Ֆրանսահայ երիտասարդ երգչուհի Անահիտ Բ-ն մարտին մեծ ճանաչում ձեռք բերեց ֆրանսիական «The Voice» նախագծում իր հայկական կատարմամբ։ BRAVO.am-ը պատմել է հայուհու հուզիչ ելույթի մասին, եւ թե ինչպես ժյուրիի բոլոր անդամները շրջվեցին կույր լսումների ժամանակ։ Թեեւ մրցույթում նրա պայքարն ավարտվել է, Հայաստանի մշակույթը պատվով ներկայացրեց Ֆրանսիայում եւ իր յուրօրինակ ոճով հասցրեց գրավել շատերի սրտերը:
Բեմում Անահիտը կատարեց «Հինգալա» երգը, որի ֆրանսերեն բառերի հեղինակն ու մշակողը Վինսենթ Բագյանն է, իսկ երգչուհուն նվագակցում էին հայրը՝ Հակոբը, եւ եղբայրը՝ Ազատը։
Անահիտը վերջերս Հայաստան էր ժամանել, այդ ընթացքում էլ հասցրել ենք հետաքրքիր զրույց ունենալ նրա հետ եւ լուսանկարել երեւանյան կոլորիտային վայրերում։
- «The Voice»-ում հայկական կատարման համար, կարծում եմ, հայ շատ ընտանիքներ Ձեզ «որդեգրեցին», իսկ օտարերկրացիները բացահայտեցին Հայաստանը Ձեր ելույթով։ Ժյուրիի չորս անդամներն էլ շրջվեցին: Անկանկա՞լ էր, թե՞ ամեն դեպքում սպասելի արդյունք։
- Շատ անսպասելի էր, քանի որ նրանք սիրում են օտար լեզուներ, բայց պետք է երգել ֆրանսերեն, եթե ոչ՝ չեն կարողանա մրցույթում «ուղեկցել»։ Եվ երբ իմ կատարման մեջ ֆրանսերեն մասը սկսվեց, նրանք միանգամից հասկացան, թե ինչի մասին էինք ուզում խոսել, սկսեցին նույնչափ հուզվել, որքան մենք, եւ նրանց արձագանքն անսպասելի էր: Նրանք մեզ տեսան երեքով բեմի վրա, ինչը երբեք չի եղել նախագծի շրջանակում. որեւէ ընտանիք միասին հանդես չի եկել։
Անահիտ Բ-ն
- Այդպիսով կարծես ցույց տվեցիք, թե որքան են կարեւորում հայերն ընտանիքը: Սա եւս խորհրդանշական էր։
- Այո, իհարկե, եւ չէի էլ պատկերացնում, թե ինչպես պետք է իրենց երաժիշտների նվագակցությամբ երգեմ այդ երգը։ Մենք նաեւ ցանկանում էինք ցույց տալ, որ հայ լինելը գուցե դյուրին չէ, բայց մենք դեռ այստեղ ենք եւ միշտ էլ կանգուն ենք լինելու։
- Կարելի է ասել, որ համարձակություն էր պետք «The Voice»-ում հայկական երաժշտություն ներկայացնելու համար, այն էլ այդքան նուրբ թեմայով։ Սկզբում վախ չունեի՞ք։
- Հեռուստածրագրի այդ փուլը ձայնագրել ենք 2020-ի նոյեմբերին՝ հենց պատերազմի ժամանակ, հոգեպես Հայաստանում էինք, իսկ ֆիզիկապես՝ «The Voice»-ի նկարահանման տաղավարում։ Չգիտեմ՝ որտեղից, բայց մեզ վրա ինչ-որ ուժ էր եկել, կարծես մեր հերթն էր՝ գրավելու այդ մրցույթը, որպես ֆրանսահայ՝ ինչքան հնարավոր է անկեղծ լինել, ներկայացնել մեր ժողովրդական երաժշտությունը։ Նույնիսկ եթե ոչ ոք չշրջվեր, հոգ չէր, մենք միեւնույն է, երգած կլինեինք. դա մեծ մարտահրավեր էր։ Մենք չէինք գնացել մեծ մրցույթի, պարզապես արեցինք այն, ինչ ամենալավն ենք կարողանում անել։
- Պատերազմի օրերին Ձեր հոգեվիճակը չխանգարե՞ց կատարել այդ հուզիչ երգը, թե՞ հակառակը՝ հենց այդ հույզերն էլ հասան ժյուրիին։
- Կարծում եմ՝ այդ հույզերն ինձ ավելի շատ ուժ տվեցին, քանի որ գիտեի, թե ինչ է կատարվում Արցախում, ինչ վիճակում էին մեր հայ ընտանիքները, մեր զինվորները, եւ այդ պահին արցունքները տեղ չունեն: Մեզ համար պայքարում են, մենք էլ մեր չափով, որպես սփյուռքահայ, մեր տարբերակով՝ երաժշտությամբ պետք է պայքարեինք։ Ֆրանսիայում շատ չխոսվեց, մարդիկ կան, որ նույնիսկ Հայաստանը չեն ճանաչում, մեզ համար դա երկակի պայքարի տարբերակ էր։ Բազում նամակներ եմ ստացել, որտեղ մարդիկ ինձ ասում են, որ չէին ճանաչում Հայաստանը, եւ հիմա հետաքրքրվում են մեր երկրով: Ինձ անչափ ուրախացնում է, որ նմանատիպ հազարավոր նամակներ եմ ստանում. դա արդեն իսկ իմ հաղթանակն է։
-Շատերն արդեն ճանաչում էին Ձեզ, բայց հարկ է նշել, որ այս նախագծով բազում մարդիկ կարողացան բացահայտել Ձեր տաղանդը։
- Ես կասեի, ոչ թե հանրաճանաչություն, այլ՝ տեսանելիություն է տալիս նախագիծն այնպիսի արտիստների համար, ինչպես ես, որ մեր սեփական հնարավորություններով փորձում ենք ճանաչված դառնալ, նման նախագիծը կարող է խթանել կարիերան մեկ օրում։ Ինձ ասում էին՝ չեմ պատկերացնում այն ազդեցությունը, որ կարող է թողնել այդտեղ հանդես գալը, հիմա եմ հասկանում այդ խոսքերի իմաստը, քանի որ փառատոնների հրավերներ ունեմ, մեր ելույթը դիտվել է միլիոնավոր անգամներ, չեմ սիրում թվերով խոսել, բայց արդյունքները տպավորիչ են։ Նույնիսկ իրենք չէին պատկերացնում նման արդյունք։ Սկսեցի հարյուրավոր նամակներ ստանալ, որոնք հետագայում դարձան երկար շփումներ։ Հանդիսատեսի վստահությունն աճեց:
- Տեսնում եմ, որ գովեստի խոսքեր են հնչում Ձեր հասցեին, սա, իհարկե, շատ հաճելի եւ քաջալերող է, սակայն, հավանաբար, հնչում են նաեւ բացասական կարծիքներ կամ քննադատություն, ինչպե՞ս եք դրանք ընդունում։
- Դրանք այնքան քիչ մաս են կազմում այն բազմաթիվ դրականի կողքին, որ նույնիսկ ուշադրություն էլ չեմ դարձնում: Բացասականն իրոք «խեղդվում է այն սիրո ծովում», որ ստանում եմ նամակների եւ հաղորդագրությունների միջոցով։ Երբեք չեմ կենտրոնանում բացասականի վրա, ինքս ինձ վրա չեմ կասկածում նման կարծիքներից․ չենք կարող բոլորին դուր գալ։ Իմ ելույթը դուր գալու համար չէր, ինձ սիրելու համար չէր, սկզբից մինչեւ վերջ ինքս ինձ հավատարիմ եմ եղել թե՛ երաժշտական ոճով, թե՛ հագնվելու կամ արտահայտվելու տեսակետից, եւ եթե ինձ բացասաբար են վերաբերվում, խնդիր չէ, որովհետեւ չեմ փոխվելու միեւնույն է։ Իհարկե, կան կառուցողական քննադատություններ, եւ դրանք կարդում եւ ընդունում եմ. միշտ էլ բարելավելու տեղ կա։
- Այս նախագծում հաղթելն, իհարկե, կարեւոր է, բայց առավել կարեւոր է Ձեր տաղանդն ու հետագա կարիերան, նոր ի՞նչ ծրագրեր ունեք։
- Համամիտ եմ Ձեզ հետ, այս նախագծից հետո շարունակելու եմ ստեղծագործել եւ երգել, թողարկել եմ իմ նոր ձայնասկավառակը, որը կարողացա ավարտել մեկուսացման շրջանում, համագործակցել եմ տարբեր երաժիշտների հետ, առցանց աշխատել նրանց հետ։ Ծանոթացել եմ բելգիաբնակ հայ երգահան եւ երգչուհի Նառա Նոյանի հետ, ով ինձ համար մի քանի ստեղծագործություն է գրել։ Այս ձայնասկավառակով կարծես ցույց եմ տալիս Անահիտ Բ-ի եւ Անահիտ Բոյաջյանի հանդիպումը, շարունակում եմ ուղիղ համերգներ Ֆեյսբուքով եւ Ինստագրամով. մեկուսացման շրջանում օգտագործում ենք այս հնարավորությունները եւ պահպանում կապը մեր հանդիսատեսի հետ։
Անահիտ Բ-ն
- Իսկ ինչո՞ւ Անահիտ Բ։
- Չցանկացա բեմական այլ անուն ընտրել, ինձ անվանակոչել են տատիկիս անունով, սիրում եմ այդ անունը, իսկ Բ-ն իմ ազգանվան առաջին տառն է, ավելի կարճ է, Անահիտներ շատ չկան, իսկ Անահիտ Բոյաջյան դառնում եմ այն ժամանակ, երբ հայերեն եմ երգում. իմ ժողովրդական երգերի խմբում այդպես եմ հանդես գալիս։
- Իսկ մեր հարցազրույցում ո՞վ է։
- Անահիտ Բ-ն (ծիծաղում է,- հեղ․)
- Կպատմե՞ք այդ ժողովրդական խմբի մասին։
- Ունեմ հայկական ժողովրդական երաժշտության խումբ՝ «Նոր աշուղ»: Այս խմբով եւս Ֆրանսիայում համերգային շրջագայություններ ենք իրականացնում։ Հայաստանում եւս համերգներ եմ ունեցել, այստեղ նաեւ երգի դասեր եմ ստանում արդեն 4 տարի, ուսուցիչներս են գուսան Մխիթար Քեթցյանը եւ Ալեքսանդր Պողոսյանը։ Կնքահայրս դուդուկահար Եղիշե Մանուկյանն է, որի շնորհիվ երաժշտական լսողությունս զարգացել է հայկական ժողովրդական երաժշտության տեխնիկայով։ Սա ինձ շատ է օգնում, նաեւ յուրօրինակություն է տալիս, քանի որ այդ նույն տեխնիկան օգտագործում եմ նաեւ ֆրանսիական երգեր կատարելիս, որն էլ հետաքրքրություն է առաջացնում։ Փորձում եմ միախառնել տարբեր մշակույթներ, տարբեր ոճեր եւ հնարքներ, որ սովորում եմ, որն էլ վերջում դառնում է յուրահատուկ կատարում։ Ես իսկապես սիրում եմ ճամփորդել երաժշտության մեջ, սիրում եմ անակնկալներով լի լինել, հենց առաջինն ինձ համար։ Մշտապես փորձում եմ նորովի հանդես գալ, արտիստ լինելը, կարծում եմ, հենց դա է։
- Հայաստանն ու հայկականը Ձեր արվեստի մասն են կազմում, Դուք էլ հաճախ այցելում եք Հայաստան, կարո՞ղ եք մի փոքր պատմել Ձեր հայկական արմատների մասին։
- Ծնողներս հայ են, ծնվել են Ֆրանսիայում, ես այստեղ ծնված արդեն չորրորդ սերնդի ներկայացուցիչն եմ, ովքեր «հայկականորեն» են ապրում։ Մեզ է փոխանցվել մեր արմատների նկատմամբ ունեցած սերը, ընտանիքի կարեւորությունը, մեծերի հանդեպ հարգանքը։ Ինձ համար կարեւոր է պահպանել երկմշակույթ լինելը, որն էլ ինձ կերտել է։ Հենց այդ երկմշակույթ լինելով է, որ կարողանում եմ ուղերձ հղել, ֆրանսերենով երգում եմ հայերի մասին, որպեսզի օտարերկրացիները կարողանան հասկանալ եւ ճանաչել, կրկին այդ փոխանցելու առաքելությունն է, որի շնորհիվ ֆրանսիացիները կհետաքրքրվեն Հայաստանով։
Անահիտ Բ-ն
- Մի փոքր պատմեք, թե ինչպես երգչուհի դարձաք։
- Երգի դասեր սկսել եմ 7 տարեկանից։ Այդ ժամանակ արդեն իմ ձայնը տարբերվում էր իմ տարեկից աղջիկների ձայնից, երգի ուսուցիչս իմ ձայնում հայտնաբերեց կանացի ամենաթավ ձայնը, այն որակեց կոնտրալտո, հասկացել էր, որ ձայնս տարբերվող է, ցանկանում էր, որ աշխատեի ձայնիս վրա եւ չկորցնեի այդ ներուժը։ 10 տարեկանում արդեն մասնակցեցի հեռուստատեսային մի նախագծի, որը հիանալի փորձառություն էր։ Պետք է ասեմ, որ երաժշտությունն իմ մասնագիտությունը չէ, այլ մի տարերք ինձ համար։ Կատարում էի ֆրանսիական շանսոնի հանրահայտ հեղինակների գործեր եւ այլ ոճի երգեր, բայց հետո հասկացա, որ ես եւս ցանկանում եմ խոսել իմ կյանքից, պատմել իմ պատմությունը, այդպիսով գրեցի իմ հեղինակային երգերը։ Առաջին ալբոմս՝ «Իմ կյանքի գույները», թողարկվեց 2015թ.-ին։ Այն կարծես իմ դեռահասության եւ հասունության միջակայքում ընկած շրջանի նկարագիրը լինի։ Դա նաեւ երաժշտական աշխարհում իմ տեղը գտնելու փորձ էր՝ կիթառի եւ դուդուկի ձայնակցությամբ։ Միեւնույն ժամանակ շարունակել եմ ուսումս, մասնագիտացել եմ՝ որպես գրաֆիստ-համակարգչային դիզայներ։ Ինքս եմ պատրաստում իմ աֆիշներն ու ալբոմների շապիկները՝ համատեղում եմ օգտակարն ու հաճելին։ Ցանկանում էի հնարավորինս լիարժեք լինել՝ որպես արտիստ կայանալու համար։ Երկրորդ ձայնասկավառակիս համար աշխատել եմ մի շարք երաժիշտների հետ, այն լսելիս զգացվում է, որ զարգացել եմ ու հասունացել, փորձել եմ մի փոքր «դիպչել» ռոք ոճին, երաժշտական գունապնակս բավական հարուստ է. չեմ սիրում, երբ ինձ կոնկրետ ոճ են վերագրում, շատ եմ սիրում «երաժշտականորեն ճանապարհորդել» եւ փորձել տարբեր ոճեր։
- Եղե՞լ են արդյոք դեպքեր, երբ այդ երկմշակույթ լինելը Ձեզ խանգարել է կամ Ձեզ հասկացված չեք զգացել։
- Բնականաբար, չենք կարող բոլորին դուր գալ երաժշտական առումով, բայց կարեւոր է գտնել «քո ձայնը», այլ ոչ թե դուր գալ կամ մտնել արդիական որեւէ կաղապարի մեջ։ Սիրում եմ խորիմաստ տեքստերով երգեր, սակայն մարտահրավերներն ինձ չեն վախեցնում։ Եթե ասեն՝ երգիր օտար լեզվով, կերգեմ, նույնիսկ եթե պետք լինի դասերի գնալ եւ շատ աշխատել։
-Ի՞նչ առիթով եք այժմ Հայաստանում։
- Հայաստանի հետ մշտապես կապ եմ պահպանում, հատկապես երաժշտական ոլորտում, այս անգամ արդեն մեկ տարի է, որ աշխատում եմ «Birthright Armenia»-ի հետ՝ որպես գրաֆիստ-համակարգչային դիզայներ, անցած տարի մեկուսացման շրջանում հեռակա կատարեցի բարեգործական աշխատանք նրանց հետ՝ երեք ամսով, այս տարի արդեն նրանք ինձ աշխատանք առաջարկեցին մարդասիրական նոր ծրագրի շրջանակում, որը կոչվում է «Stronger Armenia 2021»։ Այս ծրագրով մենք ցույց ենք տալիս, որ պետք է մշտապես առաջ գնանք, անձրեւից հետո միշտ էլ արեւն է շողում, եւ որ Հայաստանն իր սփյուռքի կարիքն ունի՝ առավել բարգավաճելու համար։ «Birthright Armenia»-ի նպատակն է ամրապնդել Հայաստանի եւ սփյուռքի միջեւ կապը, տարբեր ոլորտներից համագործակցողներ կան։
Անահիտ Բ-ն
- Ի՞նչ կուզենայիք ասել մեր հայրենակիցներին։
- Շատ երջանիկ եմ, որ կարողանում եմ պարբերաբար Հայաստան գալ, կարծում եմ՝ պետք է հայաստանցիների եւ սփյուռքահայերի միջեւ կապն ավելի ամրապնդվի, պետք է սովորենք ձեռք ձեռքի տալ եւ միասին առաջ գնալ։ Ուրախ եմ, որ Ֆրանսիայում ձեռք բերածս փորձառությունն այսքան լավ ընդունվեց Հայաստանում։ Ուրախ եմ նաեւ, որ որպես ֆրանսահայուհի՝ կարողացա իմ կողմից մի քայլ անել իմ երգով, պատրաստ եմ համերգներ տալ այստեղ, հանդիպել տարբեր արտիստների հետ, ինչո՞ւ ոչ, գուցե որպես սփյուռքահայ երգչուհի հանդես գալ Եվրատեսիլում։ Կուզեի, որ մարդիկ կարողանան ինձ ճանաչել, թե սոցիալական կայքերի միջոցով, թե՝ ֆիզիկապես, երջանիկ կլինեմ նոր ծանոթություններ ունենալ, կսպասեմ մարդկանց նամակներին, չէ՞ որ նույն լեզվով ենք խոսում, ունենք նույն սերը մեր հայրենիքի հանդեպ։
Զրուցեց Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանը/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/
Լուսանկարները՝ Շաքե Հովհաննիսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: