×


«Ես իր կարիքն ավելի շատ ունեմ, քան ինքն՝ իմ». Արշո Հարությունյան

Երեւանի կամերային թատրոնի ռեժիսորներ Արշալույս Հարությունյանն ու Լուսինե Երնջակյանն այսօր իրենց համատեղ կյանքի 11 տարին են տոնում: BRAVO.am-ն իր նոր` «Եվ խոսեց սերը» (գուշակեք ոգեշնչման աղբյուրը,-խմբ.) շարքն այս հետաքրքիր, անկեղծ ու սիրառատ զույգի հետ է սկսում:

Թատրոնը

- Ի՞նչ է թատրոնը ձեզ համար:

Լուսինե. Մեր առաջին տունն է: Օրվա մեծ մասն այստեղ ենք լինում, ամբողջ էներգիան ու սերը դնում ենք այս տան վրա:

Արշո. Այնպես չէ, որ քիչ բան ասաց, կավելացնեմ, որ մեզ համար այն կյանքի ու ապրելու իմաստ է:

Լուսինե. Շատ անգամ ենք վիճում, թե ինչու թատրոնում մի փոքր բան գեղեցկացնելու համար այդքան էներգիա ենք ներդնում, երբ տանը երկար ժամանակ կարող ենք չնկատել էլ, որ ինչ-որ իր ջարդված է կամ փչացած:

Արշո. Կարող ենք կռվել, իրար տալ սպանել, բայց որ տանը պահարանը համարյա շուռ գալիս լինի մեզ վրա, ամիսներով կարող ենք չտեսնել:

Արշո Հարությունյանը եւ Լուսինե Երնջակյանը


- Ինչպե՞ս է, երբ ընտանիքում 2 ռեժիսոր կա:

Արշո. Միշտ իրար լրացնում ենք, միասին աշխատում: Երբ ես եմ ինչ-որ բան անում, իր կարիքն ավելի շատ եմ զգում, քան ինքն՝ իմ: Լուսինե, երբ դու ես աշխատում, ես վերջում եմ իմանում՝ ազդագրերից:

Լուսինե. Ինչի՞ ես խաբում, դե, լավ, չե՞ս ամաչում:

Արշո. Իսկ երբ ես եմ որեւէ բան սկսում, անգամ երբ գաղափարը դեռ նոր-նոր է առաջացել, տանջում եմ իրեն:

Լուսինե. Տանջելու հետ համաձայն եմ, մնացածը սուտ է: Երկուսս էլ հավակնոտ չենք եւ չենք խանգարում իրար, այլ լրացնում ենք: Չափազանցրեց, որ իմ գործերից տեղյակ չի. մեր ցանկացած նախագծերի դեպքում իրար կողքի ենք:

Արշո. Իսկ սիրո՞ւմ ես ինձ:

Լուսինե. Մեկ-մեկ:

Արշո. Մեկ-մեկ սիրո՞ւմ ես, թե՞ չես սիրում:

Լուսինե. Հիմնականում սիրում եմ:

- Ի՞նչ ներկայացման է նման Ձեր կյանքն ու ի՞նչ անուն կտաք:

Արշո. «Սերն ինչպես կինոյում»: Հետաքրքիր հարց է, չէ՞: Օրինակ, դու մտածե՞լ էիր այդ մասին:

Լուսինե. Երբեք չեմ մտածել: Հիմա մի բան կմտածեմ: Մի տարբերակ ունեմ, բայց դու պետք է առաջարկեիր՝ «Անսանձ կնոջ սանձահարումը»:

Արշո. Իրականում շատ հեզ ու խոնարհ է: «Սիրո ապարդյուն ճիգերը», էլի Շեքսպիր է: Մտածելու տեղ ես տվել, պետք է մի լավ տարբերակ գտնել: (Երկար փնտրտուքներից հետո այդպես էլ տարբերակ չի գտնվում,-հեղ.):

Արշո Հարությունյանը եւ Լուսինե Երնջակյանը


-Ի՞նչ ստեղծագործության վրա կցանկանաք միասին աշխատել, բայց այդպես էլ չեք հասցրել:

Լուսինե. Այ, շատ լավ է, որ ասացիք: Իրեն համոզում եմ մի ներկայացում անել, որի ռեժիսորը երկուսով կլինենք: Քանի որ շատ ենք խառնվում իրար գործերին, ուզում եմ՝ դա պաշտոնապես լինի, բայց չի համաձայնում:

Արշո. Մենք շատ տարբեր կերպ ենք մտածում, այլ տեսություններ ու աշխարհայացք ունենք, բայց ինչ-որ հարցերում ընդհանրություններ էլ կան:

- Ինչպե՞ս եք հետեւում ձեր պրեմիերաներին:

Արշո. Տարօրինակ բան կասեմ, բայց երբ թատրոնում չեմ, ու իմ ներկայացումներից որեւէ մեկն է լինում, ինձ մոտ շիզոֆրենիա է սկսվում: Անհանգիստ եմ, հուզվում եմ, անգամ եթե պրեմիերան չէ, ու արդեն 25-րդ անգամ են խաղում: Անպայման ուզում եմ ներկա լինել, տեսնել, զգալ: Մինչդեռ ֆիլմի պրեմիերայի դեպքում շատ է պատահել, որ դահլիճից փախել եմ: Ներկայացումն ինչքան խաղան, կնայեմ, իսկ ֆիլմի պրեմիերայից հետո կարող է մի 3 տարի անց՝ այն էլ պատահական դիտեմ: Երեկ, երեւի թե, 30-րդ ներկայացումն էր, ու մեջն էլի բան եմ փոխել. թատրոնն այդ հնարավորությունը տալիս է, ապրող օրգանիզմ է: Ֆիլմի հետ էլ չես կարող պայքարել, անզոր ես դառնում:   

Լուսինե. Ես այդ առումով ավելի հանդարտ եմ: Առաջին մի քանի ներկայացմանն եմ ավելի անհանգիստ լինում, խառնաշփոթ վիճակում: Պրեմիերայի ժամանակ միշտ լարված եմ. փորում թիթեռնիկներ են լինում:

- Միմյանց աշխատանքներից ո՞րը կարող եք անվերջ նայել ու չհոգնել:

Արշո. Ես՝ իր «Ռոմեո եւ Ջուլիետը»: Ինքը, դե, չկա այդպիսի գործ, որ պաշտի:

Լուսինե. Շատ սիրում եմ «Տղաները չափն անցնում են» ներկայացումը, ֆիլմերից՝ «Անհայտ բաժանորդը» եւ նույնի թատերական տարբերակը՝ «Սեւ արկղը», որն ավելի շուտ էր արել:

Արշո Հարությունյանը


- Ո՞վ է ավելի շատ քննադատում ու գովում:

Լուսինե. Մենք անտեղի չենք գովում կամ քննադատում: Գովքը լինում է միայն այն դեպքում, երբ զգում ենք՝ որեւէ մեկը հիասթափության եզրին է կամ թեւաթափ եղած, եւ անհրաժեշտություն կա օգնելու, որ նորից ոգեւորվի:

Արշո. Ավելի շատ վերլուծում ենք, քան քննադատում: Ընդհանուր հայտարարի գալու ճանապարհ է դա:

- Ի՞նչ առանձնահատկություններ ունեն ռեժիսորները:

Լուսինե. Քմահաճ են ու պահանջկոտ:

Արշո. Կարգապահ են, որովհետեւ մեր աշխատանքն առաջին հերթին ինքնակազմակերպվածություն է պահանջում: Ես այդպիսի՞ն եմ:

Լուսինե. Ոչ: Ես ունեմ այդ հատկությունը, ինքը՝ չէ:

Արշո. Ինձ պետք է կազմակերպել: Լուսինեն երկուշաբթիից ուրբաթ հստակ անում է կոնկրետ տեսարանները, հետո՝ պարի փորձը, այնուհետեւ զգեստներով է զբաղվում: Իմ դեպքում ամեն ինչ խառն է՝ այստեղից թռչում եմ այնտեղ, ժամանակի զգացողությունս էլ այլ է, մեկ էլ զգում եմ՝ արդեն պրեմիերան է, ոչինչ չեմ հասցնում, ու խուճապ է սկսվում: Վերջին պահին եմ անում ամեն ինչ:

Արշո Հարությունյանը եւ Լուսինե Երնջակյանը


- Ինչպե՞ս անել, որ թատրոնը շատ սիրելի դառնա ու ձգի մարդկանց:

Արշո. Թատրոնն ազնիվ լինի, աշխատանքները սրտանց, սիրով ու նպատակային արվեն: Հանդիսատեսի գոհացնես, ոչ թե՝ ինքդ քեզ:

Լուսինե. Հատուկ հանդիսատեսի համար լինեն գործերը, բայց դա չի նշանակում նրանց քմահաճույքները կատարել ու ստեղծել ցածրորակ ներկայացում: Պետք է ոսկե միջինը գտնել, ամենադրամատիկական նյութն այնպես ներկայացնել, որ հանդիսատեսը կարողանա այն դիտել: Մենք գտել ենք այդ բաղադրատոմսը:

Արշո. Մենք սիրում ենք հանդիսատեսին ու սրտանց ենք աշխատում, որ կարողանանք թատրոնի առեղծվածն ու հրաշքը հասցնել մարդկանց սրտերին: Մեր բախտը բերել է, որ սեփական հեղինակն ունենք՝ Արա Երնջակյանին: Եթե մեր բոլոր ներկայացումները վերցնենք ու իրար կպցնենք, ԽՍՀՄ փլուզումից մինչեւ մեր օրերի կյանքը կստացվի: Այդ տարեգրությամբ ենք առանձնանում այլ թատրոններից, ժամանակակից դրամատուրգիայի համար հենց նրան ենք պարտական:

Իրենք

- Հիշո՞ւմ եք ձեր ամենաառաջին հանդիպումը:

Արշո. Երբ այս թատրոնում արդեն մեծ մարդ էի, հայտնի դերասան, նա դպրոցական երեխա էր, գալիս-գնում էր: Բոլորը ոգեւորված ասում էին՝ Երնջակյանի աղջիկն է, սիրում էին, ես առանձնապես վերաբերմունք չունեի: Հետո մեծացավ, դարձավ հրաշք աղջիկ ու փոխեց իմ ամբողջ կյանքը:

Լուսինե. Թատրոնի դերասան էր ու բավական հայտնի, մեծ նախագծեր ուներ: Ոչ մի առաջին հանդիպում չի եղել, հետո ընկերություն է եղել, միասին աշխատանք, որից հետո սկսել ենք իրար լավ ճանաչել ու հասկացել ենք, որ պատրաստ ենք դիմանալ իրար:

Արշո Հարությունյանը եւ Լուսինե Երնջակյանը


- Ձեր ընտանիքը 11 տարեկան է: Ինչպիսի՞ տարիներ էին դրանք:

Արշո. Դե, ջահել էինք, խենթ ու խելառ: Շատ հաճելի տարիներ էին: Ասացիր՝ 11 տարի է անցել, բայց իմ սերը չի պակասել. այն ժամանակ էլ նույն խելառի պես էի սիրում իրեն ու կարիքը զգում, հիմա էլ: Կարծում եմ՝ ամենաքիչը մի 11 տարի էլ կսիրեմ (ծիծաղում է,- հեղ.):

Լուսինե. Թատրոնում շատ են տեսնում, թե աշխատանքի բնույթով ինչպես ենք վիճում, բայց միեւնույն ժամանակ բոլորի համար նաեւ պինդ ընտանիք ունենալու օրինակ ենք: Ամենամեծ վեճից հետո էլ հիշաչար չենք լինում, ինչ էլ լինի մեզնից մեկը քայլ է անում, ու դա շատ արագ է լինում: Մեկ օր չի տեւում, որ նեղացած մնանք կամ երեկոն վիճած անցկացնենք: Երբ մեկը քայլ է անում, մյուսն անմիջապես պատասխանում է:  

- Իրար 3 բառով ինչպե՞ս կնկարագրեք:

Արշո. Սիրող, հանդուրժող, խելացի: Դե, ես քմահաճույքներ ունեմ, դրանք կարող ես ասել:

Լուսինե. Մի բառը չեմ կարողանում գտնել:

Արշո. Հոգատա՞ր եմ ես:

Լուսինե. Հա, բարի ես, վստահելի, չարաճճի: Ամենաաներեւակայելի իրավիճակում կարող եմ հույսս քեզ վրա դնել: Չես վիճի, հարցեր չես տա, կլինես իմ կողքին:

Արշո Հարությունյանը եւ Լուսինե Երնջակյանը


- Ո՞րն է սիրելի զբաղմունքը ձեր որդու հետ:

Արշո. Աշխատանքի բերումով շատ քիչ ենք շփվում. երբ նորմալ մարդիկ հանգստանում են, մենք աշխատում ենք: Շատ է բողոքում, որ ուշ ենք գնում տուն, փորձերը կարող են մինչեւ գիշերը ժամը 2-3-ը տեւել: Բայց միասին շատ հետաքրքրություններ ունենք: Երեքով շատ ենք խաղում, մեր տղան ինտելեկտուալ խաղեր է սիրում, բացահայտումներ անող, որոնք աշխարհայացքը մեծացնում են: Մենք էլ ենք հաճույք ստանում ու նրանից շատ բան սովորում: Նման պահերին հստակ դերաբաշխում ունենք. ես մեր տան չարագործն եմ լինում: Այնպես ենք անում, որ մրցակցություն լինի, պայքարելու եւ հաղթելու հաճույքը զգա: Կինոդիտումներ ենք անում միասին:

Լուսինե. Իր ընտրությամբ մուլտֆիլմեր ենք նայում: Երբ տանն ենք, փորձում ենք հնարավորինս շատ զբաղվել միասին: Խորհրդային միության ֆանատ է, ամբողջ պատմությունը գիտի, Համաշխարհային պատերազմների մասին է մանրամասն տեղյակ:

- Համատեղ կյանքի ընթացքում ի՞նչ եք սովորել իրարից:

Արշո. Մանավանդ վերջին տարիներին ավելի արտահայտված եմ զգում, որ սովորել եմ ինչ-որ պահի հանդարտվել ու որոշում կայացնել, քանի որ միշտ էմոցիոնալ եմ եղել ու պոռթկումներով, հիմա էլ եմ այդպիսին: Իր օրինակով տեսել եմ, թե դա որքան կարեւոր է ու քիչ վնասակար: Հանգիստ պայմաններում ավելի սթափ որոշում կայացնելը միանշանակ իրենից եմ սովորել:

Քանի որ առիթ է, որ իմացածով կիսվենք, պետք է ասեմ՝ երկուսիս վրա էլ, որպես մարդ ու ստեղծագործող, շատ է ազդել Լուսինեի հայրիկը: Սովորել ենք նայել, տեսնել, սիրել, հանդուրժել, մեծահոգի լինել, կնոջը մեծարել: Այդ մարդու մեջ մեծ իմաստության նրբաշերտեր կան, նրանից շատ բան ենք վերցրել: Դա չի խանգարել սեփական եսի ձեւավորմանը, հակառակը՝ օգնել է բացահայտել մեզ:

Լուսինե. Շատ մեծ փորձ ու մասնագիտական հմտություններ եմ սովորել ու շարունակում եմ սովորել: Աշխատանքի մեջ շուտ հանձնվող չեմ, բայց կյանքում պատահում է: Իսկ ինքը կարող է մի ժամ պայքարել:

Արշո. Ես էլ համառ չեմ, բայց գոնե ուզում եմ, որ իր մոտ ստացվի. նպատակին հասնելու ճանապարհին ավելի քիչ հուսահատվի:

Արշո Հարությունյանը եւ Լուսինե Երնջակյանը


- Երեւանում ձեր համատեղ սիրելի վայրը:

Լուսինե. Տունը:

Արշո. Թատրոնն ու տունը, որովհետեւ տանը քիչ ենք լինում ու կարոտում ենք: Իսկ թատրոնում ինչքան էլ մնում ենք, էլի դժվար ենք պոկվում:

- Երբ թատրոնից հոգնում ենք, ի՞նչ եք անում:

Արշո. Երբ մարդիկ ինչ-որ բանից հոգնում են, գնում են հանգստանալու, մեր առավելագույն հանգիստը սրճարանում նստելն ու էլի թատրոնից խոսելն է: Երբ գնում եմ կինո նկարելու, ուշք ու միտքս էլի թատրոնն է լինում:

Լուսինե. Նույնիսկ, երբ արտասահմանից ենք գալիս, տուն մտնելուց առաջ օդանավակայանից գալիս ենք թատրոն:

Արշո. Աննորմալ է, բայց այդպես է, երջանկություն է, որը մեզ պետք է:

Լուսինե. Երբ նախագծեր ենք մտածում թատրոնում, հասկանում ենք, որ դա ոչ մեզ հարստացնելու է, ոչ ավելի հայտնի դարձնելու, միայն խնդիրներ են առաջանալու, բայց հանուն նորն ու գեղեցիկը ստեղծելու պատրաստ ենք զոհողությունների: Ամառվա հետ կապված նախագծեր ենք մտածում, գիտենք՝ իրականացնելու դեպքում հանգիստ չենք ունենալու:

Արշո. Վերջերս Արայիկի ծնունդն էր, ամեն ինչ պլանավորած էր, մեկ էլ իմացանք, որ երեխաներից մի քանիսը չեն կարող գալ, ու միջոցառումը տեղափոխվեց: Մենք ուրախացանք, քանի որ այդ օրն էլ գործ ունեինք, ու եկանք թատրոն: Տարօրինակ է, մարդ էլ դրանից ուրախանա, բայց որ մեծանա ու կարդա այս հարցազրույցը, կհասկանա մեզ, մանավանդ, եթե ինքն էլ սիրի իր գործն ու զգա նույն երջանկությունը:

Արշո Հարությունյանը եւ Լուսինե Երնջակյանը


- Իսկ ինչո՞ւ էլ չեք խաղում թատրոնում:

Արշո. Ավելի շատ ինձ հարմարավետ եմ զգում ռեժիսորի կարգավիճակում: Դերասանի շատ հատկություններ կան, որոնք ես չունեմ: Բեմում վատ չեմ զգում ինձ, կարոտում եմ, բայց դրանից չեմ տառապում: Ես հաճույք եմ ստանում իմ աշխատանքից, խենթանում եմ տաղանդավոր դերասանների համար, ուզում եմ ինձ նրանցով շրջապատել, ռեժիսուրայի մեջ եմ փորձում բավարարել կրքերս: Կարող է մի ժամանակ գա, նորից ցանկանամ խաղալ:

Լուսինե. Այդ որոշումը միանգամից չի եղել: Վերջին 5-6 տարիներին խաղալու բոլոր առաջարկները մերժել է, թատրոնում էլ իր դերերի հետ կապված տարիներ շարունակ ինձ համոզել է, որ դերակատարները պետք փոխվեն ու ինքն էլ բեմ չբարձրանա:

- Իսկ պատկերները, տեսարաններն ինչպե՞ս են ծնվում ձեր գլխում:  

Լուսինե. Մի անգամ Վրաստանից վերադառնալիս մինչեւ հասանք Երեւան, համարյա սկզբից մինչեւ վերջ «Համլետը» բեմադրեցինք, մինչեւ օրս ձայնագրությունները կան:

Արշո. Ամբողջը պատկերացրել ենք, մի օր, հավանաբար, կբեմադրենք: Պատահել է, որ երազում եմ տեսել ինչ-որ տեսարան:


- Եվ վերջում, ի՞նչ կխոստովանեք իրար, որ վաղուց էիք ուզում ասել:

Արշո. Այնքան բաց ենք իրար հետ: Մենք օրվա մեջ սիրո խոստովանություններ շատ ենք անում: Լինում է, որ հարցնում եմ՝ «Իսկ դու ինձ սիրո՞ւմ ես», մի քիչ հետո ասում է՝ «Քեզ սիրում եմ»: Կամ զանգում եմ ու ասում այդ մասին:

Լուսինե. Զանգում է ու երգում ինձ համար: Երեկ 3 անգամ «Դու ինձ համար սիրո աղբյուր…» է երգել:

Արշո. Բայց արեգակի փոխարեն, «Լուսինեին պետք է հեռվից նայել, որ չսառչես» եմ երգել: Այդ իմաստով մեր կյանքը հա՛մ հումորով է լեցուն, հա՛մ իրար վրա կատակներ անելու պահերով, փոքրիկ անակնկալներով, որոնք նյութական չեն, այլ մտքի, ճարպկության, իրար զգայարանները ստուգելու հետ կապված: Դա մեր կյանքի անբաժան մասն է: Մի այսպիսի բան եմ բացահայտել՝ շատ է ասում, որ ինձ սիրում է, բայց մի ձեւ կա, որից հասկանում եմ՝ ինձ ինչ-որ մեկի հետ համեմատելիս ասաց:

Լուսինե. Այնպես չի, որ դա թաքցնում եմ:

Արշո. Օրինակ, նստած ենք բազմամարդ սեղանի շուրջ ու մեզ հետ ինչ-որ տղամարդ կա, նայում է նրան ու ինձ հաղորդագրություն գրում, կամ ականջիս ասում՝ «Սիրում եմ քեզ»:

Լուսինե. Ե՞րբ ես հասկանում, որ սիրում ես, երբ տեսնում ես, որ քոնն ավելի լավն է, նորից ես վերագնահատում:

Արշո Հարությունյանը եւ Լուսինե Երնջակյանը


- Իսկ խանդո՞տ եք:

Լուսինե. Ինքը՝ հա, ես՝ ավելի քիչ:

Արշո. Դե, ես գյումրեցի եմ: Խանդը չափի մեջ պարտադիր է, եթե չկա, անզգայության պես մի բան է:

«Պարզապես սիրուն բառեր չեմ ասում»

Արշո. Խորապես հարգում եմ Լուսինեին, բացի նրանից, որ շատ սիրում եմ: Իմ կյանքը ոչ էլ ուզում եմ պատկերացնել ուրիշ ձեւի ու բովանդակության մեջ: Շատ լավ մարդ է, գործընկեր, էլ չասեմ, թե որքան լավ մայր է: Մարդ է, որի վրա կարելի է հույս դնել, հավատալ, վստահել, գլուխը դնել ուսին, միշտ քեզ կհասկանա: Այդ իմաստով ինձ երջանիկ մարդ եմ համարում, պարզապես սիրուն բառեր չեմ ասում: Ինձ շատ է օգնել կյանքի տարբեր փուլերում ավելի ինքնավստահ զգալու, համարձակ գտնվելու, վճռական լինելու հարցում: Քանի որ ես շատ կասկածամիտ եմ, այդ իմաստով այնքան լավ է, որ նա կա, կողքիս է:

Արշո Հարությունյանը եւ Լուսինե Երնջակյանը


«Միասին շատ ենք ծիծաղում»

Լուսինե. Արշոն շատ հետաքրքիր ու լավ մարդ է, բարի ու հանդուրժող է շատ հարցերում ու շատ մարդկանց նկատմամբ, ինչն իսկապես կարեւորում ու գնահատում եմ: Փորձում է նույնիսկ չափից շատ հասկանալ դիմացինին: Զգայուն ու նրբանկատ է: Շատ անգամ կարող է մոռանալ իր եսի ու հարմարավետության մասին եւ ուրիշներին օգնել: Լավ ընկեր է, ամուսին, հայր, երբեք իր կարիքներն առաջին պլանում չի դնում: Բայց դրա հետ մեկտեղ շատ ուշադրություն պահանջող է, եւ երբեմն կատակում եմ, որ իմ փոքր տղան է, Արայիկը՝ մեծը: Երբ տանն է, պարտադիր պետք է իրենով զբաղված լինեմ: Անվերջ ծիծաղելու ու ուրախալու առիթներ ստեղծող մարդ է: Մի բան հորինում է, ինձ անակնակալի բերում, միասին շատ ենք ծիծաղում, ինչը եւս կարեւոր է:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW