Թումո Երեւանը երեկ հյուրընկալել է աշխարհահռչակ Hooverphonic խմբի անդամներին՝ Գեյկե Արնաերտին, Ալեքս Կալյեին եւ Ռայմոն Գիրցին։ Խմբի հետ կենտրոն էր այցելել նաեւ Հայաստանում Բելգիայի դեսպան Էրիկ դե Մույնքը:
Հյուրերը շրջայց կատարեցին կենտրոնում՝ ծանոթանալով Թումոյի կրթական մոդելին եւ երաժշտական ոլորտի նորարարական մոտեցմանը, որը, ըստ խմբի անդամների, բացառիկ հարթակ է երիտասարդների ինքնադրսեւորման եւ փորձարարության, ազատության արտահայտման տեսանկյունից։
Այցի հիմնական մասն ուսանողների կազմակերպած համերգն էր․ Թումոյի ուսանողական բենդերը՝ «Ուրու», «Կանգուն» եւ «Զրանգի», ելույթ ունեցան ինչպես իրենց ստեղծագործություններով, այնպես էլ Hooverphonic խմբի «Mad About You», «2 Wicky» հիթերի քավրներով։ Խմբի անդամները հետեւեցին ելույթներին՝ ողջ ընթացքում աջակցելով կատարողներին։
Հանդիպումը շարունակվեց բաց զրույցով, որի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու հյուրերին՝ երաժշտական ուղու, ոգեշնչման աղբյուրների եւ կարիերայի ընտրության մասին։ Ալեքս Կալյեն նշեց, որ երաժշտությամբ զբաղվելը որոշում չէ, այլ «ներսից եկող ձայն»։ Ռայմոն Գիրցը հավելեց, որ ոգեշնչում կարելի է գտնել ամենուր, եթե սովորես նկատել։
Համերգի ընթացքում հնչած դուդուկի կատարումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել խմբի անդամների մեջ։ Այդ պատճառով զրույցի ընթացքում ուսանողներից մեկը նորից նվագեց դուդուկ։ Գեյկե Արնաերտն առանձնացրեց գործիքի հնչողությունը՝ նշելով, որ այն ինքնատիպ ու զգայական է, եւ պատկերացրեց, թե ինչպես կարող է այն հիանալի համադրվել էլեկտրոնային երաժշտության հետ:
Թումոյի թիմը միջոցառումը կազմակերպել էր որպես ստեղծագործական փոխազդեցության հարթակ՝ հնարավորություն տալով ուսանողներին անմիջական զրույց վարելու միջազգային բեմում ճանաչում գտած արտիստների հետ։ Որպես ամփոփում՝ խմբի անդամները նշեցին, որ իրենց հատկապես տպավորել է ուսանողների ինքնատիպությունը եւ այն, թե որքան բազմազան ու համարձակ ձայներ են հնչում նույն կրթական տարածքում:
Լուսանկարները՝ Թումոյի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: