×


«Որոգայթ. նոր սկիզբ» քրեական դրաման ցույց կտա հանցավոր աշխարհի կործանարար հետեւանքները

«Որոգայթը» վերադառնում է «Որոգայթ. նոր սկիզբ» 24 մասից բաղկացած քրեական դրամայով։ Հեղինակների ներկայացմամբ՝ այն պարզապես նախորդ պատմության շարունակությունը չէ, այլ ինքնուրույն նախագիծ, որում քրեական սյուժեն միահյուսվում է ընտանեկան կոնֆլիկտների, հոգեբանական լարվածության եւ սիրային պատմությունների հետ։


Պատմության կենտրոնում Հովոն է, որի անցյալից վերադառնում է խորհրդավոր ու անողոք թշնամի։ Նրա հայտնվելը փոխում է ոչ միայն Հովոյի, այլեւ նրա շրջապատի կյանքը։ 

«Սերիաներից յուրաքանչյուրը կառուցված է որպես առանձին գլուխ՝ նոր բացահայտումներով, անսպասելի շրջադարձերով եւ աստիճանաբար աճող լարվածությամբ։ Յուրաքանչյուր կերպար կանգնելու է ճակատագրական ընտրության առաջ, որտեղ մեկ սխալ որոշումը կարող է փոխել ոչ միայն իր, այլեւ ամբողջ շրջապատի ճակատագիրը»,- նշված է հաղորդագրությունում: 


Նոր սեզոնում հանդես են գալիս Հարություն Մովսիսյանը, Արմեն Սողոյանը, Սարգիս Գրիգորյանը, Խորեն Լեւոնյանը, Դավիթ Աղաջանյանը, Միկա Ղափլանյանը, Ելենա Բորիսենկոն, Արամ Հովհաննիսյանը, Արման Ղազարյանը, Բորիս Մելքոնյանը, Էլեն Գեւորգյանը, Մարիամ Ալեքսանյանը եւ Լիկա Մեսրոպյանը։


«Հերոսների ճակատագրերի միջոցով պատմությունը բացահայտում է հանցավոր ճանապարհի կործանարար ընթացքը․ ուժի եւ վերահսկողության խոստումը վերածվում է մշտական վախի, կորուստների ու միայնության։ Այդ ճանապարհին յուրաքանչյուր թվացյալ հաղթանակ կարող է մարդուն մեկ քայլով հեռացնել հենց այն ամենից, ինչն ի սկզբանե փորձում էր պաշտպանել»,- ասում են հեղինակները:

Shant Production-ի նախագծի ստեղծագործական թիմում են սցենարի հեղինակ Հարություն Ղուկասյանը, ռեժիսոր Մհեր Խաչատրյանը, պրոդյուսեր Ռոման Մուշեղյանը, բեմադրող օպերատոր Վազգեն Մանուկյանը, բեմադրող նկարիչ Արթուր Սարյանը եւ կոմպոզիտոր Արման Ալբերտը։

Լուսանկարները՝ Shant Production-ի

Կարդալ ավելին

Quality Sign BW