Մի քանի շաբաթ է` մեկնարկել է «Օջախի երգը» հեռուստասերիալը: Աշխենին մարմնավորող Արմինե Ալեքսանյանի համար սա հեռուստատեսային առաջին փորձն է: Տիկնիկային թատրոնի դերասանուհու հետ BRAVO.am-ը խոսել է մասնագիտական կրթությունից, թատրոնից, քասթինգներին չվստահելու եւ սերիալում հայտնվելու մասին:
Սիրահարվել է
Ավարտել եմ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը՝ Ռուբեն Բաբայանի արվեստանոցը: 8 տարեկանից հաճախել եմ «Մետրո» թատրոն-ստուդիան եւ այնտեղ էլ սիրահարվել եմ թատրոնին, կայացրել դերասանուհի դառնալու որոշումս:
Արմինե Ալեքսանյանը
Այժմ աշխատում եմ Տիկնիկային թատրոնում: Ուսանողական տարիներից զբաղված էի թատրոնի ամանորյա ներկայացումներում: Ինստիտուտն ավարտելուց հետո արդեն ներգրավվեցի խաղացանկային ներկայացումներում:
Վերջերս Չեխովի «Երեք քույրը» ներկայացման պրեմիերան էր, որում իմ առաջին մեծ եւ լուրջ դերով եմ ներկայանում: Այժմ նոր ներկայացում ենք պատրաստվում հանձնել հանդիսատեսին:
Վստահում է
Սերիալներում նկարահանվելու առաջարկներ եղել են մի քանի անգամ, բայց հրաժարվել եմ, քանի որ սովորում էի: Ավարտելուց հետո իմացա, որ Ելենա Արշակյանը քասթինգ է հայտարարել, որոշեցի փորձել ուժերս: Միշտ խուսափել եմ նկարահանվել սերիալներում, իսկ քասթինգի էլ միշտ կասկածով եւ թերահավատորեն եմ գնացել: Երբ զրուցեցի Ելենայի հետ, հասկացա, որ վախերս անիմաստ էին, քանի որ բավական պրոֆեսիոնալ մոտեցում են ցուցաբերում: Հասկացա՝ լիովին կարող եմ վստահել իրեն: Սովորելու շատ բան ունեմ:
Արմինե Ալեքսանյանը
Առաջին օրերի լարվածությունը
Մարմնավորում եմ ընտանիքի փոքր դստերը՝ Աշխենին: Աղջիկ, ով մեծացել է սիրո եւ ջերմության մեջ, վայելում է եղբայրների անսահման սերը, սիրահարված է իր ուսուցչին: Հանկարծ իր ընտանիքում դժբախտություն է պատահում. մահանում է եղբոր երեխան, եւ մեկ օրում իր անհոգ կյանքը փոխվում է:
Ունեմ խաղարկային բարդ տեսարաններ, եւ քանի որ առաջին դերս է սերիալում, շատ մտավախություններ ունեի: Նկարահանման առաջին օրերին շատ լարված էի, բայց սերիալի ստեղծագործական ամբողջ խումբը հոգատար եւ սիրալիր է: Բոլորը նպաստեցին, որ շուտ ընտելանամ եւ դուրս գամ լարված վիճակից:
Կերպարի, իմ խաղի մասին արձագանքները դեռ դրական են, բայց գիտեմ, որ աշխատելու շատ բան ունեմ: Ինձ համար կապ չունի՝ դրական, թե՞ բացասական կերպար եմ մարմնավորում: Կարեւորը՝ կերպարը հետաքրքիր լինի եւ բնավորություն ունենա: Անսահման սիրում եմ մասնագիտությունս: Գերագույն հաճույք եմ ստանում բեմ բարձրանալիս, ինչպես նաեւ նկարահանվելիս:
Արմինե Ալեքսանյանը
Տարբեր են
Թատրոնը եւ հեռուստատեսությունը շատ տարբեր են: Դերասանը կարող է թատրոնում հաջողություններ ունենալ, բայց կինոյում՝ ոչ: Հնարավոր է եւ հակառակը: Կարծես թե նույն դերասանի մասնագիտությունն է, բայց դերի, կերպարի վրա կատարվող աշխատանքը, խաղաոճը շատ տարբեր են: Ինձ համար մի փոքր բարդ է զբաղվածության առումով, բայց փորձում եմ համատեղել թատրոնն ու հեռուստատեսությունը:
Կյանքում շատ ակտիվ եմ: Սիրում եմ ազատ ժամանակս անցկացնել ընկերներիս հետ, մարզվել, զբաղվել բեմական շարժմամբ, երբեմն ազատ ժամանակ նվագում եմ: Որոշ չափով տիրապետում եմ ուկուլելե գործիքին:
Առաջիկայում
Պլաններ փորձում եմ չկազմել: Այն, ինչ պետք է անել, ուղղակի գլուխը կախ աշխատելն է, որի արդյունքը կերեւա ապագայում:
Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Արմինե Ալեքսանյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: