×


Դոն Կիխոտ դարձած Մկոն եւ «Մի անգամ դպրոցում» ֆիլմի պրեմիերայի հյուրերը

Ներկայիս համացանցային իրականությունում երեխաներն ու պատանիներն իրենց  համար անօգտակար զբաղմունք եւ տեղեկություն են գտնում՝ օրեցօր մեկ քայլ հետ դնելով գրքերից, պատմական եւ գեղարվեստական հերոսներից: Գրքով եւ գիտելիքով զինվելու, իրական եւ արժանի հերոսներին տեսնելու եւ գնահատելու գաղափարին է միտված ռեժիսոր Հարություն Խալաֆյանի նոր՝ «Մի անգամ դպրոցում» մանկապատանեկան, արկածային կատակերգությունը, որի պրեմիերային ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը:

Կրթադաստիարակչական այս ֆիլմի միտքը պրոդյուսերներ Տիգրան Համբարձումյանինն ու Վահան Գրիշկյանինն է: Ֆիլմում իրադարձությունների կենտրոնում 16-ամյա դպրոցական տղա է, ով աչքի չի ընկնում սովորելով, բայց,  որոշակի իրավիճակով պայմանավորված, որոշում է կարդալ «Դոն Կիխոտը» եւ այն գողանում է գրադարանավարի տնից: Գիրքը, պարզվում է, սովորական չէ, այլ՝ խոսող. Դոն Կիխոտը սկսում է ուղեկցել տղային իր խորհուրդներով: Խորհրդավոր եւ մի քիչ կատակասեր Դոն Կիխոտի դերում Մկրտիչ Արզումանյանն է:


«Այս կերպարի հանդեպ հետաքրքրություն ունեի վաղուց, եւ այս դերը շատ կարեւոր եւ սիրելի է ինձ համար: Հույս ունեմ, որ միայն այս ֆիլմով չի եզրափակվի իմ սիրելի այս կերպարով հանդես գալը. կունենամ հնարավորություն մարմնավորելու Դոն Կիխոտին թատերական կամ այլ նախագծում։ Շատ հրաշալի կերպար է, քանի որ ունի շարժիչ ուժ, որն իր միտքն ու ուղեղն է: Երեխաների համար շատ-շատ բան կա սովորելու: Ֆիլմին զուգահեռ անցկացվեց «Իսկական հերոսը» շարադրությունների մրցույթը դպրոցականների շրջանում, որտեղ նաեւ ես էի ժյուրիի անդամ: Պետք է կարեւորեմ, որ հրաշալի աշխատանքներ կարդացինք, որոնք հուզիչ էին, հետաքրքիր ու լավ միտք ունեին, իսկ հաղթողները դարձան իրենց դպրոցի հերոսը: Երեխաների հետ հանդիպման ժամանակ ես միշտ խոսում եմ գրքերից եւ նշում եմ, որ կարդալը մարդու ձեւավորման համար շատ անհրաժեշտ է:Առանց կարդալու եւ ուսումնասիրելու ոչնչի չես կարող հասնել՝ անկախ տարիքից»,-ասաց Մկրտիչ Արզումանյանը՝ հավելելով, որ ֆիլմը նաեւ ընկերության մասին է:

Ֆիլմում խաղում են նաեւ Մկրտիչ Արզումանյանի որդին՝ Ալեքսանդրը, Արփի Գաբրիելյանը, Ռաֆայել Երանոսյանը, Գրիգոր Դանիելյանը, Վահագն Գալստյանը, Արա Սարգսյանը, Նաիրա Շահիրյանը, Սամվել Թոփալյանը, Ստեփան Հովհաննիսյանը, Դալիթան, Արթուր Բեգջանյանը, Սերժ Առաքելյանը, Անուշ Համբարձումյանը եւ այլք:

Գրիգոր Դանիելյանը՝ կնոջ եւ որդու հետ


Գիրք կարդալու եւ սովորելու հիմնական գծին զուգահեռ նաեւ մեկ գաղափարի շուրջ համախմբվելու եւ գիտելիքի ուժով արդարության հասնելու գաղափարն է դրված: Դպրոցը, որտեղ սովորում է գլխավոր հերոսը, ինչ-ինչ պատճառով պետք է փակվի, եւ միակ լուծումը կրթական հաղորդման մասնակցել ու հաղթելն է: Արդյո՞ք բարձր առաջադիմությամբ աչքի չընկնող աշակերտները կկարողանան կարճ ժամանակում անել դա: Նրանք ստիպված են ծանոթանալ մինչ այդ իրենց մեջ վախ առաջացնող կերպարի՝ գրադարանավարի հետ, ում բոլորը խենթ են համարում: Եվ հենց այս «խենթն» է երեխաների համար բացահայտում հետեւյալ միտքը.

«Մենք հրաշքներ փնտրում ենք մեզնից դուրս, մինչդեռ դրանք մեր մեջ են թաքնված, գրքերը խոսում են նրանց հետ, ովքեր ուզում են կարդալ»:

Մկրտիչ Արզումանյանը եւ Նաիրա Շահիրյանը


Դժվար իրավիճակում հայտնված դպրոցի տնօրենի դերում Նաիրա Շահիրյանն է, ով նշեց, որ ֆիլմի նկարահանման առաջարկը սիրով է ընդունել:

«Ուրախ եմ, որ վերջապես մեր պատանիների, երիտասարդների համար եւ նրանց մասնակցությամբ այսպիսի ֆիլմ է նկարահանվել: Ես նաեւ ուրախ էի, երբ իմացա, թե ինչպիսի թիմի հետ եմ աշխատելու. բոլորի հետ տարբեր նախագծերի շրջանակում ծանոթացել էի: Կարծում եմ, որ մենք պարտավոր ենք հետագայում էլ ունենալ  նմանատիպ ֆիլմեր»,-նշեց դերասանուհին:

Անսովոր սցենարային զարգացումների հեղինակը Նարեկ Ավագյանն է, ում վստահված է նաեւ քիմիայի ուսուցչի կերպարը։ Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Հրանտ Մարինոսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW