×


Մազաթափություն կամ ինչպե՞ս պայքարել կորոնավիրուսի հետեւանքների դեմ

Անգամ կորոնավիրուսը հաղթահարելուց ամիսներ հետո էլ մենք շարունակում ենք տանջվել՝ դրա հետեւանքների դեմ պայքարելով։ Հետկորոնավիրուսային շրջանը լի է տհաճ անակնկալներով. մեկի դաշտանային ցիկլն է խանգարվում, մյուսի համի ու հոտի զգացողությունը չի վերականգնվում, կամ վերականգնվում է տհաճ անակնկալներով, օրինակ՝ մսից քլորի հետ են առնում, համեմից՝ նեխած ձվի, երրորդն առատ մազաթափություն ունի եւ այլն։ Ի՞նչ անել՝ այս հարցը տարբեր հարթակներում, սրճարաններում, փողոցներում իրար տալիս են հիմնականում ահաբեկված աղջիկներն ու փնտրում պատասխաններ։

Բազմաթիվ բժիշկների աշխատասենյակներով ու խորհրդատվություններով անցած Անի Սիրադեղյանն առավել համակարգված ներկայացնում է իր փորձը։

«Ես հիվանդացել են հունիսին։ Տարել եմ շատ ծանր, խնդիրներս սկսվել են սեպտեմբերից։ Սկզբում մազաթափության մեղքը գցեցի աշնան վրա։ Հետո հասկացա, որ սա մի ուրիշ բան է. արմատից առողջ մազերս  հենց այնպես պոկվում ու թափվում էին։ Խայտառակություն էր։ Շուրջս անընդհատ մազ էր։ Հոկտեմբերին գնացի էնդոկրինոլոգի մոտ, որ վահանաձեւ գեղձս ստուգեմ։ Բժիշկն ասաց՝ կորոնավիրուսի հետեւանքներն են, շատ չանհանգստանամ։ Վիտամին D հանձնեցի ու գեղձի հորմոններ։ D-ն ցածր էր։ Այս խնդիրն ունեցողներն անպայման պիտի հանձնեն այս անալիզը, որ բժիշկը ճիշտ չափով վիտամին D ու կալցիում նշանակի. առանց մեկը մյուսի սրանք լավ չեն յուրացվում օրգանիզմում։ Մեկ ամիս էլ  Օմեգա 3 եմ խմել ու այս ամենին զուգահեռ գնացել տրիխոլոգի մոտ։ Վիտամինների մասով նույնն ասաց, ախտորոշում կատարեց՝ թելոգենային մազաթափություն, որը հետեւանք է սուր վարակի, այս դեպքում կորոնավիրուսային վարակի։ Վիտամիններին զուգահեռ տեղային նշանակումներ արեց՝ շամպուն ու սփրեյ, դրանք բացարձակապես պիտի լինեն չգրգռող, հանգստացնող։ Դեղատներում ազատ վաճառվում են այդ նշանակումները, դժվար գտնվող բաներ չկային։ Մի քիչ թանկ էին, բայց արժեր։ Մեկ ամիս հետո մազաթափությունը սկսեց դադարել, արդեն սկսել է աճել։ Տրիխոլոգն ասում է, որ այս ամենը նաեւ իր ժամանակն ունի, կարող է տեւել 6 ամիս եւ ինքն իրեն դադարել, բայց երբեք չես իմանա՝ ինչ կլինի, եթե ճիշտ չխնամես»։

Անի Սիրադեղյանը


Իրականում՝ ինչ կլինի, եթե Անիի պես հետեւողական չլինենք մեր առողջությանը, ինչպե՞ս հաղթահարենք հետկորոնավիրուսային շրջանը եւ այլ հարցերին պատասխանում է բժիշկ-տրիխոլոգ Լուսինե Կիրակոսյանը։

- Կորոնավիրուսը  կարո՞ղ է պատճառ դառնալ  մազաթափության, Ձեզ շա՞տ են դիմել  այդ խնդրով։

- Կորոնավիրուսից հետո մազաթափության խնդրով ինձ շատ-շատ են դիմել, ընդ որում, պիտի նշեմ, որ այս խնդիրն ունենում են ինչպես ծանր, այնպես էլ թեթեւ տարածները: Այժմ ապացուցված է, որ ամենաթեթեւ քովիդից հետո էլ կարող է լինել առատ մազաթափություն։ Կորոնավիրուսից հետո լինում է ոչ միայն թելոգենային՝ վերականգնվող մազաթափություն. այն կարող է խթանել այլ տիպի մազաթափությունների ի հայտ գալուն. օրինակ՝ սպիական մազաթափություններ կամ օջախային մազաթափություն։ Դրա համար մազաթափության խնդրի առաջ կանգնած մարդուն նախ եւ առաջ անում են տրիխոսկոպիկ հետազոտություն, որ պարզեն տեսակը։  Թելոգենայինի դեպքում անհանգստանալու հարկ առանձնապես չկա. ինքնուրույն վերականգնվող տեսակ է, մնացած դեպքերում հիվանդները ստանում են բուժման կուրս։ Վատն այն է, որ անգամ թելոգենային մազաթափության ժամանակ մարդը կարող է կորցնել իր մազերի 50 տոկոսը։

- Ինչո՞ւ է հենց կորոնավիրուսը դառնում մազաթափության պատճառ, իսկ սովորական գրիպը եւ այլ վարակներ հայտնի չեն այդ ախտանիշով։ Որո՞նք են դրան հանգեցնող  պատճառները։

- Քանի որ կորոնավիրուսն ու դրա  հետեւանքները դեռեւս լավ ուսումնասիրված չեն, նոր բացահայտումների կարիք ունեցող հիվանդություն է, այս հարցի պատասխանը դեռ ոչ ոք չունի։ Բայց նշեմ, որ վիրուսային, բակտերիալ այլ ծանր հիվանդությունների ժամանակ եւս կարող է առաջանալ մազաթափություն, իսկ սովորական րինովիրուսներից հետո, որոնց ժողովուրդը կոչում է գրիպ, մազաթափություն չի առաջանում։ Եթե կորոնավիրուսային վարակը շատ ծանր է ընթացել, ապա այս պարագայում, կարծես թե, մազերն անջատվում են արյան շրջանառությունից, սնուցման խանգարում է լինում, եւ միանգամից շատ մազեր են անցնում թափման փուլ։ Երկրորդ ամենակարեւոր պատճառներից մեկն է սթրեսը։ Քանի որ բոլորս վախեցած ենք այս հիվանդությունից, սթրեսն էլ է նպաստում մազաթափությունը. մազի բջիջը չի կիսվում, այլ անցնում է միանգամից թափման փուլ։

- Արտասահմանյան լրատվամիջոցները գրում են, որ միայն կանայք են ունենում այս գանգատը, տղամարդկանց մազերը չի՞ թափվում կորոնավիրուսից։

- Դա թյուր կարծիք է։ Իհարկե, ոչ բոլոր վարակակիրների մազերն են թափվում, բայց կին-տղամարդ չի նայում քովիդը, հավասարապես թափվում է երկու սեռի դեպքում էլ։ Շատ տղամարդիկ կան, որ կորոնավիրուսային վարակից հետո ունեն  մազաթափություն՝ կամ թելոգենային, կամ նոր սկսվող այլ տիպի մազաթափություն, կամ էլ իրենց ունեցած անդրոգենային մազաթափության սրացում է լինում։

Բժիշկ-տրիխոլոգ Լուսինե Կիրակոսյանը


- Ովքե՞ր, ավելի հավանական է, այս խնդիրը կունենան, այսինքն՝ առողջական ի՞նչ խնդիրների կամ հակվածությունների դեպքում է սկսվում մազաթափությունը։

- Այն մարդիկ, ովքեր ծանր են տարել կորոնավիրուսային վարակը, ունեցել են մեծ ծավալով թոքերի ախտահարում, երկար ժամանակ հիվանդանոցում են եղել, երկար ժամանակ հակաբիոտիկներ, հակամակարդիչներ են ստացել, այդ մարդկանց մոտ կորոնավիրուսից հետո մազաթափության առաջացման ռիսկը շատ բարձր է։ Եթե մարդիկ ունենան գենային նախատրամադրվածությամբ որեւէ մազաթափություն, ապա հիվանդությունից հետո այն անպայման սրվում է։ Այժմ բացահայտված է, որ կորոնավիրուսն իրեն շատ անոմալ ձեւով է պահում. այսինքն՝ շատ առողջ երիտասարդներ էլ կան, որ շատ թեթեւ են տարել, բայց վարակից հետո դիտվել է ե՛ւ թելոգենային, ե՛ւ այլ տիպի մազաթափություն կամ դրա սրացում։ Այսինքն՝ ստույգ կորելիացիա չկա, որ եթե թեթեւ է, ապա մազաթափություն չենք ունենա, բայց եթե ծանր է, հիմնականում մազաթափություն դիտվում է։

- Ինչքա՞ն երկար կարող է մազաթափությունը տեւել, ինչի՞ց է դա կախված։

- Եթե թելոգենային է, կարող է տեւել հիմնականում 2 ամիս, որոշ դեպքերում՝ նաեւ ավելի։ Թե ինչքան երկար կտեւի տվյալ անհատի մազաթափությունը, կախված է նրա տարած հիվանդության ծանրությունից։

- Քովիդից հետո թելոգենային մազաթափության այնպիսի դեպքեր են հայտնի, որ որոշակի ժամանակ դադարել է մազերի անկումը, ապա կրկնվել, սա ինչի՞ պատճառով  կարող է լինել։

- Ամենահավանական պատճառը, որ մազաթափություն առաջացրած խնդիրը չի վերացվել, հետեւանքների դեմ միջոցներ են զուտ կիրառվել։ Եթե մարդն օրգանական այլ  խնդիր ունի. օրինակ՝ միներալների, վիտամիների դեֆիցիտ կամ օրգանական որոշ ախտահարումներ, կամ վահանաձեւ գեղձի, ենթաստամոքսային գեղձի, աղիների ախտահարում, մազաթափությունը չի կարող դադարել, այլ կշարունակվի մինչեւ խնդիրը չլուծվի։ Բայց դա արդեն ոչ թե կորոնավիրուսի հետեւանք  է, այլ  խնդրի չվերացման։

- Հնարավո՞ր է խուսափել կորոնավիրուսային վարակից հետո մազաթափությունից եւ հիվանդանալուց հետո որքա՞ն ժամանակ հետո պետք է սպասել խնդրի առաջացմանը։

- Գրեթե անհնար է խուսափել։ Այդ պրոցեսը հենց հիվանդության ժամանակ է տեղի ունենում։ Դրանից հետո, եթե անգամ վիտամինային կոմպլեքսներ ընդունենք, բուժական պրոցեդուրաներ անենք, այն մազերը, որ անցել էին թափման փուլ, անապայման պիտի թափվեն։ Վարակից 2-6 ամիս հետո սկսում է առատ մազաթափություն։ Դա, իհարկե կապված է մազի աճի փուլի հետ։

- Կարելի՞ է մեզոթերապիա անել մինչեւ մազաթափության սկսվելը։

- Մեզոթերապիա անում են միայն բժշկի ցուցումով՝ ելնելով մազաթափության տեսակից եւ հիմնականում բուժման երկրորդ փուլում։ Առանց մազաթափության, որպես պրոֆիլակտիկա, չեմ պատկերացնում, որ անեն այդ պրոցեդուրան։ Ի դեպ, հենց մեզոթերապիայի ժամանակ բավական շատ մազ է թափվում։ Եթե մարդը վախենում է մազաթափությունից, ինչի՞ պիտի գնա պրոցեդուրայի, որի ժամանակ հենց լինելու է մազաթափություն։

- Իսկ ի՞նչ անեն  նրանք, ովքեր արդեն բախվել են այդ խնդրին, ընթացքը կանգնեցնելու ձեւ կա՞։

- Առաջնահերթ ցանկալի է տրիխոլոգի խորհրդատվություն եւ տրիխոսկոպիկ հետազոտություն, որպեսզի պարզվի թե ինչ տիպի մազաթափություն է՝ վերականգնվող, թե այլ։

Մի քանի խորհուրդ կցանկանայի տալ այն մարդկանց, որոնց դեպքում առաջացել է սովորական թելոգենային մազաթափություն. նյարդերը թուլացնել եւ սպասել, պանիկայի մեջ չընկնել, որովհետեւ մազաթափությունը մի օրում չի կանգնելու։ Օրգանիզմը կոփելու, մազարմատները սնուցելու համար անհրաժեշտ է խմել  որոշ միկրոէլեմենտներ, վիտամիններ, բայց նախ ստուգել՝ ինչի պակաս ունի օրգանիզմը, եւ խմել հենց դրանք։ Պետք է առողջ սնունդ օգտագործել, զերծ մնալ ծխախոտից, ալկոհոլից, կարգավորել քունը, ֆիզիկական ակտիվությունը եւս շատ կարեւոր է, այս պարագայում՝ նաեւ պարտադիր։ Եվ, իհարկե, պետք է հիշել, որ ամեն ինչ վերջացած չէ, պետք չէ անդադար մտածել մազերի մասին, սթրեսի մեջ ընկնել, կարծել, թե դա երբեք չի ավարտվի։ Այդ վախն ու սթրեսն, իրոք, կարող են հանգեցնել նրան, որ  մազաթափությունը շարունակվի շատ երկար եւ բերի զգալի ճաղատության։

Նշեմ նաեւ, որ երբեմն բուժման ընթացքում ներառում ենք հանգստացնող միջոցներ, իսկ ծանր դեպքերում՝ հոգեթերապեւտի կամ հոգեբույժի ծառայություն։

Սերինե Միքայելյան
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW