերգ կատարելու: Երկու երեխաների մայր երգչուհին խոստովանեց՝ վաղուց բեմ չէր բարձրացել ու շատ կարոտել էր հանդիսատեսին։

Շանթ Քիրմիզյանը եւ Հասմիկ Կարապետյանը


«Չնայած՝ այս սրահում Արսենի հանդիսատեսն է, բայց ես կօգտվեմ առիթից ու իմ ամենասիրելի երգը կնվիրեմ ընկերոջս»,- ասաց Հասմիկն ու շարժվեց դեպի դաշնամուրը։

Արսեն Գրիգորյանի երգերի խոսքերի հեղինակը հիմնականում Ավետ Բարսեղյանն է։ Այս անգամ բեմում Ավետն էր, ով պատմեց, որ տարիներ առաջ  Արսենի երաժշտության ու հավատալու շնորհիվ եղավ իր մուտքն այս ասպարեզ.

«Ես նստած էի ժամանակի մեքենայի մեջ ու վերադարձա այն տարիները, երբ ամեն ինչ շատ ավելի սիրուն էր ու անմիջական։ Ուզում եմ ուղղակի Արսենին ասել՝ շնորհակալ եմ լավ արվեստի համար»։

Արսեն Գրիգորյանը


Արտիստը խոստացավ՝ նման հանդիպումները շարունակական կլինեն, ու երեկոն ավարտվեց այն երգով, որով որ տրվել էր մեկնարկը։

Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW