×


«Ազատությունը քո արածից պոկվել, առաջ գնալն է». Զավեն Խաչիկյան

Զավեն Խաչիկյանը լուսանկարիչ է, վավերագրող: Ընդամենը մեկ կադր, եւ մենք, որպես դիտող, կարող ենք բացահայտել մարդուն, նրա ապրումներն ու սպասումնները:

- Պարո՛ն Խաչիկյան, նախ փորձենք հասկանալ` ինչու էիք դեմ զրույցին. մեդիայի՞ց եք խուսափում, թե՞ ներկա շրջանում հարցազրույցը տեղին չեք համարում։

- Գիտեք, պատերազմ, հետպատերազմյան շրջան, հայրենիք, որի առաջ այսօր կան ծառացած բազում խնդիրներ, ուստի թվում է, որ շարքային մի լուսանկարչի հետ հարցազրույցն ընդամենն աղմուկ է ավելացնելու:

- Ինչեւէ, շնորհակալ ենք, որ ի վերջո համաձայնեցիք։ Սկսենք մեր զրույցը։ Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում ուսանելուց հետո ընդունվեցիք ասպիրանտուրա, որից հետո հնարավորություն ունեցաք աշխատելու ՀՀ ԳԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում, բայց այսօր լուսանկարիչ եք, ինչո՞ւ եւ ինչպե՞ս:

- Օժտված եմ շատ լավ ինտուիցիայով եւ, ինչպես կասեր Աղասի Այվազյանը, ներգոյի ազնվության մի մակարդակ կա, որի հետ եմ ավելի շատ հաշվի նստում։ Այդ ժամանակ, նկատի ունեմ լճացման տարիները, հասկացա, որ այնպես, ինչպես մենք ենք զբաղվում գիտությամբ, պարզապես չի կարելի, իսկ թե որքանով էի ճիշտ, պատասխանն այսօրվա մեր երկրի գիտության վիճակն է։ Այո, գրեթե գերազանցությամբ ավարտել եմ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը, այնուհետեւ ընդունվել ասպիրանտուրա, սակայն ընդամենը մեկ տարի անց ասացի ինքս ինձ՝ ֆիզիկան սիրելը մի բան է, օգտակար գործ անելը՝ մի այլ բան: Կիսատ-պռատ թեկնածուականներ, կիսատ-պռատ սարքավորումներ. մենք արդեն դարձել էինք գիտության սպառողներ, բայց ոչ՝ գիտություն արարողներ: Սա լճացման տարիներին սկիզբ առած կեղծիքն էր, որ ժառանգեցինք ու մինչ այսօր ինքնախաբեությամբ զմայլված՝ հասանք «Շուշին դժգույն քաղաք է»-ին: Թողնելով ընտրածս ոլորտը՝ ստիպված եղա փոխել մասնագիտությունս, ինչն այդ շրջանում շատ դժվար էր. ընտրեցի անհայտության ուղին, փորձեցի գնալ դեպի կինո, սակայն հայտնվեցի մամուլում, սկսեցի լուսանկարել մեկ-երկու ամսագրերի համար, թեպետ մինչ օրս ինձ ֆոտոլրագրող չեմ համարում։

Զավեն Խաչիկյանը


- Ձեր սիրելի ժանրերից մեկը դիմանկարայինն է, ինչպե՞ս եք ընտրում «հերոսներին»։

- Նախընտրելի ժանր չունեմ. եթե նույնիսկ մարդը չի տեսադաշտումս, միեւնույն է՝ մարդ եմ լուսանկարում: Արվեստի նպատակը մարդն է: Երբ լուսանկարվողն է ընտրում լուսանկարչին՝ դա կոմերցիոն լուսանկարն է, երբ լուսանկարիչն է ընտրում գոյականը՝ դա ստեղծագործության սկիզբն է: Այս ժանրում գործել՝ նշանակում է մոտենալ թատերական երկխոսության ժանրին, մի քիչ էլ առաջ գնալ ու հասնել ծիսական ակունքներին, որտեղ հնարավոր կլինի բացահայտումներ անել։ Տեսեք՝ կարեւոր չէ լուսանկարում եմ Մոնթեին, թե՝ Հրանտ Մաթեւոսայնին, էականը բացահայտվում է այն պահին, երբ Մաթեւոսյանին պատահաբար լուսանկարելու առիթը կերպափոխում եմ մարդու հետ զրուցելու փաստի, հետո այդ փաստի ծիսական բովանդակությունը բացահայտվում է. այն առկա է միշտ: Սա ներքին զրույց է, որը կամ կայանում է, կամ՝ ոչ: Ես քիչ եմ լուսանկարում, քանի որ պետք է պատրաստ լինեմ այդ արարումներին, պետք է հանդիպեմ այն անձին կամ բնության այն հատվածին, որն ինձ տանում է դեպի նախաարվեստը: Իրականում ինքս եմ գնում դեպի նա:

Լուսանկարը՝ Զավեն Խաչիկյանի Քույրերը՝ Սյունիքից


- Ձեր լուսանկարների «հերոսների» աչքերում հնարավոր է տեսնել, թե ինչպես են նայում ապագային, ինչ հոգեվիճակում են եւ այլն: Դուք այդ ամենը նկատելո՞վ եք լուսանակարում, թե՞ պարզապես պատահական է ստացվում, կամ գուցե երկխոսության մասին է խոսքը, որի մասին քիչ առաջ նշեցիք։

- Իրականում, սա դիտորդի շնորհիվ է, երբ նրա կայացող անձը կարողանում է ինչ-որ բաներ փնտրել, գտնել։ Երբ լուսանկարահանման գործի մեջ եմ, ապա այդ լռության պահին ինչ-որ հարաբերություններ եմ հայտնաբերում բնության մի կտորում, մարդը ժեստի լեզվով ինչ-որ թրթիռներ է փոխանցում, ես էլ փորձում եմ չխանգարել, որ տիեզերականը հոսելով գա, անցնելով ապակու հրաշքի միջով՝ գրանցվի իմ տեսախցիկի հիշապահոցում։ Լուսանկարելը պահի մեջ արարվող տիեզերական երեւույթի մի մասն է, իսկ պատահականն ու օրինաչափը, հարմոնիան կամ դիսոնանսը հեղինակի, տվյալ դեպքում՝ լուսանկարչի սուբյեկտիվ ընկալումն է, մնում է կարողանալ տարողունակ ներկայացնել երեւույթը՝ հատվածաբար, բայց ամբողջի ընդգրկումով, անսպասելի ու հազար անգամ կայացած, իսկ հանդիսատեսից պահանջվում է, որ նա էլ հասու լինի աշխարհի բանին, ու իր փնտրածը հայտնաբերի հենց այդ լուսանկարում: Հանդիսատեսը հարաբերություններ է բացահայտում: Երբ մի պարզունակ լուսանկար ենք տեսնում, ասում ենք` սիրողական է, երբ ասելիքը հարաբերությունների խորքում է, ես այն համարում եմ հաջողված. այստեղ հնարավոր է, որ արվեստայինը կա, եւ այլն:

Լուսանկարը՝ Զավեն Խաչիկյանի, Ստեփանակերտ, 1992թ.


- Թերթելով Ձեր լուսանկարները՝ դժվար է պատկերացնել, որ լուսանկարիչը հենց այդ պահին, հենց այդ վայրում կարող էր լինել, օրինակ՝ փոքրիկ տղան, ով հակագազով է, կամ երեխաները, որոնք արեւի ներքո շատ համաչափ դասավորվածությամբ չորանում են։ Դուք ինչ-որ դրվագներ «դասավորո՞ւմ» եք՝ այդ կադրերը ստանալու համար։

- Ասածս հենց այն է, որ լինել լուսանկարիչ՝ նշանակում է այդ փոքրիկ իրադարձություններին ներկա լինել, դառնալ մասնակիցը, մասը։ Այստեղ կարեւորն այն չէ, թե դու մատով կպել ես այդ իրողությանը, ժպտացել ես մեկին, կամ թե քեզ նկատել են. միեւնույն է՝ դու ներկա ես: Կարեւորը, իհարկե, այդ պահին արարվող բանի գոյության ու չգոյի եզրին հայտնվելն է: Ամեն իրավիճակ չէ, որ պետք է լուսանկարել. այնտեղ կարող է բացակայել ասելիքը: Ուզում ես նախադասություն գրել, ստորոգյալը կա, իսկ դու մոռացել ես գոյականի փաստը: Ուրեմն, մի շտապիր ձեռքդ գցել տեսախցիկիդ. վայելիր:

Լուսանկարը՝ Զավեն Խաչիկյանի, Երեւան, 1986թ.


- 30 տարիների ընթացքում ընդամենը 7 ամիս գրանցված աշխատանք: Ինչո՞ւ ընտրեցիք աշխատանքի արտահաստիքային տարբերակը։

- Ճիշտն ասած՝ հստակ աշխատանքի առաջարկ չեմ էլ ստացել: Ուրախ եմ, որ լուսանկարչական գործունեությունս առնչվել է բոլոր ժանրերին՝ ֆոտոլրագրություն, կոմերցիոն լուսանկարչություն, դիմանկար, ազատ արվեստ, կիրառական լուսանկարչություն: Կարող եմ ասել, որ լուսանկարչության կոմերցիոն հատվածի հիմնադիրներից եմ, քանի որ տարիներ առաջ, երբ սկսեցի զբաղվել դրանով, ոչ համապատասխան շուկա կար, հետեւաբար, ոչ էլ՝ խնդիրներ։ Ցավոք, տարիների ընթացքում Հայաստանում ինդուստրիաները չզարգացան, լուսանկարչության այդ ժանրն էլ թերի մնաց՝ էլ չզարգացավ։ Ուրախ եմ, որ արածս որոշ աշխատանքներ խթանել են բիզնեսը, այդ ամենն արվել է «ֆրիլանս» տարբերակով։

Զավեն Խաչիկյանը


- Լուսանկարչությունն ամբողջ աշխարհում առաջ է գնում, եւ այս ոլորտին մեծ տեղ է տրվում։ Հայաստանում լուսանկարչությունը, որպես առանձին ոլորտ եւ ուղղություն, չի դիտարկվում, ասես այն պարզապես զբաղմունք լինի։ Հայաստանում կա՞ լուսանկարչություն, թե՝ ոչ։

- Փաստենք՝ թեեւ խայտաբղետ, բայց այն ներկա է Հայաստանում։ Ես տեսնում եմ օժտված լուսանկարիչներին: Վավերագրության ժանրում, որն ինձ է հետաքրքրում, ավելի քիչ է երկխոսությունը, իսկ կոմերցիոն եւ հարսանեկանում ասեղ գցելու տեղ չկա։ Լուսանկարչության լիարժեք ներկայության համար այն պետք է կրթական համակարգի մեջ ներառվի, համակարգվի, շատերը կկարողանան ասել, որ ոչ թե «ձեռքի հետ սելեբրիթիների են չըխկացնում», այլեւ մասնագիտությամբ լուսանկարիչ են։

Լուսանկարը՝ Զավեն Խաչիկյանի, «Հոսող ջուր» գիրք


- Չեմ կարող չանդրադառնալ Ձեր ալբոմներին՝ «Սեւ, սպիտակ, եռագույն» եւ «Հոսող ջուր»։ Դրանք, իհարկե, տարբեր են, սակայն նաեւ Ձեր աշխատանքի «ազատությունն» է երեւում հատկապես «Հոսող ջուր» ալբոմում:

- «Սեւ, սպիտակ, եռագույն» գրքի ինքնախոստովանանքի մի էջում նշում եմ, որ ստիպված էի հավաքել լուսանկարներս, որպեսզի ամփոփեմ, ի մի բերեմ արածս, հասկանամ, թե ով եմ ես, քանի որ ինքս էլ չգիտեի՝ ինչքան եմ արել եւ ինչ եմ արել։ Այո, ընկերներս գիտեին, որ մի քանի լավ ֆոտոներ ունեմ, բայց իրենք էլ պատկերացում չունեին, թե որն է արածիս խորհուրդը։ Ոչ մի վերամբարձ խնդիր չէի դրել, պարզապես փորձեցի հավաքել աշխատանքներս, մի սահմանագիծ քաշել 30 տարվա արվածի կտրվածքով, հետեւաբար, պատասխանատվության զգացում ունեի այս երկրի եւ ամենի հանդեպ, ինչը շրջապատել է ինձ տվյալ ժամանակահատվածում: Մեկտեղելով լուսանկարները գրքի մեջ՝ պարզվեց, որ որոշ լուսանկարներ մեր երկրի համար շատ խորհրդանշական են: Ես ազատ չէի: Ազատությունն ինքդ քո արածից պոկվել, առաջ գնալն է, ոչ թե այն, որ որոշել ես «փախած» լինել: Հաջորդ` «Հոսող ջուր» գրքում շարժվեցի այդ ազատությանն ընդառաջ, կարծես թե որոշ լուսանկարներում վայելեցի այն: Հիմա բեռս ավելի շատացավ, ու նորից ազատ չեմ, որովհետեւ ընդամենը մի ուրիշ ազատություն փնտրելու ճանապարհին եմ, որքան էլ կողքիններն ասում են՝ «փախած» բաներ ունես:

Լուսանկարը՝ Զավեն Խաչիկյանի, «Սեւ, սպիտակ, եռագույն» գիրք


Առաջին ալբոմիս հերոսը մարդն էր, իրադարձությունների, դեպքերի, պատմության արանքում էի, այս անգամ զրույցիս նյութն ավելի մաքուր, արվեստային, փիլիսոփայական, էսթետիկական հասկացություններ էին, երկրի բնությունը։ Արդյունքում՝ ստացա մի գիրք, որի վերնագիրը պայմանականորեն եւ ոչ պայմանականորեն, ենթագիտակցորեն կամ պարզապես ինտուտիվ դրեցի «Հոսող ջուր», հիմա չեմ դժգոհում արդյունքից։ Հայաստանում գրքի կոմերցիոն հաջողությունից դժվար է խոսել, որովհետեւ այս երկիրը գրքի երկիր չէ. դրանով գումար չես վաստակի:

Զավեն Խաչիկյանը


- Պարո՛ն Խաչիկյան, առաջարկում եմ զրույցն ավարտել փոքրիկ հարցադրումով. ինչո՞ւ եւ ե՞րբ լուսանկարել։

- Ես հարցն ուրիշ կերպ ձեւակերպեմ՝ ինչու չլուսանկարել։ Կարելի է այն ե՛ւ հարցականով կարդալ, ե՛ւ հրամայականով։ Եթե կարող ես չգրել, ուրեմն՝ մի գրիր, եթե գրող ես, եթե դերասան ես ու կարող ես չխաղալ, ուրեմն՝ մի խաղա, էլի, եթե կարող ես չլուսանկարել, ուրեմն՝ մի «չըխկացրու», պարզապես տես, թե այն երեք երեխաներն ինչ հրաշալի են խաղում, այն երկու մարդն ինչպես են ժեստերով զրուցում, իսկ այն մյուսն էլ ինչ անկրկնելի է քայլում:

Զրուցեց Մարիամ Հովունի/ Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/ Bravo.am/ եւ Զավեն Խաչիկյանի
Լուսանկարահանումն իրականացվել է «Եռանկյունի»-ում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին